Երեքշաբթի, 19 հունիսի

Օրենքի խախտումով ուժեղացնում են մամուլի քարտուղարների դիրքերը



Կառավարությունը, խախտելով մի շարք օրենքներ, ձգտում է հասնել մամուլի քարտուղարների ինստիտուտի ուժեղացման՝ ի հաշիվ քաղծառայողների դիրքի թուլացման։

Հունվարի 18-ին գործադիր մարմինը «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին կողմ է քվեարկել, ինչից բխում է, որ պետական գերատեսչական մարմինների մամուլի քարտուղարները պետք է համատեղությամբ ղեկավարեն նաեւ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումները։

Առաջին հայացքից սա ընդամենը հաստիքների կրճատմանն ու խնայողության ուղղված նախագիծ է: Սակայն իրականում քաղծառայության ինստիտուտի ստորադասվում է հայեցողական-քաղաքական պաշտոնին:

Մամուլի խոսնակի պաշտոնը հայեցողական է, նշանակումը կատարվում է գերատեսչության ղեկավարի որոշմամբ, առանց մրցույթի։ Մամուլի քարտուղարը կատարում է իր անմիջական ղեկավարի հանձնարարականները եւ պատասխանատվություն է կրում միայն դրա համար: Իսկ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարը, ինչպես նաեւ ստորաբաժանման աշխատակիցները քաղաքացիական ծառայողներ են եւ աշխատանքի են ընդունվում մրցութային կարգով: Ստացվում է, որ նախարարները ցանկանում են հասնել սեփական կադրերի ու դիրքերի լիազորությունների ուժեղացման։ Եվ հանուն դրա պատրաստ են խախտել որոշ օրենքներ։

Հասարակայնության հետ կապերի բաժիններում աշխատում են քաղծառայության քննություն հանձնած, երկար տարիներ պետական միջոցների հաշվին վերապատաստում անցած մասնագետներ: Իսկ մամուլի քարտուղարի պաշտոնը հայեցողական պաշտոն է, նրանց նշանակում է գերատեսչության ղեկավարը հիմնականում ծանոթ-բարեկամ-հավատարիմ սկզբունքով: Մամուլի քարտուղար հիմնականում նշանակվում է այն անձը, ով մինչ այդ էլ նախարարի հետ աշխատել է այլ կառույցներում, կամ՝ որեւէ այլ պաշտոնավարման ընթացքում եղել նրա մամուլի քարտուղարը: Մի խոսքով, մամուլի քարտուղարները հիմնականում գերատեսչության ղեկավարի հետ գալիս են, նրա հետ էլ գնում:

Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը համակարգում է ողջ գերատեսչության աշխատանքը, իսկ մամուլի քարտուղարը՝ ներկայացնում նախարարի դիրքորոշումը, փոխանցում տեղեկատվություն, որն ուղիղ կապ ունի նախարարի գործունեության հետ, քաղաքական մեկնաբանություններով հանդես գալիս եւ այլն: Մեկը մեկով փոխարինելով՝ վտանգի տակ է դրվում տվյալ մարմնի տեղեկատվական քաղաքականությունը:

Ներկայիս հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման պետերը երկարամյա աշխատողներ են՝ 5-15 եւ ավելի տարիների աշխատանքային փորձով: Նրանք պարբերաբար պարտադիր վերապատրաստում են անցնում պետական բյուջեի միջոցների հաշվին։ Եթե կառավարության հավանած փոփոխությունները լինեն, այդ ներդրումները դառնում են վատնումներ, քանի որ գերատեսչությունների տեղեկատվական քաղաքականությունն իրականացնող մասնագետները համապատասխան ստորաբաժանումը ղեկավարելու իրավունքից զրկվում են, փոխարենը ստորաբաժանում ղեկավարելու են մասնագիտական պատրաստվածություն չունեցող անձինք:

Նախագիծը կառավարության կողմից հավանության է արժանացել առանց հանրային լսումների, քննարկումների։ Նիստի օրակարգում հայտնվել է հենց քննարկման օրը։ Ավելին, որոշ նախարարություններում այն բացասական եզրակացություն է ստացել:

Մշակույթի նախարարությունում տարակուսած են՝ հասարակայնության հետ կապերի բաժինների ղեկավարներն օրենքի ընդունումից հետո համարվելու են քաղաքացիական ծառայողնե՞ր, թե՞ զբաղեցնելու են հայեցողական պաշտոններ:

Մամուլի քարտուղարի կողմից հասարակայնության հետ կապերի բաժինը ղեկավարելու մեջ խնդիր է տեսնում նաեւ Գյուղատնտեսության նախարարությունը: Իսկ Բնապահպանության նախարարության իրավաբանների եզրակացության մեջ հստակ նշվում է, որ այս փոփոխության արդյունքում շահերի բախում է առաջանալու: Գերատեսչությունն առաջարկում է այդ հակասական կետը հանել ընդհանրապես, քանի որ նախարարի մամուլի քարտուղարը հանդիսանում է հայեցողական պաշտոն, որի հիմնական գործառույթներն ուղղված են նախարարի՝ որպես քաղաքական գործչի աշխատանքների լուսաբանմանը եւ զանգվածային լրատվական միջոցների հետ կապված հարաբերությունների կարգավորմանը, իսկ հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման ղեկավարը քաղաքացիական ծառայող է, որն ունի տվյալ մարմնի կանոնադրությամբ սահմանված հստակ գործառույթներ, որոնք ուղղված են տվյալ գործադիր մարմնի աշխատանքների լուսաբանմանը եւ հասարակայնության հետ կապերի կանոնակարգմանը:

«Օրենքի նախագծով առաջարկվող վերոհիշյալ երկու հաստիքների համատեղումը կբերի շահերի բախման: Բացի այդ, հասարակայնության հետ կապերի ստորաբաժանման եւ մամուլի քարտուղարի հաստիքների մեկտեղումն աննախադեպ մեծացնում է այն ստանձնող պաշտոնյայի ծանրաբեռնվածությունը եւ´ ժամանակի, եւ´ աշխատանքների ծավալի առումով, ինչն անխուսափելիորեն կազդի աշխատանքների որակի վրա: Վերոհիշյալ երկու հաստիքները փոխլրացնող են, իսկ դրանք զբաղեցնող պաշտոնյաների համագործակցված աշխատանքը միայն նպաստում է կառույցի առջեւ դրված համապատասխան խնդրի արդյունավետ լուծմանը»,- նշված է բնապահպանության նախարարության եզրակացության մեջ:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունը նույնպես դատապարտել է կառավարության այս նախաձեռնությունը՝ նշելով, որ վերոհիշյալ օրենքների նախագծերը մինչեւ նիստի օրը՝ հունվարի 18-ը, հասանելի չեն եղել հանրությանը եւ միայն օրակարգ մտնելուց հետո են դարձել հասանելի՝ խախտելով ՀՀ օրենսդրության պահանջները: Կազմակերպությունը կառավարությանը եւ վարչապետին կոչ է արել հետ կանչել օրինագծերի փաթեթը ազգային ժողովից եւ ապահովել պատշաճ հանրային քննարկումներ․

«Խիստ մտահոգիչ է առանց նախապես հանրային քննարկման ներկայացնելու՝ նման հապճեպությամբ եւ օրենսդրության պահանջների խախտմամբ իրականացվող իրավաստեղծ գործընթացը՝ անկախ մշակված նախագծերի որակից եւ բովանդակությունից: Առավել եւս անընդունելի է արդյունավետ կառավարման եւ հակակոռուպցիոն քաղաքականությանը վերաբերող օրենսդրական փաթեթը ՀՀ կառավարություն ուղարկելը ոչ թափանցիկ եւ ոչ մասնակցային եղանակով՝ անկախ որեւէ հիմնավորումից եւ հրատապությունից: Այս քայլով, փաստորեն, սահմանափակվում է հանրության՝ վաղ փուլում արդյունավետ մասնակցության եւ որոշումների կայացման վրա ազդեցության հնարավորությունը: Նման մոտեցումը ցույց է տալիս ՀՀ կառավարության անլուրջ վերաբերմունքը օրինաստեղծ գործընթացում եւ կոռուպցիայի դեմ պայքարում հանրության ներգրավման անհրաժեշտության նկատմամբ»:

Կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տրամադրած տեղեկանքի համաձայն՝ կառավարության աշխատակազմի, հանրապետական գործադիր մարմինների եւ դրանց կառավարման ոլորտում գտնվող կառույցների աշխատակազմերում մամուլի քարտուղարների թիվը 30 է: Առավելագույն տարիքը 67 է, նվազագույն տարիքը՝ 26: Եթե այս փոփոխությունն ընդունվի, ապա որոշ մամուլի քարտուղարներ նույնպես հրաժեշտ կտան իրենց պաշտոնին, քանի որ օրենքի նախագծով նախատեսվում է, որ մամուլի քարտուղարի նվազագույն տարիքը պետք է լինի 30։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ