HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Մենք էլ ենք մարդիկ»

Չորս տարեկան Հովիկը՝ բետոնե հատակին նստած, դանակը թարս բռնած, ալյումինե լարի վրայից մաքրում էր պլաստիկ շերտը: «Ի՞նչ ես անում,-հարցնում եմ: «Ալյումին եմ մաքրում,-պատասխանեց փոքրիկը: «Ի՞նչ պիտի անես,-շարունակում եմ ես: «Հայրս պիտի հանձնի»:

Հովիկն իր եղբոր` հինգ տարեկան Լեւոնի, ութ տարեկան քրոջ` Ալինայի եւ ծնողների հետ ապրում է Երեւանի Արցախի փողոցում գտնվող գեղարվեստի նախկին ուսումնարանի շենքում: 

Շենքի պատերի այս ու այն կողմից ժպտում է Շենգավիթի թաղապետ Մարտին Սարգսյանը. նրա նախընտրական պաստառներն են: Շենքը կիսավեր է, պատերը՝ տեղ-տեղ քանդված: Աննկարագրելի աղքատության ու թշվառության մեջ անըմբռնելի է թաղապետի ժպիտը:

 Ցնցոտիներով, պատառոտված կոշիկներով երեխաները դուրս են թափվում տարբեր կողմից: Ստիպված՝ բոլորին բացատրում ենք, թե ովքեր ենք մենք եւ ինչու ենք լուսանկարում, ձայնագրում, նշումներ անում: Նրանք մտածում են, թե իրենց վտարելու համար ենք եկել: Բացատրելուց հետո սկսում են իրենց պատմությունները, որոնք մեկը մյուսին շատ նման են: Եթե բժիշկ լինեի, իսկ նրանք՝ իմ հիվանդները, ապա բոլորին նույն ախտորոշումը պիտի տայի ու նույն դեղատոմսը: 

Պետությունն այս մարդկանց մասին ոչինչ չգիտի: Նրանք չկան նույնիսկ աղքատության վերաբերյալ տարաբնույթ ուսումնասիրությունների, վերլուծությունների, զեկուցումների եւ ծրագրերի մեջ: Նրանք չկան գործազուրկների ցուցակներում, նրանց երեխաների հիմանական մասը ոչ մի տեղ հաշվառված չէ, նրանց չեն էլ ուզում զորակոչել: Նրանց ավլել-լցրել են «աղբանոցը», որպեսզի հանկարծ որեւէ մեկը չիմանա, որ նման մարդիկ իրենց գոյությունն են քարշ տալիս Հայաստանի մայրաքաղաք Երեւանում: Իսկ այնտեղ հարյուրավոր երխաներ են ապրում: Երեխաներ, որոնք ամեն օր կիսասոված են քնում` երազելով հացի, շաքարավազի, մսի, մրգի մասին: Երեխաները չգիտեն, թե ինչու են հայտնվել այս տարածքում, թեեւ իրենց ծնողների պատմությունները լսել են տասնյակ անգամներ: Նրանք այդպես էլ չեն հասկանում, թե ինչու ինչ-որ տեղեկանքի պատճառով իրենք դպրոց չպիտի գնան, 18-ը լրացած տղաները չեն հասկանում, թե ինչու իրենց չեն ուզում զորակոչել բանակ, անձանգիր տալ: 

Չորսամյա Հովիկի մայրը՝ Պայծառ Հարությունյանը, պատմեց, որ իրենք Տավուշի մարզի Իծաքար գյուղից են: Ամուսնացել են գյուղում, չեն կարողացել ապրել, ամուսնու հորանց տանն էլ տեղ չկար, ստիպված եկել են Երեւան՝ գործ գտնելու: Երեք տարի վարձով են ապրել, հետո իմացել են, որ այստեղ ազատ տեղ կա, եկել, մտել են շենքի առաջին հարկի սենյակներից մեկը, մաքրել են, մի քիչ կարգի բերել ու արդեն մեկ տարի է այստեղ են ապրում: «Հոսանք ենք անցկացրել: Ամուսինս` Արմենը, բանվորություն է անում, ձեռքից ամեն ինչ գալիս է, օրը 1000, 1500 դրամ է աշխատում: Մեծս` Ալինան, ութ տարեկան է, բայց դպրոց չի գնում, տեղեկանք չենք կարողանում վերցնել»,-ասում է Պայծառը: 

Ալինան երազում է դառնալ երգչուհի, տեսել է, թե «ԱԼՄ» հեռուստաընկերությամբ ինչպես են իր տարիքի աղջիկները երգում: 

Մեր զրույցի ընթացոում շենքի դիմաց սկսեցին հավաքվել բնակիչները, հիմնականում կանայք՝ իրենց երեխաներով: Այստեղ շատ են ամուսնալուծվածները, նաեւ՝ կանայք, որոնց ամուսինները մեկնել են արտագնա աշխատանքի ու չեն վերադարձել: 

«Մենք ուզում ենք գրանցում ունենալ, որ մարդ համարվեք, ունենանք քվեարկելու իրավունք, մենք էլ մեր ձայնը ունենանք մեր երկրի համար տալու, մեր միակ պահանջը դա է, որ այս շենքը սեփականաշնորհեն, ու մենք ունենանք գրանցում: Մնացածը մենք կանենք, մենք պետությունից չենք խնդրում փող, օգնություն, մենք բոլորս` էս կանայքով, կաշխատենք»,-ասում է երկու երխաների մայր Անահիտ Խուդոյանը: Նրա տղան չորս ամիս առաջ մեծ դժվարությամբ գնացել է բանակ, անձնագիր չուներ եւ չէր կարողանում ստանալ, գրանցվելու տեղ չկար: Աղջիկը 13 տարեկան է: Անահիտի ամուսինը ութ տարի առաջ մեկնել է Բելգիա ու գնալուց հետո ընտանիքով չի հետաքրքրվել: «Առաջ հարուստների տներն էի մաքրում, ինչ պատահում էր անում էի: Վեց ամիս է աշխատում եմ Կապի նախարարությունում, հավաքարար եմ: Նպաստ չեմ ստանում, որովհետեւ ոչ մեկս էլ գրանցում չունենք, տեղեկանքներ են ուզում, չգիտենք որտեղից պիտի տանենք: Բնակարանը վաճառել ենք փողերի փոխման ժամանակ: Ծախեցինք ռուսական ռուբլով, մի քանի ամիս հետո դրամը մտավ ու ոչինչ չկարողացանք անել: Երկար տարիներ տարբեր տեղեր էինք ապրում` ընկերների, հարազատների մոտ, վարձով: Իմացա, որ այստեղ ազատ տեղ կա, եկանք այստեղ»,-շարունակում է Անահիտը: 

Գեղարվեստի ուսումնարանի կիսափուլ երկու շենքերում տեղավորվել է 45 ընտանիք` 160 մարդ: Երեխաների թիվն անցնում է հարյուրը: 

«Ես Երեւանից եմ: Մի տարվա մեջ հայրս ու մայրս մահացան, մի քիչ պարտքերի տակ ընկա, տունս վաճառեցի: Հիմա երեք երեխա ունեմ: Ամուսինս բանվորություն է անում: Մինչեւ երեխաների ծնվելն աշխատում էի: Երեք երեխաներից երկուսը ծննդական չունեն: Մեկը երեք տարեկան է, մյուսը՝ մեկ: Մեծն ունի, մեկ տարի հետո նրա բանակ գնալու ժամանակն է, սակայն անձնագիր չունի: Ասում են՝ չենք կարող անձնագիր տալ, չգիտենք՝ ի՞նչ ենք անելու: Նա էլ տարբեր տեղեր բանվորություն է անում: Իմ անձնագիրն էլ հին, կարմիր անձնագիրն է»,-պատմում է Աննա Գալստյանը: Հավաքվածներին հարցնում եմ` երբեւէ դիմե՞լ եք որեւէ պետական մարմնի: «Վախենում ենք դիմենք, գան այստեղից հանեն»,-պատասխանում են ուսումնարանի «բնակիչները»: 

Ավագյան Նարինեն երեք երեխա ունի, բոլորի փաստաթղթերը կորցրել է, հիմա չի կարողանում որեւէ տեղից ստանալ, որովհետեւ գրանցում չունեն: Ոչ մի կազմակերպություն չի ուզում վերականգնել այս մարդկանց փաստաթղթերը: 

Առաքելյան Էլյան նույնպես գրանցում չունի. «Երեւանից եմ: Վարձով էի ապրում, փող էլ չունեի, լսելով, որ տեղ կա, եկա այստեղ: Ամուսինս բաժանվել է, նորից է ամուսնացել, երխա ունի: Մեզ չի օգնում: Ունեմ երկու երեխա, աղջիկս` Գայանեն, չորս տարեկան է, տղաս` Ռոբերտը, մեկ տարեկան ութ ամսական: Մամաս, եղբայրս են օգնում: Աղջկաս աչքի ներվը ձգված է , պետք է էդ ներվը թուլացնել: Մի անգամ տարել եմ բժշկի, 8-րդ հիվանդանոցի աչքի գլխավոր բժիշկն էր: Ասաց՝ աչքը պետք է վիրահատենք, իսկ դա արժե 250 դոլար: Ես որտեղի՞ց պետք է տամ էդ փողը, թողի եկա: Ասաց՝ դա է պրոբլեմը, ու էդքան բան: Էլ ուրիշ տեղ չեմ տարել»: Էլյայի երեխաները որեւէ տեղ բժշկական հաշվառման մեջ չեն: 

Բոյաջյան Արմենուհին ապրում է չորս երեխաների հետ: Ամուսին չունի: «Հինգ տարի վարձով եմ ապրել, դիմել եմ շատ տեղեր, վերջը Շենգավիթի թաղապետարանը տեղ է հատկացրել այստեղ: Բայց թուղթ չեն տվել, թաղապետ Մարտին Սարգսյանն ինձ խոստացել է, որ թուղթ կտա: Մեծ տղաս տասնհինգ տարեկան է, փոքրս` յոթ տարեկան: Փոքրին չեմ կարողանում դպրոց տանել. երեք հազար դրամ են ուզել թղթերի համար, չունեմ, որ տամ, ճիշտ է՝ քիչ փող է, բայց չունեմ: Տասնվեց հազար դրամ նպաստ եմ ստանում, ու էդ երեք հազարն ինձ համար մեծ փող է: Եթե մեկ-մեկ բանվորություն անելու բան է լինում, մեծ տղաս անում է, բայց հիմնականում գործ չունի: Երկու ամիս է, որ այստեղ եմ, հոսանք էլ չունեմ»,-իր պատմությունն ավարտում է Արմենուհին: 

«Ոստիկանները գալիս, ասում են՝ էս ի՞նչ հավաքածու է, որտեղից ասես չեք հավաքվել: Վիրավորում են, ասում են` բոմժեր եք: Ասում են` ինչու՞ եք էսքան կեղտոտ: Իսկ մենք օճառի փող էլ չունենք: Ի՞նչ անենք, բոլորս իրար նման ենք, մեկս մյուսին օգնում ենք, իրար հասնում ենք: Մենք այստեղ ապրելով անընդհատ նվաստացած ենք, մեր ինքնասիրությունն անընդհատ վիրավորվում է: Մենք դա հասկանում ենք ու դրա համար իրար օգնում ենք: Մենք լավ մարդիկ ենք, վատը չենք, որ նեղության մեջ ենք, չի նշանակում, թե վատն ենք: Մենք էլ ենք մարդիկ»,- ավելացնում է Անահիտը: 

շարունակելի

Լուս.` Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter