HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վերականգնել է ոլորտի խոշորագույն հարկատուի դիրքը

Հայաստանում գործող հանքարդյունաբերական ընկերություններից 5-ը 2017 թվականին դասվել են հանրապետության 20 խոշորագույն հարկատուների շարքին։ Ընդհանուր առմամբ, հանքարդյունաբերության շուրջ երկու տասնյակ ընկերություններ համարվում են խոշոր հարկատուներ։

Ոլորտի խոշորագույն հարկատուն 2017-ի տարեկան տվյալներով՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն (ԶՊՄԿ)  է։ Տարվա ընթացքում պետական բյուջե է վճարել 18.7 մլրդ դրամի հարկեր ու հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել 5-րդ հորիզոնականը։ Ինչպես վկայում են Պետական եկամուտների կոմիտեի տվյալները, ԶՊՄԿ-ի հարկերը 2016 թվականի համեմատ՝ կրկնապատկվել են։

2017-ի ընթացքում միջազգային շուկայում պղնձի գինը շարունակաբար աճել է, ինչը զգալի օգուտներ է բերել այն երկրներին, որոնց արտահանման կազմում պղինձը էական դեր ունի։ Հայաստանն այդ երկրների շարքում է։ ԶՊՄԿ-ն էլ խոշոր արտահանողներից է։ Հետևաբար, պղնձի միջազգային գնաճը ուղղակի դրական ազդեցություն է ունեցել այս ընկերության հարկերի վրա։ Եվ ոչ միայն ԶՊՄԿ-ի, այլ պղինձ արտահանող այլ ընկերությունների հարկերի վրա։ Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն տարիներ շարունակ (օրինակ՝ 2011-2013թթ.) ոչ միայն հանքարդյունաբերության խոշորագույն հարկատուն է եղել, այլև՝ հանրապետության խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Այդ տարիներին պղնձի միջազգային գները բարձր մակարդակում են եղել, որից հետո նվազել են։ Զուգահեռ նվազել է ԶՊՄԿ-ի հարկերի ծավալը ու ընկերությունը թուլացրել է դիրքերը խոշոր հարկատուների ցանկում։ 2017-ին, ինչպես տեսանք, առաջընթաց է գրանցվել։

Հայաստանից պղնձի արտահանումն աննախադեպ ծավալների է հասել

Հանքարդյունաբերության մյուս խոշոր հարկատուն «Գեոպրոմայնինգ գոլդ»-ն է, որը զբաղվում է ոսկու արդյունահանմամբ ու արտահանմամբ։ Ընկերությունը խոշոր հարկատուների շարքում 6-րդն է՝ 13.4 մլրդ դրամի հարկերով։ 2016-ի համեմատ՝ հարկերն ավելացել են 4 մլրդ դրամով կամ 43.5%-ով։

Հաջորդը Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ընկերությունն է՝ 11-րդ տեղում։ Տարվա ընթացքում վճարել է 11.6 մլրդ դրամի հարկեր։ Ընկերության հարկերը նվազել են 1.8 մլրդ դրամով կամ 13.3%-ով։ Թեև «Թեղուտ»-ը ևս պղինձ արտահանողների շարքում է, և կարելի էր ենթադրել, որ պղնձի գնաճի ազդեցությամբ պետք է ավելացրած լիներ հարկերը, սակայն հակառակն է տեղի ունեցել։ Վերջերս «Թեղուտ» ընկերությունը պաշտոնապես հայտարարեց, որ Թեղուտի պղնձամոլիբդենային կոմբինատում խտանյութերի արտադրության տևական կանգառի պայմաններում ստիպված է գնալ հաստիքների և աշխատողների թվաքանակի կրճատումների։ «Հետք»-ի հարցմանը ընկերությունից պատասխանել են, որ ֆինանսական ծանր վիճակի մեջ լինելու վերաբերյալ լուրերը թողնում են առանց մեկնաբանության։ Այնուամենայնիվ, հարկերի նվազումը ևս կարող է նշանակել, որ ընկերությունում ֆինանսական խնդիրներ կան։ Հիշեցնենք, որ 2016թ. տվյալներով՝ «Թեղուտը» ոլորտի հարկատուների շարքում առաջատարն էր։

Հանքարդյունաբերության խոշոր հարկատուներից չորրորդը «Լիդիան Արմենիա»-ն է։ Ընկերությունը 2017 թվականին պետբյուջե է վճարել 7.8 մլրդ դրամի հարկեր՝ խոշորների ցանկում զբաղեցնելով 16-րդ տեղը։ 2016-ի համեմատ՝ ընկերությունը տասնապատկել է հարկերը։ «Լիդիան Արմենիա»-ն պատրաստվում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքը։ Հանքն այժմ չի շահագործվում։ Խոշոր հարկատուների ցանկի տվյալներից երևում է, որ ընկերության վճարած հարկերի գերակշիռ մասը մաքսային մարմինների կողմից են հավաքագրվել։ Վերևում նշված ընկերությունների հարկերն, օրինակ՝ հիմնականում հավաքագրել են հարկային մարմինները։ «Լիդիան Արմենիա»-ի պարագայում մաքսային մարմինների կողմից հավաքագրված հարկերը մեծ մասամբ անուղղակի հարկերն են, այդ թվում՝ ԱԱՀ։ Սրանից կարելի է ենթադրել, որ ընկերության հարկերը գոյացել են, օրինակ՝ ապրանքների ներկրման արդյունքում։

Հանքարդյունաբերության խոշորագույն հարկատուների հնգյակը 2017 թվականին եզրափակել է Կապանի լեռնահարստացման կոմբինատը (նախկինում՝ «Դանդի փրիշս մեթալս Կապան»): Տարվա ընթացքում վճարել է մոտ 6.5 մլրդ դրամի հարկեր ու խոշորների ցանկում զբաղեցրել 18-րդ տեղը։ 2016-ի համեմատ հարկերի ծավալը կրկնապատկվել է։ Ձեռնարկությունն արտադրում է ոսկու-պղնձի-արծաթի և ցինկի խտանյութեր: Պղինձ արտահանող ընկերությունների շարքում է։

Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների

Հանքարդյունաբերության խոշոր հարկատուների տասնյակում են նաև «Արմենիան Մայնինգ Քոնթրաքթոր»-ը, «Մաքուր երկաթի գործարան»-ը  (որն, ինչպես ԶՊՄԿ-ն, պատկանում է «Քրոնիմետ» ընկերությանը), «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ը, «Արմենիան տիտանիում փրոդաքշն» և «Արմենիան քափըր փրոգրամ»-ը: Վերջինս «Թեղուտ»-ի ու «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ»-ի հետ ներառվում է «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ։ Նրանց վճարած հարկերի ծավալները ներկայացված են ինֆոգրաֆիկայում։

Նշված տասնյակից բացի,  այլ ընկերություններ ևս դասվել են խոշոր հարկատուների շարքին։ Նրանցից յուրաքանչյուրի վճարած հարկերի ծավալը, 2017 թվականի տարեկան տվյալներով, 1 մլրդ դրամի շեմից ցածր է։ Նրանց շարքում են «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ը, «Նորգեո», «Մեղրաձոր Գոլդ» և այլ ընկերություններ։

Հիշեցնենք, որ 2017 թվականին Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել 807.4 մլրդ դրամի հարկեր։ Առաջատարը «Գազպրոմ Արմենիա»-ն է՝ 39.7 մլրդ դրամի հարկերով։

Լուսանկարը՝ president.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter