Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Պահանջում են «Սասնա ծռերի» գործով դատախազ Պետրոս Պետրոսյանի վարքագծի փաստով քրեական գործ հարուցել



«Սասնա ծռերի» գործով փաստաբաններից ոմանք պահանջում են մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի՝ դատարանում դրսևորած վարքագծի փաստով քրեական գործ հարուցելու հարցով դիմել դատախազություն: Պատճառը այսօրվա դատական նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպն է:

Դատարանի որոշմամբ՝ այս գործով ամբաստանյալների մեծ մասի համար հանրային պաշտպաններ են ներգրավվել, և ամբաստանյալներն իրենց դժգոհությունը ներկայացրին այս կապակցությամբ, քանի որ վերջիններս հայտարարում են, որ ունեն իրենց կողմից ընտրված պաշտպաններ:

Հանրային պաշտպաններ Արմինե Ֆանյանը և Լիան Գասպարյանը ևս հայտարարեցին, որ թեև իրենք ներգրավվել են որպես ամբաստանյալների շահերի պաշտպան, վերջիններիս կողմից ընտրված պաշտապաններից ոմանք ներկա են նիստերի դահլիճում, ուստի դատարանին առաջարկեցին անդրադառնալ այս հարցին:

Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը փորձում էր դիրքորոշում հայտնել այս իրավիճակի վերաբերյալ, երբ ամբաստանյալ Պավել Մանուկյանը նրան ընդհատեց՝ թույլ չտալով շարունակել միտքը:

«Ես ձեր դիրքորոշման, ձեր հայտարարության վրա թքած ունեմ»,- հայտարարեց Պավել Մանուկյանը:

Դատարանը նախազգուշացրեց Պավել Մանուկյանին, որ շարունակվելու դեպքում կհեռացնի դահլիճից, ինչին Մանուկյանը հակադարձեց, որ կարող է հեռացնել.

«Ես թքած ունեմ ձեր որոշումների վրա»,- ասաց Մանուկյանը: Դատարանը որոշեց 5 ժամով հեռացնել Մանուկյանին նիստերի դահլիճիցԱպա տեղից խոսեց Արայիկ Խանդոյանը, որի խոսքը, սակայն, լսելի չեղան ապակիներից այն կողմ գտնվողների համար:

Դատարանը Խանդոյանին եւս նախազգուշացրեց, որ կհեռացնի դահլիճիցԱպա Պավել Մանուկյանը, դիմելով դատավորին, ասաց․ «է խի՞ ես էս թուրքին բերել, նստացրել դեմս»:

Մանուկյանն, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ մեղադրող Պետրոս Պետրոսյանին, ում նկատմամբ ունեցած բացասական վերաբերմունքն առաջին անգամ չէ, որ ցույց է տալիս:

«Թուրքը դու ես»,- արձագանքեց Պետրոս Պետրոսյանն, ապա նորից դահլիճում ամբաստանյալների կողմից ինչ-որ արտահայտություն հնչեց, որը հունից հանեց Պետրոսյանին:

«Արա հանգստացի հլը»,- տեղից վեր կենալով՝ բղավեց Պետրոս Պետրոսյանը: Դատավորը ամբաստանյալներ Արայիկ Խանդոյանին ու Սմբատ Բարսեղյանին դահլիճից հեռացրեց, իսկ դատախազի նկատմամբ նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառեց, ինչը դժգոհություն առաջացրեց դահլիճում: Ներկաները պահանջում էին Պետրոս Պետրոսյանին ևս հեռացնել դահլիճից:

Այս միջադեպից հետո փաստաբան Արայիկ Ղարագյոզյանը հարց բարձրացրեց, որ երբ Պավել Մանուկյանը դատավոր Արտուշ Գաբրիելյանին «Ցռան մոզի» էր անվանել, նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, ուստի, ըստ Ղարագյոզյանի, պետք է քրեական գործ հարուցել նաև հերոսին «թուրք» անվանած Պետրոս Պետրոսյանի նկատմամբ:

Ղարագյոզյանի խոսքով՝ եթե Պավել Մանուկյանի վարքագիծը գնահատվել է որպես դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմուք, ապա Պետրոս Պետրոսյանի վերաբերմունքը ևս պետք է դիտարկվի որպես այդպիսին:

Ղարագյոզյանի դիրքորոշումը կիսեց նաև փաստաբան Հարություն Բաղդասարյանը, դահլիճում ներկաները ևս ապակիներից այն կողմ սկսեցին բղավել, որ պահանջում են դատախազին քրեական պատասխանատվության ենթարկել:

Դատավոր Մեսրոպ Մակյանն արձագանքեց, որ ինքն արդեն իսկ կատարել է այն իրավաչափ գործողությունները, որոնք տվյալ իրավիճակում պետք է կատարել և փաստաբաններին հիշեցրեց, որ նրանք ազատ են իրենց բարձրաձայնած հարցի առնչությամբ համապատասխան քայլեր կատարել այս դատական նիստից դուրս, եթե տեսնում են անհրաժեշտություն:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ