HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանին

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի նախաձեռնությամբ հանդիպում է տեղի ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ՝ քննարկելու Երևանի քաղաքապետարանի վարչական շենքերում լրագրողների աշխատանքը կանոնակարգելու մասին առաջարկություններ ներկայացնելու Երևանի քաղաքապետի հանձնարարականի մանրամասները, ինչպես նաև փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանում գրանցված միջադեպի մասին լրատվամիջոցների կողմից հնչած մտահոգությունները: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանը:

Լրագրողական համայնքի մտահոգությունները փոխանցելով Երևանի քաղաքապետին՝ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը նշել է.

«Ձեզ հետ հանդիպելու նախաձեռնությանս նպատակն է նախ և առաջ պարզաբանում ստանալ, թե ո՞րն է եղել Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքների խոչընդոտման պատճառը և արդյո՞ք հնարավոր չէր այլ լուծում տալ այդ իրավիճակին, որպեսզի չխոչընդոտվեր լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը:

Կցանկանայի նաև ներկայացնել լրագրողական համայնքի օբյեկտիվ անհանգստություններն ու մտահոգությունները, որոնք առաջացել են քաղաքապետարանի տարածած այն հաղորդագրության հետևանքով, ըստ որի Ձեր հանձնարարությամբ կանոնակարգվելու է լրագրողների գործունեությունը քաղաքապետարանի շենքում:

Հաշվի առնելով, որ ՏԻՄ մարմինները ընտրովի մարմիններ են և պահանջում են կատարյալ թափանցիկություն, հաշվետվողականություն, իսկ լրատվամիջոցներն էլ այն միջնորդ օղակն են, որով հասարակությունը իրազեկվում է քաղաքապետարանի և ավագանու գործունեության մասին, այս հայտարարության թյուրըմբռնումը, ոչ լիարժեք իրագործումը, կարող է հասարակության և լրագրողական հանրության շրջանում, հաշվի առնելով ավագանու նիստում վերջերս տեղի ունեցած ծանր միջադեպը, ընկալվել որպես փորձ՝ խոչընդոտելու քաղաքապետարանի գործունեության լուսաբանումը, կոծկելով նիստերի ընթացքը, այդպիսով հետագայում խուսափելով աղմակահարույց որևէ այլ միջադեպից»:

Երևանի քաղաքապետը, կարևորելով հանդիպման նախաձեռնումը, անդրադարձավ վերջին օրերին տեղի ունեցած դեպքերին և քաղաքապետարանի շենքի պահպանության և անցագրային կարգը կանոնակարգելու վերաբերյալ իր կողմից տրված հանձնարարականին.

«Կարևորում եմ մեր այս հանդիպումը, քանի որ իմ հանձնարարականից հետո, կարծես, թյուրըմբռնում եղավ լրատվամիջոցների և լրագրողական կազմակերպությունների շրջանում: Որոշ լրատվամիջոցներ դա մեկնաբանեցին որպես իրենց գործունեության սահմանափակում, հատկապես ավագանու վերջին նիստում տեղի ունեցածից հետո: Անկեղծ լինեմ, վերջին օրերի դեպքերը մեզ ստիպեցին նորովի կազմակերպել լրագրողների և քաղաքապետարանի համագործակցության ձևաչափը, ինչը սակայն ոչ միայն չի՛ խաթարելու թափանցիկության ապահովումը, այլև առավել արդյունավետ է դարձնելու քաղաքապետարանի և ԶԼՄ-ների համագործակցությունը:

Ի դեպ, եթե նկատել եք, իմ հանձնարարականը վերաբերում էր առհասարակ քաղաքապետարանի անցագրային կարգին, շենքի պահպանության հարցերին, ինչպես նաև քաղաքապետարանի և լրագրողների աշխատանքի կանոնակարգմանը:

Ինչ վերաբերում է փետրվարի 19-ին գրանցված միջադեպին, նշեմ, որ քաղաքապետարանի շենքը ՀՀ կառավարության կողմից սահմանված պետական պահպանության ենթակա տարածքների ցանկում է և, ըստ այդմ, տվյալ դեպքում չէր պահպանվել շենք մտնելու գոյություն ունեցող կարգը, ընդ որում, ոչ լրատվամիջոցների մեղքով: Սա հաշվի առնելով էլ լրատվական ծառայության պետը տեղում հայցել էր ներկա լրագրողների ներողամտությունը:

Մենք գնահատում և չափազանց կարևորում ենք լրագրողների աշխատանքը. որոշ դեպքերում հենց նաև նրանց օգնությամբ են վերհանվում որոշակի խնդիրներ, ինչը, միանշանակ, անհրաժեշտ աջակցություն է քաղաքային իշխանությունների համար:

Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիների առջև: Երևանի ավագանին էլ ընտրովի մարմին է, ու մենք պատասխանատու ենք նաև մեր ընտրողների առջև:
Միաժամանակ, ցավում եմ, որ մեր համաքաղաքացիները ստիպված եղան ականատեսը դառնալ Երևանի ավագանու վերջին նիստում գրանցված տհաճ միջադեպի, ինչը հարիր չէր Երևան քաղաքի կառավարման բարձրագույն մարմին»:

Հանդիպման ավարտին, Երևանի քաղաքապետն ու Հայաստանի ժուռնալիստների միության նախագահը պայմանավորվեցին Երևանի քաղաքապետարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար աշխատանքների կազմակերպման պայմանների ստեղծման նախաձեռնությանը ներգրավել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter