HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների մերձավորները վճարի դիմաց ծառայություններ են մատուցում քաղաքապետարանին

Երևանի քաղաքապետարանը Կենտրոն, Արաբկիր, Նոր Նորք, Շենգավիթ, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների աղբահանության վճարումների հաշվառման և ընդունման ծառայությունների ձեռքբերման նպատակով այս տարվա հունվարին պայմանագրեր է կնքել մի շարք ընկերությունների հետ: Քաղաքապետարանին ծառայություններ մատուցողների թվում են Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի որդու և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալի կնոջ ընկերությունները:

Ծառայություն մատուցողները պետք է հաշվառեն աղբահանության վճար վճարողներին, հաշվարկեն աղբահանության վճարը, ինչպես նաև գանձեն համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշվին: Աղբահանության վճարի հաշվարկը կատարվում է ելնելով շենքի կամ շինության գործառնական նշանակությունից: Ընդ որում` բնակելի նշանակության շենքերի կամ շինությունների համար հաշվարկը կատարվում է փաստացի բնակվող անձերի քանակով, իսկ այլ շենքերի կամ շինությունների համար՝ ըստ արտադրվող աղբի ծավալի կամ զանգվածի` Երևան քաղաքի ավագանու կողմից սահմանված դրույքաչափերի սահմաններում:

Դավիթ Օհանյանի որդու՝ Էդմոնդ Օհանյանի «Կանաչապատ Մալաթիա» ՍՊԸ-ն վերը նշված ծառայությունները մատուցելու էր Երևանի Մալաթիա-Սեբիաստիա վարչական շրջանում: Այս ընկերության հետ կնքած պայմանագրի գինը կազմում է 17 մլն 492 հազար դրամ:

Առաջին անգամը չէ, որ «Կանաչապատ Մալաթիա» ՍՊԸ-ն ծառայություններ է մատուցում Երևանի քաղաքապետարանին: «Հետքն» անդրադարձել էր, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը կանաչապատելու համար 2016թ. քաղաքապետի տեղակալի որդու ընկերությունը 202 մլն 500 հազար դրամ արժողության պայմանագիր է կնքել Երևանի քաղաքապետարանի հետ: 202 մլն 500 հազար դրամ է եղել նաև 2015թ. նույն նպատակով կնքած պայմանագրի գինը, իսկ 2014թ.՝ 185 մլն դրամ: 

«Կանաչապատ Մալաթիա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2009 թվականին: 2011թ. հունիսից մինչև այս տարվա փետրվարի 15-ը ընկերության միակ բաժնետերը Էդմոնդ Օհանյանն է եղել:

Նշված ծառայությունների և կնքված պայմանագրերի վերաբերյալ հարցում էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան: Մինչև մեզ պատասխանելը՝ 5 օր առաջ, Էդմոնդ Օհանյանը դուրս է եկել «Կանաչապատ Մալաթիա» ընկերությունից և վերջինիս միակ բաժնետեր է դարձել Տիգրան Չիրոյանը:

Տիգրան Չիրոյանին է պատկանում «Ա.Վ.Ս.», «ԳԵՍՍ», «ԴԻՈՆԵԱ» ՍՊԸ-ները: Նշենք, որ «Ա.Վ.Ս.» ընկերությունը շահագործում էր «Պրոսպեկտ» սրճարանը, որի օտարալեզու ցուցանակի համար 2014թ. ընկերության տնօրեն Տիգրան Չիրոյանը ենթարկվել էր վարչական պատասխանատվության՝ 250 հազար դրամի չափով:

Քաղաքապետարանը նույնաբովանդակ պայմանագիր է կնքել նաև «Պրեստիժ Լենդ» ՍՊԸ-ի հետ: Այս ընկերությունը մոտ 20 մլն դրամ պայմանագրային գնով ծառայություններ է մատուցելու Էրեբունի վարչական շրջանում: 2017թ. հոկտեմբերի 27-ից ընկերության բաժնետերը Արմինե Մխոյանն է: Վերջինս Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Էդգար Մկրտչյանի կինն է:

«Պրեստիժ Լենդ» ՍՊԸ-ն ևս քաղաքապետարանի հետ աշխատելու փորձ ունի: Նրանց միջև ծառայությունների մատուցման տարբեր պայմանագրեր են կնքվել:

Գումարային առումով ամենախոշոր պայմանագիրը կնքվել է «ՍիթիԹայմ» ՍՊԸ-ի հետ՝ 49 մլն 200 հազար դրամ: Վերջինս, ըստ պայմանագրի, ծառայություններ է մատուցելու Երևանի Կենտրոն վարչական շրջանում: Այս ընկերությունը նախկինում էլ քաղաքապետարանի հետ գործարքներ է կնքել: Օրինակ՝ 2014թ. Երևանի քաղաքապետարանը «ՍիթիԹայմ» ՍՊԸ-ի հետ կնքած պայմանագրով 3 զինանշան է գնել՝ յուրաքանչյուրը 310.000 դրամ:

Մեկ այլ դեպքում «ՍիթիԹայմ» ՍՊԸ-ն 4.765.000 դրամի դիմաց «Էրեբունի-Երեւան 2798» տոնակատարության շրջանակներում իրականացրել է մի քանի օրով մայրաքաղաք ժամանած հյուրերի օդանավակայանում դիմավորման, Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում ընդունելության ծառայություններ: Բացի այդ, կազմակերպել է երեկոյան ընթրիք Երևանի որևէ բարձրակարգ ռեստորանում՝ «Ջոսսում» կամ դրան համարժեք այլ համալիրում, այցեր է կազմակերպել Էջմիածին, Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ, Նորավանք, Տաթևի վանք և այլն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ աղբահանության վճարը վճարողների կողմից համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է, որը կարող է կատարվել ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով:

«ՍիթիԹայմ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012թ.: 2015 թվականից ընկերության միակ բաժնետերը Հովակիմ Դավթյանն է: Վերջինս նաև ընկերության տնօրենն է:

«Մաքուր Նոր Նորք» ՍՊԸ-ի հիմնադիրն ու միանձնյա բաժնետերը Գևորգ Ասատրյանն է: Ընկերությունը աղբահանության վճարումների հաշվառման և ընդունման ծառայություններ է մատուցելու Նոր Նորք վարչական շրջանում: Պայմանագրի գինը կազմում է 33 մլն 990 հազար դրամ: Գևորգ Ասատրյանը քաղաքապետ Տարոն Մրգարյանի մտերիմն է: Նա նույնիսկ հանդես է եկել որպես քաղաքապետի ներկայացուցիչ Երևանի Գ. Ադդարյանի անվան հ. 133 հիմնական դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի կազմում:

Երևանի քաղաքապետարանը Շենգավիթ վարչական շրջանում ծառայություններ մատուցելու համար «Մաքուր Շենգավիթ» ՍՊԸ-ի հետ կնքել է 29 մլն 100 հազար դրամ արժեքով պայմանագիր: Ընկերությունը հիմնադրվել է 2014թ:  «Մաքուր Շենգավիթ» ՍՊԸ-ի միակ բաժնետերը Սամվել Գալստյանն է:

Արաբկիր վարչական շրջանում ծառայություններ է մատուցելու «Արաբկիր-Սերվիս», իսկ Աջափնյակում՝ «Աջափնյակ Կանաչապատում» ՓԲԸ-ները:

Նշենք, որ Երևանի ավագանու 19.03.2013թ. թիվ 622-Ն որոշման համաձայն` Երևան քաղաքում աղբահանության վճար վճարողներին հաշվառելու, աղբահանության վճարը հաշվարկելու, ինչպես նաև այդ վճարը համայնքի բյուջե կամ արտաբյուջետային հաշիվ գանձելու լիազորությունները վերապահվել են վարչական շրջանների ղեկավարներին, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին, իսկ Նոր Նորք, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում` գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպությանը:

Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանից, «Սանիթեք» ՍՊԸ-ն Երևան համայնքում իրականացնում է միայն աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման աշխատանքներ, իսկ աղբահանության վճարի հաշվառման և ընդունման ծառայություններ չի իրականացնում:

Լուսանկարում՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter