HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ քաղաքապետարանում լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ

Երեկ՝ փետրվարի 19-ին, Երևանի քաղաքապետարանում խոչընդոտվել է «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+» հեռուստաընկերության թղթակիցներ Ռուզաննա Ստեփանյանի և Սուսաննա Պողոսյանի մասնագիտական գործունեությունը։ Լրագրողները այնտեղ էին ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հրավերով, ով մտադրվել էր նրանց ներկայացնել մի շարք խնդիրներ։ Մասնավորապես այն, որ ավագանու փետրվարի 13-ի նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպից հետո արգելվել է խմբակցության ծառայողական մեքենայի մուտքը քաղաքապետարանի ավտոկայանատեղի։ Զարուհի Փոստանջյանը ներկայացրել է նաև քաղաքապետարանի ծառայողական սենյակներում աշխատանքային ժամին որոշ  անձանց թղթախաղով զբաղվելու փաստը։

Լրագրողների գործունեությանը միջամտել է տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։ Նախ՝ նա թույլ չի տվել Զարուհի Փոստանջյանին քաղաքապետարանի շենքում շարունակել շփվել թղթակիցների հետ, ապա ոստիկանների միջոցով արգելել է լրագրողներին անցնել ավագանու անդամի աշխատասենյակ եւ ստիպել է նրանց լքել շենքը` հղում կատարելով ինչ-որ ներքին կանոնակարգի, որի մասին տեղյակ չեն ոչ ավագանու անդամները, ոչ ԶԼՄ-ների ներկայացուցիչները։

Նույն օրը կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացնել քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու վերաբերյալ առաջարկություն: Սակայն մի շարք հարցեր մնում են առկախ. այդ օրն իրենց գործունեությամբ ի՞նչ կարգ են խախտել «Ազատության» և «Ա1+»-ի նկարահանող խմբերը, մինչև հիմա ի՞նչ առումով կանոնակարգված չէր ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը, և ի՞նչ կարելի է հիմա ակնկալել բացի անհիմն սահմանափակումներից։

Մենք՝ ներքոստորագրյալներս, հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում ենք.

  • քաղաքապետ Տարոն Մարգարյանից՝ խիստ պատասխանատվության ենթարկել քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին՝  կամայականություն ցուցաբերելու և, իր լիազորությունները չարաշահելով, լրատվամիջոցների ներկայացուցիչների գործունեությունը խոչընդոտելու համար,  

  • Երևանի ավագանուց՝ թույլ չտալ այնպիսի կանոնակարգերի ընդունում, որոնք  քաղաքապետարանում լրագրողների և լրատվամիջոցների աշխատանքի անհիմն սահմանափակումներ կնախատեսեն,

  • իրավապահ մարմիններից՝ վերոհիշյալ միջադեպի առնչությամբ  քրեական գործ հարուցել ՀՀ քր. օրենսգրքի 164-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter