HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Տասնյակ հայեր Բուլղարիային մատուցած ծառայությունների դիմաց այդ երկրի քաղաքացի են դարձել. մեկն էլ Գեղամյանի որդին է

2001-2008 թթ. 50 հայերի վերաբերյալ Բուլղարիայի տարբեր նախարարներ քաղաքացիություն շնորհելու միջնորդություններ են ներկայացրել: Դրանց հիմքը գլխավորապես եղել է այդ հայերի ավանդը բուլղարական տնտեսության, մշակույթի, արվեստի ու սպորտի բնագավառում: Արդյունքում բոլորն էլ ստացել են քաղաքացիություն: Բուլղարիայում քաղաքացիություն շնորհելու հրամանագիրը ստորագրում է երկրի փոխնախագահը:

Բուլղարիան խորհրդարանական կառավարման համակարգով հանրապետություն է, այսինքն՝ երկրի կառավարման գլխավոր լծակները հանձնված են վարչապետին: 2002-2012 թթ. բալկանյան երկրի նախագահը Գեորգի Պրվանովն էր, փոխնախագահը՝ Անգել Մարինը: Երբ 2009-ի խորհրդարանական ընտրություններից հետո ձեւավորվեց նոր կառավարություն, խորհրդարանում ստեղծվեց հանձնաժողով՝ ուսումնասիրելու, մասնավորապես, գործող նախագահի ու փոխնախագահի գործունեությունը: Այս հանձնաժողովն էլ հրապարակեց այն օտարերկրացիների ցանկը, ում համար 2001-2008 թթ. քաղաքացիություն շնորհելու միջնորդություններ են ներկայացվել:

Օտարերկրացիները կարող են Բուլղարիայի քաղաքացի դառնալ տարբեր ճանապարհներով, այդ թվում՝ տնտեսության մեջ ներդրում կատարելով: Տարբերակներից մեկն էլ երկրին մատուցած ծառայությունների, վաստակի դիմաց քաղաքացիություն ստանալն է. այս պարագայում, ի տարբերություն մյուս դեպքերի, անձը պարտավոր չէ հրաժարվել նախորդ քաղաքացիությունից, պարտադիր չէ նաեւ, որ նա երկրում մի քանի տարի ապրած լինի:  

Հանձնաժողովի հրապարակած ցուցակներում (դրանք երկուսն են. մեկում 2001-2005 թթ. կազմված գործերն են, մյուսում՝ 2006-2008 թթ.) աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների անուններ կան, որոնցից 50-ն ազգությամբ հայ է: Նրանց գերակշիռ մասը դիմելու պահին ներկայացված է որպես ՀՀ քաղաքացի: Ցուցակներում նշված են տվյալ անձի գործի համարն ու տարեթիվը, քաղաքացիություն շնորհելու մասին փոխնախագահի հրամանագրի համարն ու ամսաթիվը, միջնորդող նախարարի անունը, միջնորդության հիմքը, ինչպես նաեւ խորհրդարանական հանձնաժողովի դիտողությունները:

Ահա թե վերը նշված տարիներից յուրաքանչյուրում որքան գործ է կազմվել հայերի վերաբերյալ (խոսքը միայն երկրի առաջ ունեցած վաստակի համար տրվող քաղաքացիության հայտերի մասին է). ամենաակտիվ տարին եղել է 2003 թ.:  

Բուլղարական անձնագիր
Infogram

Օտարերկրացիները քաղաքացիություն ստացել են գործի բացումից հետո մի քանի ամսից մինչեւ մի քանի տարի ժամանակահատվածում:

Բուլղարիայի քաղաքացի դարձած հայերից մեկը պատգամավոր Արտաշես Գեղամյանի կրտսեր որդին է՝ Արմեն Գեղամյանը: Վերջինիս մասին նախկինում պատմել ենք: 2006-2009 թթ. Արմեն Գեղամյանը եղել է Սոֆիայում հիմնադրված եւ հայկական արմատներ ունեցող «Ռենո Բուլղարիա» ՍՊԸ-ի տնօրենը: Ավելի ուշ նա դարձել է Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության երկրորդ կարգի մասնագետ:

Ա. Գեղամյանի քաղաքացիություն ստանալու գործը կազմվել է 2008-ին, նրա համար միջնորդել է պետական ադմինիստրացիայի եւ ադմինիստրատիվ ռեֆորմների նախարար Նիկոլայ Վասիլեւը: Միջնորդության մեջ նշվել է, որ Գեղամյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, մասնագիտացել է Լոնդոնի համալսարանում (խոսքը «Մետրոպոլիտենի» մասին է- հեղ.)՝ միջազգային բիզնեսի եւ մենեջմենթի ոլորտում: Արմեն Գեղամյանին Բուլղարիայի քաղաքացիություն շնորհվել է 2009-ի հուլիսի 7-ին, սակայն նա շարունակում է մնալ նաեւ ՀՀ քաղաքացի, գրանցված է Երեւանում: Խորհրդարանական հանձնաժողովը վերոնշյալ միջնորդության մասին հետեւյալ դիտարկումն է արել. «Նշված չէ, թե Բուլղարիայի Հանրապետությունն ինչ հատուկ հետաքրքրվածություն ունի Արմեն Գեղամյանին քաղաքացիություն շնորհելու մեջ, նրա կողմից չկա կոնկրետ ավանդ եւ հատուկ վաստակ՝ բուլղարական քաղաքացիություն ստանալու համար»:

Բուլղարիայում գործունեություն ծավալած հայ պաշտոնյաների եւ նրանց ազգականների մասին պատմող հոդվածում անդրադարձել էինք նաեւ Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին, որը 2009-2011 թթ. բուլղարական «Էկո Բուլստանդարտ» ՍՊԸ-ում համասեփականատեր է եղել Բուլղարիայի հայերի միության նախագահ Հարություն Հովսեփյանի հետ: Վերջինս (քաղաքացի է 2003-ից), նրա եղբայրը (2004-ից), քույրը եւ Հովսեփյանների շրջապատի այլ հայեր տարբեր տարիների ստացել են բուլղարական անձնագիր: Ընդ որում՝ Հովսեփյաններն այսօր էլ ՀՀ քաղաքացիներ են, ունեն երեւանյան գրանցում:

Հարություն եւ Երեմ Հովսեփյանների համար միջնորդել է գյուղատնտեսության եւ անտառտնտեսության նախարար Մեհմեդ Դիկմեն՝ նշելով նրանց ներդրումը բուլղարական տնտեսության մեջ, այդ թվում՝ մսի ու մսամթերքի արտահանումն ու ներկրումը, գործարար կապերը Հայաստանի ու Ռուսաստանի հետ: Ուսումնասիրող հանձնաժողովն էլ իր հերթին մատնանշել է Արգենտինայից Հովսեփյանների ներկրած ժամկետանց մսի վերաբերյալ զեկույցը, իսկ կոնկրետ Երեմ Հովսեփյանի ներդրումների չափի մասին հարց բարձրացրել. տարեկան միջինը 50.000 լեւ (մոտ 15 մլն դրամ- հեղ.) շրջանառությունը համարվում է «հատուկ վաստա՞կ»:

2004-ին Բուլղարիայի քաղաքացի է դարձել ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ Պյոտր Ստեփանի Չիտիպախովյանը՝ մոսկովյան «Բալթյան շինարարական ընկերություն» ֆինանսաարդյունաբերական խմբի գլխավոր տնօրենն ու «Տրանսշինբանկի» վարչության նախագահը: Ռուսաստանում լույս տեսնող «Նոյան Տապան» (“Ноев Ковчег”) թերթի վարկածով՝ 2008 թ. Չիտիպախովյանն ընդգրկվել է Ռուսաստանում ապրող ամենահայտնի հայերի 100-յակում: Հայ գործարարը, ինչպես նաեւ վերոնշյալ խմբի նախագահ Իգոր Նայվալտն ու Բուլղարիայում նույն խմբի ներկայացուցիչ Յուրի Չիտիպախովյանը եվրոպական երկրի քաղաքացիություն են ստացել ներդրումների եւ հատկապես ուղղափառ եկեղեցու համար կատարած բարեգործության հիմքով: Մասնավորապես, ըստ պաշտոնական միջնորդության, վերակառուցել են Շիպկա գյուղի հուշարձան տաճարն ու Բատակ քաղաքում, որը նրանց քաղաքացիություն շնորհած փոխնախագահ Անգել Մարինի ծննդավայրն է, նոր եկեղեցի են կառուցել: Խորհրդարանական հանձնաժողովն էլ առաջարկել է ստուգել նշված բարեգործության իսկությունը:   

Ցուցակներում ներկայացված ու քաղաքացիություն ստացած հայերի մեծ մասը երիտասարդ մարզիկ-մարզուհիներ են, կան նաեւ արվեստի, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: Հատկապես սպորտսմենների մասով հանձնաժողովը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, թե քաղաքացիություն ստանալուց հետո ինչ հաջողությունների են հասել նրանք (միջնորդությունների մեջ քաղաքացի դառնալու հանգամանքը կարեւորվել է ազգային հավաքականներում ընդգրկվելու եւ միջազգային մրցումներին, օլիմպիական խաղերին մասնակցելու տեսանկյունից) եւ, բուլղարահպատակ դառնալով, արդյոք մնացել են երկրում, թե հեռացել են:     

Մեկնաբանություններ (1)

Норайр
Здравствуйте скажите пожалуйста ,вот я гражданин Армении ,я хочу стать гражданином Болгарии как можно получить и что надо для этого скажите мне пожалуйста

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter