HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում պահպանված 19-րդ դարի կառույցներն անվերահսկողության պատճառով զրկվում են նախկին դիմագծերից

Կումայրի արգելոց-թանգարանի 1000 հա զբաղեցնող տարածքում մինչեւ երկրաշարժը հաշվառված 1600 հուշարձանների ու պատմաճարտարապետական նշանակության շինությունների ցանկը պակասել է: Երկրաշարժի ժամանակ տեղի ունեցած փլուզումները, երկրաշարժի հետևանքով խիստ վթարված շինություններում տեղի ունեցած մասնակի խաթարումները, սեփականաշնորհված եւ տարիներով անխնամ ու լքված շինությունների անմխիթար վիճակը խիստ պակասեցրել են նշված թիվը: Ներկայումս խոսվում է 1100  պահպանված շինության մասին, թեպետ այս թիվն էլ ճշտման կարիք ունի:

Գյումրու պատմական միջուկի պահպանման նպատակով 1980 թ.-ին ստեղծված Կումայրի արգելոց-թանգարանի գործառույթներից մեկն էլ առկա հուշարձանները ձեւախեղումից զերծ պահելն է, որը մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, հատկապես երկրաշարժից հետո, լիարժեք չի իրականացվում: 2014 թ.-ի մայիսին, «Հետք»-ին տված հարցազրույցում, «Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ստեփան Տեր-Մարգարյանը, հայտնել էր, որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով 2000 թ.-ից գործունեությունը դադարեցրած  կազմակերպությունն ընդամենը 9 ամիս առաջ է վերսկսել աշխատանքները եւ զբաղված է պատմաճարտարապետական նշանակության շինությունների հաշվառմամբ ու անձնագրավորմամբ: Անցել է մոտ 4 տարի, իսկ հաշվառման եւ անձնագրավորման գործընթացը դեռ չի ավարտվել: Աշխատանքների դանդաղումը, ինչպես եւ նախկինում, պայմանավորում են թանգարանի անձնակազմի սակավությամբ (3 աշխատակից՝ ներառյալ տնօրենը):

Ներկայում թանգարանում զբաղված են Գյումրու պատմական միջուկում գտնվող շենքերի չափագրումով, որն հետագայում ապահովագրելու է տվյալ շինությունը տարատեսակ, անթույլատրելի ճարտարապետական լուծումներից՝ հատկապես ճակատային հատվածում վերականգնման աշխատանքների ժամանակ: Ցուցումները վերաբերում են շենքերի դռներին, լուսամուտներին, քարի տեսակին, փայտե եւ քարե զարդանախշերին, երկաթակուռ դարպասներին եւ այլն: Խիստ կանոններ են գործում հատկապես 19-րդ դարի կառույցների համար: Այլ հարց է, թե սահմանված կանոնները որքանով են պահպանում այդ շինությունների սեփականատերերը եւ ինչպիսի հետեւողականությամբ են այդ կանոնների խախտումներն արձանագրում թանգարանի աշխատակիցները:

Երեք մասից բաղկացած այս լուսանկարներն ընդգրկում են տարբեր ժամանակահատվածներ, սակայն բոլոր երեքում էլ պատկերված է Աբովյան ճեմափողոցում գտնվող նույն շինության փայտե դրվագազարդ դուռը: Առաջին լուսանկարն արվել է 2015 թ.-ի սեպտեմբերին, 3-րդ լուսանկարը՝ 2016 թ.-ի մարտին, իսկ 2-րդ լուսանկարը՝ 2017թ.-ի հոկտեմբերին: Առաջին եւ 3-րդ լուսանկարներում պարզ երեւացող դրվագազարդ ճաղերը 2-րդ լուսանկարում արդեն բացակայում են: Աբովյան ճեմափողոցը հիմնանորոգվել է 2016 թ.-ի հուլիս-օգոստոս ամիսներին: Նշված կառույցի փայտե դռները լաքապատվել եւ նոր պատուհաններ տեղադրվել են, ենթադրաբար, հենց այդ ժամանակահատվածում: Մեր ունեցած տեղեկություններով՝ սեփականատերն ապրում է Յակուտիայում, իսկ վերականգնողական աշխատանքներն իրականացրել են վերջինիս բարեկամները: Տեղեկությունը տրամադրած անձի հիշելով՝ այդ մարդիկ ապրում են Վահրամաբերդ գյուղում:

2016 թ.-ի մայիսին արված այս լուսանկարում պարզ երեւում է, թե նախկինում պատուհաններին ինչ ապակիներ են եղել, մի հատվածում արդեն չկան ճաղավանդակները, լուսանկարը խոշորացնելիս՝ պարզ երեւում են նաեւ պատուհանների ներքեւի փայտե հատվածի վրա նախշերի մնացորդները, որոնք այսպես կոչված ռեստավրացիայից հետո նույնպես անհետացել են:

Պարզվեց, որ Կումայրի արգելոց-թանգարանում ոչ միայն չէին նկատել, որ անճաշակ կատարված ռեստավրացիայից հետո անհետացել են դրվագազարդ ճաղավանդակները, այլեւ որեւէ մեկի մտքով չէր էլ անցել ստուգել, թե ինչ որակի աշխատանք է կատարվել, եւ արդյո՞ք չի խաթարվել նախկին տեսքը: Արգելոց-թանգարանի տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանը փնտրեց եւ չգտավ նախկինում արված չափագրումների փաստաթղթային արխիվում նշված շինությունը: «Չենք հասցնում բոլոր շինություններին հետեւել, աշխատակիցներ չունենք էդքան՝ հուշարձաններն էլ շատ են»,- խոստովանում է տնօրենը:


Ստեփան Տեր-Մարգարյան

Անցել է 1,5 տարի եւ եղածը պահպանելու կոչված անձինք բացարձակ գաղափար չունեն, թե ուր են անհետացել դրվագազարդ ճաղերը, ինչպես նաեւ հետեւողականություն չեն դրսեւորել սեփականատիրոջ գործողությունների նկատմամբ: Ի դեպ, քաղաքապետարանի շենքից, որտեղ տեղավորված է թանգարանը, մինչեւ Աբովյան ճեմափողոց ընդամենը 5 րոպեի ճանապարհ է, ու դրա համար հարկավոր չէ ոչ մեքենա, ոչ բազմաքանակ աշխատակիցներ, ոչ էլ ֆինանսական միջոցներ:

Եվ մինչ Կումայրի արգելոց-թանգարանում տարիներ շարունակ իներտ վերաբերմունքը պատմական միջուկին արդարացնում են ֆինանսների ու աշխատակիցների սակավությամբ, քիչ-քիչ ձեւախեղվում, անճաշակ փոփոխությունների են ենթարկվում, իսկ ապագայում գուցե իսպառ անհետանան 19-րդ դարի կառույցները: Աբովյան ճեմափողոցի 33 հասցեում գտնվող նշված շինությունում խորհրդային տարիներին տեղավորված է եղել «ավտոմատ ճաշարանը»: Վահան Պետրոսյանի մոտ այդ տարիներից հրաշալի հիշողություններ են պահպանված: Պատմում է, որ խորտկարանն այդպես էին կոչում այնտեղ տեղադրված՝ այդ տարիների համար եզակի ավտոմատ սարքի պատճառով, որ բուտերբրոդ էր մատակարարում:


Վահան Պետրոսյան

«Ժետոնով էր՝ 20 կոպեկանոց կար, 50 կոպեկի էլ կա: Ինչքան կհիշեմ երշիկովը 20 կոպեկ էր, նրբերշիկովն ավելի թանկ էր,- պատմում է Վահան Պետրոսյանը,- արագ սնունդի կետ էր, եթե ժամանկակից լեզվով խոսանք, որովհետեւ բարձր, կլոր սեղաններ էին դրած, որ կանգնած ուտեիր, դուրս գայիր: Երկրորդ հարկում զագսն էր: Առաջին հարկից հետագայում ճաշարանը հանեցին, դարձրեցին ռուսական գրականության գրախանութ, երկրաշարժից հետո դա էլ փակվեց»:

Երկրաշարժից հետո, ներկայիս սեփականատերը գնել է շինությունը, որը պետական կարգավիճակ է ունեցել, սեփականաշնորհել, որոշ վերականգնողական աշխատանքներ իրականացրել ու դռները կողպել: Նրանք, ովքեր շատ լավ գիտեն ճեմափողոցի հատվածը, նկատած կլինեն, որ նախկին ճաշարանի շենքի շարունակությունը կազմող դեղատան պատուհաններն երիզող փայտե հատվածն ու դուռը եւս կրում են նույն զարդանախշերը: Խնդիրն այն է, որ դեղատան հատվածում ամեն ինչ պահպանվել է, իսկ ճաշարանի փայտե զարդանախշերի մի մասը չկա:

«Դրանք էն մութ ու ցուրտ տարիներին մարդիկ պոկեցին, տարան վառեցին,- ասում է Վահան Պետրոսյանը,- պատուհանների վերեւի հատվածին ձեռք չեն տվել: Դե դրա համար պիտի անպայման աստիճաններ բերեին՝ էդ էլ աչք կծակեր: Պարզ է, որ գիշերով են տարել ու փաստն էն է, որ չկան, վերականգնող էլ չկա: Դեղատունը վնաս չի կրել, որովհետեւ տեր կար գլխին, ու ոչ մի րոպե չի դադարել գործելուց, իսկ էս շենքը մենակ գիտենք, որ տեր ունեն, տերերն էլ Հայաստանում չեն՝ անտերության հաշիվ է»:

«Գյումրի-Ալեքպոլ» շրջանի պատմությունը սերունդներին ու զբոսաշրջիկներին ներկայացվում է հենց Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում պահպանված շինությունների միջոցով: Ամեն անգամ վնասելով, ջնջելով, եղածը հանելով ու տեղադրել մոռանալով, ավելորդի անվան տակ եղածի քիչ մասն էլ կորցնելով` շատ շուտով Գյումրին կունենա անհայտ ծագման մի տարածք, որտեղ հնաբնակները կհիշեն, որ մի ժամանակ եղել են 19-րդ դարի կառույցներ, ու այդ տարածքով անցել են 21-րդ դարի վանդալները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter