HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ինչու է Ա. Մանուչարյանը դարձել թիրախ

Ժամը 12:50 է: Կանգնած եմ այն վայրում` Մոսկովյան 6 փակուղում գտնվող շենքի կամարի մոտ, որտեղ երեք սափրագլուխները 2004թ. ապրիլի 22-ին սպասում էին Աշոտ Մանուչարյանին: Հենց այս ժամին Երեւանի կենտրոնում` Թումանյան-Մոսկովյան փողոցների մերձակայքում, երեք հաղթանդամ սափրագլուխներ հարձակվեցին հայտնի քաղաքական գործիչ Ա. Մանուչարյանի վրա: 

Ա. Մանուչարյանը ճանաչել է իր վրա հարձակվողներից մեկին` Վրեժ Օսիպյանին: Վերջինս, սակայն, ժխտում է իր մասնակցությունը: Ոստիկանությունում հարցաքննության ժամանակ Վ. Օսիպյանը ասել է, թե չի ճանաչում Ա. Մանուչարյանին եւ կապ չունի այդ դեպքի հետ: Ա. Մանուչարյանը հրաժարվում է ցուցմունք տալ ոստիկանությունում:

Նա ասում է, որ Վ. Օսիպյանին նկարով ճանաչելը վերջին տեղում է եղել: Ըստ Մանուչարյանի` այդ տեղեկություները նա եւ իր շրջապատի մարդիկ ստացել են իշխանության երկու տարբեր թեւերից: Այնուհետեւ, նրա շրջապատը հետաքննություն է կատարել եւ հայտնաբերել իր վրա հարձակվողներին: Այսքանից հետո է նա արդեն նկարով ճանաչել իր վրա հարձակվողներից մեկին: 

«Մտավորականների ֆորումի» գրասենյակը գտնվում էր Մոսկովյան 6 փակուղում, մոտ հարյուր մետր հեռավորության վրա էլ «Սոցիալիստական ուժերի» գրասենյակն էր: 

«Ես նրանց չնկատեցի, որովհետեւ այդ դալանում կանգնում են ՙԳրանդ Քենդիի՚ տղաները, նրանք այնտեղ գրասենյակ ունեն, եւ գրեթե նույն կերպարանքն ունեն, դրա համար էլ ես ուշադրություն չդարձրեցի, ինձ թվաց` նորից նրանց տղաներն են: Ես Խուրշուդյան Ռուբիկի հետ խոսում էի, էդ ժամանակ Գայանե Մարկոսյանը մոտեցավ, ինքն էլ էր գնում «Մտավորականների ֆորումի» հավաքին: Ռուբիկը հետ գնաց, ես եւ Գայանեն մտանք դալանը, մեկ էլ մեկը մոտեցավ, ասաց` Ձեզ մի րոպեով կարելի՞ է, թե` խոսելու բան ունենք, չեմ հիշում: Գայանեն էլ զգաց, որ մի բան կա: Ասացի` եկեք գրասենյակ ու Գայանեի հետ շարժվեցինք դեպի գրասենյակ: Ես դեռ չգիտեի, որ հարձակվելու են վրաս, բայց հասկացա, որ տհաճ բան է լինելու»,-հիշում է Ա. Մանուչարյանը: 

«Զրուցելով մտանք դալան: Մեր հետեւից մտան երեք թիկնեղ մարդիկ` կապյուշոնները գլխներին քաշած, եւ ինձ ասացին` դուք գնացեք առաջ, մենք խոսելու բան ունենք: Մանուչարյանը ասաց` գնանք գրասենյակում խոսենք, եւ մենք միասին շարունակեցինք քայլել: Դալանից դուրս գալուց անմիջապես հետո երկուսը հարձակվեցին Աշոտի վրա, իսկ մեկը ինձ մի կողմ քաշեց»,-պատմում է «Քաղաքացիական նախաձեռնությունների ազատ ամբիոն՚»Հկ նախագահ Գայանե Մարկոսյանը: 

«Առաջին հարվածը երեւի հետեւիցս է եղել, չեմ էլ հիշում, ես հիշում եմ հարվածներ, բայց ինձ թվացել է մի հատ, երկու հատ, երեւի ուշաթափվել եմ»,-շարունակում է Աշոտ Մանուչարյանը: «Դաժանաբար ծեծելուց հետո նրանք հեռացան»,-ասում է Գայանե Մարկոսյանը: 

Դեպքի նախորդ երեք օրերին Ա. Մանուչարյանը հիվանդ պառկած էր, տանից դուրս չէր եկել եւ դեռ ապաքինվում էր: «Հիվանդ էի: Զանգեցին գրասենյակից, Կապանից տղաներ էին եկել, ուզում էին հանդիպել ինձ, ասացի` կհանդիպեմ: Զանգեց սոցուժերի Վարդան Խաչատրյանը, եւ նույն տեղում պայմանավորվեցի: Վարդանի հետ պայմանավորվեցի մտավորականության տեղը, իսկ կապանցիները Գառնիկենց մոտ էին` այնտեղից 100 մ հեռավորության վրա: Ասացի, որ ես գամ մի 5-10 րոպե գործ ունեմ, կզանգեմ ձեզ: Այսինքն` միայն հեռախոսով գիտեին, որ ես գալու եմ այնտեղ»: 

Ա. Մանուչարյանը եւ նրա շրջապատը վստահ են, որ հեռախոսը գաղտնալսվում էր, եւ միայն այսպես կարող էին իմանալ, որ Մանուչարյանը դուրս է գալու տանից եւ ինչ-որ ժամի լինելու է ՙՄտավորականների ֆորումի՚ գրասենյակում: 

Ա. Մանուչարյանին ծեծել են մոտ երեք րոպե: Կաստետով ջարդել են դեմքի ոսկորները, ոտքերով խփել են մեջքին ու արագ հեռացել: 

Հրայր Ուլուբաբյանն այդ պահին գտնվում էր «Մտավորականների ֆորումի» գրասենյակում. «Ես հեռախոսի մոտ էի նստած: Աշոտի էդ դեպքից 15 րոպե առաջ զանգ եկավ, իրեն էին հարցնում, ասացի` չկա: Հարցրին` ե՞րբ կլինի, ասացի` մի կես ժամից: Մեկի կողմերն էր մոտավորապես, սենյակ մտավ Գայանեն, ճչոցով ասաց` Աշոտին ծեծում են: Երեքով էինք սենյակում` ես, Վարդան Խաչատրյանը եւ Լյովան:

Մենք արագ իջանք ներքեւ, տեսանք` Աշոտը գետնին արյան մեջ կորած պառկած է` համարյա գիտակցությունը կորցրած: Տղաներից մեկը վազելով գնաց եւ զանգեց 02 եւ շտապ օգնություն: 02-ից պատասխանեցին` եկեք մեզ մոտ գրավոր ներկայացրեք, որ այդ գործով զբաղվենք: Ասել են, որ ծեծվածը Աշոտ Մանուչարյանն է` ՆԳՆ նախկին նախարարը, եւ այլն: Շտապ օգնությունը շատ արագ եկավ, մեքենայով Աշոտին տարանք Նոր Նորքի շտապ օգնության հիվանդանոց: Մի երկու ժամ հետո մի կին էր եկել, դալանը լվացել: Քննիչները եկել են երեկոյան, արդեն մութն ընկնում էր: Նայեցին, ասացին` արյան հետքեր չկան»: 

«Փաստորեն, դեպքի վայրում ոչ մի քննչական գործողություն չի կատարվել: Աշոտի հետ կատարվածը մահափորձ էր: Նրանք ընտրել էին այդ ձեւը»,-ասաց «Մտավորականների ֆորումի» ավագանու անդամ Գառնիկ Մարգարյանը: 

Մենք տարբեր օրերի մի քանի անգամ ցերեկվա ժամը մեկին եղանք դեպքի վայրում: Բանուկ փողոց է, անընդհատ մեքենաներ եւ մարդիկ են անցնում: Անհնար է աննկատ մնալ այդտեղ մի քիչ կանգնելուց հետո, մանավանդ, երբ հարձակվողները ընդգծված հաղթանդամ, սափրած գլուխներով երիտասարդներ են եղել: Նրանք ընդհանրապես ոչ մի տեղով աննկատ չեն կարողանում անցնել: Մանուչարյանին ծեծող տղաները նստել են «Նիվա» մակնիշի մեքենա եւ հեռացել: 

Հարցին` թե ինչու Ա. Մանուչարյանը ոստիկանությունում ցուցմունք չի տալիս, Գառնիկ Մարգարյանը պատասխանեց. «Մենք բավարար հիմքեր ունենք, որպեսզի չվստահենք իրավապահ մարմիններին: Մենք համոզված են, որ նրանք կազմակերպիչների մեջ են: Եւ նման տեղեկությունները, գուցե ձեզ տարօրինակ թվա, ստացել ենք հենց պետական մարմիններից»: 

Դեպքից առաջ ամիսներ շարունակ Ա. Մանուչարյանն անընդհատ հանդիպում էր ամենատարբեր պաշտոնյաների, քաղաքական, հասարակական գործիչների, մտավորականների հետ` քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը եւ դրանից դուրս գալու ելքերը: Յուրաքանչյուր հանդիպման մասին Ա. Մանուչարյանը տեղյակ էր պահում «Մտավորականների ֆորումի» ավագանու անդամներին:

«Դեպքից մի քանի օր անց նախագահ Ռ. Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրենք գիտեին այդ հանդիպումների մասին: Սակայն, նա մոռացավ նշել մի բան, որ այդ հանդիպումներից առնվազն երկուսը կայացել են իր հրահանգով»,-նշեց Գառնիկ Մարգարյանը: 

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter