HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Կրկնակի մակնշում՝ պիտանելիության երկու ժամկետով

Այսօր «Հետք»-ի ընթերցողներից մեկը՝ Սիմոնը, մեզ էր դիմել՝ պատմելով, որ Բագրատունյաց 5/3 հասցեում գտնվող «Երևան Սիթի» խանութից գնել է «Սոֆիա» ընկերության «Домашнее молоко» սուֆլե կոնֆետներ, որոնց վրա եղել է պիտանելիության 2 ժամկետ։

Ապրանքը եղել է ակցիայի տակ և վաճառվել է կրկնակի էժան՝ 380 դրամ՝ 790 դրամի փոխարեն։

Կոնֆետ սուֆլեի տուփի վրա բացակայում է հայերեն մակնշումը, ինչն արդեն «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի խախտում է, քանի որ դա պարտադիր է Հայաստանում իրացվող սննդամթերքի համար։

Ապրանքն ունի EAC նշան, սակայն մակնշումը բացառապես ռուսերեն է, ընդ որում՝ բացի տուփի վրայի օրիգինալ մակնշումից, ըստ որի՝ սուֆլեի պահպանման ժամկետը 3 ամիս է, կա նաև փակցված այլ մակնշում՝ տուփի տակի հատվածում, որտեղ պահպանման ժամկետն արդեն նշված է 5 ամիս։

Կպչուն մակնշման վրա նշված է, որ այն պետք է համարել առաջնային («Информацию на стикере считать приоритеной»), իսկ թե ինչ հիմնավորմամբ, հայտնի չէ։

Կոնֆետների արտադրման ժամկետը` 23 հոկտեմբերի 2017թ։

Արտադրողի օրիգինալ մակնշման մեջ գրված 3 ամսի դեպքում՝ ժամկետն արդեն լրացած է եղել հունվարի 23-ին, իսկ ավելացված մակնշմամբ՝ ապրանքը ժամկետի մեջ է մինչև մարտի 23-ը։

Սիմոնը պատմում է, որ ուշադրություն դարձրել է տուփի ներքևի հատվածում ավելի խոշոր տառերով գրված մակնշմանն ու կարծել, որ գնում է պիտանի ապրանք։

«Ակցիա էր, 790 դրամ էր, դառել էր 380 դրամ։ Ես էդ 5 ամիսը նայեցի, հետո միայն տանը տեսա, որ կողքը նշված էր 3 ամիս»,-պատմում է Սիմոնը։

Տուփի 10 հատ կոնֆետից, սակայն, 4-ն արդեն կերել են։ Սիմոնն անհանգստացած է, քանի որ դրանից կերել է նաև իր երեխան։

Նյութը հրապարակելու պահին Սիմոնը տեղեկացրեց մեզ, որ գնացել է «Երևան Սիթի» ցանցի նույն խանութը, դարձյալ ուսումնասիրել ապրանքի տարբեր տուփեր և տեսել, որ այլ տուփերի վրա կպչուն մակնշումը փակցված է եղել հենց օրիգինալ մակնշման վրա։

Նա պատասխանատու վաճառողին տեղեկացրել է այդ մասին, ինչից հետո վերջինիս ուղեկցությամբ գնացել են տնօրենի մոտ։

Խանութի տնօրենը ներողություն է խնդրել Սիմոնից՝ հայտնելով, որ կհավաքեն այդ ապրանքը։

Հ․Գ Հրապարակումից հետ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից մեզ հայտնեցին, որ նշված տեղեկությունը գրանցվել է որպես ահազանգ և ընթացք տրվել։

Եթե դուք բողոքներ ունեք սննդամթերքի որակի, անվտանգության վերաբերյալ կամ նկատել եք սննդամթերքի արտադրման, պահման պայմանների, մակնշման կամ այլ նորմերի խախտում, կարող եք գրել մեր՝ [email protected] էլեկտրոնային հասցեին կամ գրառում թողնել «Հետք»-ի՝ «Անվտանգ սնունդ» ֆեյսբուքյան խմբում:

Լուսանկարները «Հետք»-ին տրամադրել է Սիմոնը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter