HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքացին տեղյակ չի եղել իր բնակարանի աճուրդին. բնակարանի գնորդը աճուրդով տներ է գնում

Հայկ Հովսեփյանը հանրապետության տարբեր բնակավայրերում անշարժ գույք է գնում։ Որպես կանոն` աճուրդում նա գույքը ձեռք է բերում շուկայականից զգալիորեն ցածր արժեքով։

«Ես այստեղ ապրում եմ, սա իմ միակ սեփականությունն է։ Ոչ մի տեղ չունեմ գնալու, ոչ մի ապրուստ։ Ու՞ր գնամ, ի՞նչ անեմ՝ չգիտեմ», - բնակարանը ցույց տալով` ասում է Գագիկ Բենգոյանը, ում բնակարանը` որպես չմարած վարկ, 2016 թվականին աճուրդով վաճառվել է։

Բենգոյանը բնակարանը գնել է 2004 թվականին։ Այն նրա միակ սեփականությունն է, որտեղ բնակվում են ինքը, կինն ու երեք անչափահաս երեխաները։ Բնակարանի վաճառքի մասին ընտանիքը տեղեկացել է 2016 թվականի դեկտեմբերի 22-ի երեկոյան, երբ երկու ոստիկան ու բնակարանի նոր սեփականատերը թակել են տան դուռն ու հայտնել, որ ընտանիքը պետք է 10 օրվա ընթացքում ազատի բնակարանը, քանի որ այն նոր սեփականատեր ունի։ Բնակարանի արդեն նախկին սեփականատեր Գագիկ Բենգոյանը հետագայում պարզել է, որ բնակարանը վաճառվել է 2016 թվականի նոյեմբեր ամսին, սակայն այդ մասին իրենց, միտումնավոր, նախատոնական օրերին են հայտնել, որ դատարան դիմելու ժամանակ չունենան և պարտադրված ազատեն բնակարանը։

Բենգոյանների ընտանիքն արդեն հինգ ամիս է` բնակարանում գազ ու լույս չունի։ Բնակարանը աճուրդով ձեռք բերած սեփականատեր Հայկ Հովսեփյանը՝ որպես նոր սեփականատեր, հրաժարվել է «Գազպրոմ Արմենիա»-յի և ՀԵՑ-ի հետ պայմանագիր կնքել, ինչի պատճառով ընտանիքը մնացել է առանց կոմունալ ծառայությունների։ Դատարանը երեք անգամ մերժել է Գագիկ Բենգոյանի փաստաբանի՝ գազի և լույսի վերականգման համար ներկայացրած միջնորդությունները։

Գագիկի կինը ասում է, որ իրենց բախտից ցուրտ ձմեռ չեղավ, երեխաները շատ չմրսեցին, կարողացան առանց գազ ու լույս անցկացնել։

«Օդից կախված ենք մնացել ոչ մեկս գրանցում չունենք, բոլորիս գրանցումից հանել են»,- ասում է Գագիկը։ Գրանցում չունենալու պատճառով Գագիկը նաև գործ չի կարողանում գտնել, արդեն երկու տարի է` չի աշխատում։ Ավտոմասերի վաճառքի բիզնեսն էլ պարտքերի պատճառով չի կարողանում շարունակել։ Ընտանիքն այս պահին եկամուտի աղբյուր չունի կա՛մ պարտք են վերցնում, կա՛մ բարեկամներն են օգնում։

Ընտանիքին օգնում են դիմացի շենքում ապրող հարազատները։ Երբեմն էլ հարևաններն են օգնում։ Գագիկն ասում է, որ լավ հարևաններ ունեն, որևէ բան չեն խնդրում, նրանք են ամեն տեսակ օգնություն առաջարկում։

Բիզնեսն ընդլայնելու վարկ, որը «տարավ» սնանկության

Գագիկ Բենգոյանը 2016 թվականի փետրվարին դատի է տվել «Անելիք բանկ», «Ֆլորես աճուրդի տուն» ընկերություններին և  Հայկ Հովսեփյանին՝ պահանջելով անվավեր ճանաչել իր բնակարանի առքուվաճառքի պայմանագիրը։

Բենգոյանը 2014 թվականի ապրիլին «Անելիք բանկ»-ից 12.000 դոլար վարկ է վերցրել՝ 60 ամիս մարման ժամկետով։ Այդ ընթացքում ավտոմեքենաներ է ներկրել Վրաստանից և պահեստամասերը վաճառել, գումարն էլ վերցրել էր բիզնեսում ունեցած խնդիրները կարգավորելու, այն ընդլայնելու համար։

Շուրջ երկու տարի վարկային պարտավորությունները պատշաճ կատարել է, սակայն 2016 թվականի սկզբից չի կարողացել մարել վարկը, և բանկը որոշել է վաճառել Բենգոյանի՝ Երեւանի Սարյան 36 շենքում գտնվող բնակարանը։

Գագիկ Բենգոյանը բանկից վերցրած վարկը պետք է մարեր մինչ 2019 թվականի ապրիլ։ Որպես վարկային պայմանագրի կատարման ապահովում գրավադրել էր 100.7 քմ մակերեսով բնակարանը։

Այն 2014 թվականի ապրիլի 17-ի դրությամբ գնահատվել էր 36.400.000 դրամ, արդեն 2016 թվականի հուլիսին, երբ բնակարանի աճուրդի մասին որոշում է կայացվել, գնահատման արժեքը հասել է 46.614.000 դրամի, սակայն այն վաճառվել է 9.000.000 դրամ գումարով՝ հինգ անգամ ցածր գնով։ 2016 թվականի փետրվարի սկզբի դրությամբ՝ Գագիկ Բենգոյանի պարտքը, տոկոսների և տույժերի հետ միասին կազմել է 10.716 դոլար:

Պարտքի՝ 10.716 դոլարի ծանուցումը ստանալուց հետո բանկի և Գագիկ Բենգոյանի միջև վարկային պարտավորությունների կատարման տարաժամկետման, հաշվարկված տույժերի զիջման և պարտավորություններն ամբողջությամբ կատարելու շուրջ պարբերաբար վարվել են բանակցություններ, ինչի մասին Գագիկ Բենգոյանը սպասել է վերջնական պատասխանի։ Դրա փոխարեն 2016թ. դեկտեմբերի 15-ին Բենգոյանին զանգահարել է ոմն Հայկ Հովսեփյան և տեղեկացրել, որ աճուրդով՝ 9 միլիոն դրամով, գնել է բնակարանը, և Բենգոյանը պետք է ազատի այն։ Զանգը ստանալով՝ Գագիկը մտածել է, որ մտերիմներից մեկն է կատակում, չի հավատացել, քանի որ Հայկ Հովսեփյանը խոսելիս որևէ կոնկրետ բան չի ասել։ Սակայն, դրանից մեկ շաբաթ անց Հայկը ոստիկանների հետ եկել է բնակարան։

«Իրենք ոնց որ ինձ փափուկ բարձ էին դնում։ Ես անընդհատ իրանց խնդրում էի, որ տղեք ջան, երկու տարի մուծել եմ։ 12 հազար դոլար վերցրել եմ, մինչև 8 հազար մայր գումարը իջացրել եմ, հիմա չի ստացվում իմ մոտ, աշխատանքս թարսվավ, ինձ կա՛մ ժամանակ տվեք, կա՛մ նորից պայմանագիր կապենք։ Իմ նպատակը էն է, որ տունը վաճառեմ, բերեմ ձեր փողը մուծեմ»,- ասաց  Գագիկը։

Այս բանակցությունների ընթացքում՝ 2016-ի օգոստոսին, բնակարանը գնող է հայտնվել։ Սիրիահայ գնորդի հետ Գագիկը գնացել է բանկ, նրան ցույց տվել, որ բանկին ունեցած պարտքը կազմում է 11 հազար դոլար, սակայն հետագայում գնորդը խուսափել է առքուվաճառքի պայմանագիր կնքել։ Գագիկը ենթադրում է՝ մտածել է, որ գումարը պետք է տա, մի փոքր սպասի, մինչ բնակարանը իրեն անցնի, իսկ այդ ընթացքում միգուցե անախորժություններ առաջանան։

Գագիկը նաև զարմանում է, որ օգոստոս ամսին բանկին ունեցած պարտքը եղել է 11 հազար դոլար, իսկ դրանից 3 ամիս անց՝ նոյեմբերին, այն անհասկանալի կերպով չորս հազար դոլարով ավելացել է։ Ասում է՝ գնորդը բնակարանը գնել է 9 միլիոն դրամով, որից 7,5 միլիոն դրամը բանկը իրեն է վերցրել, իսկ 1,5 միլիոնը Գագիկի հաշվին է մնացել։

Պարզվում է` բնակարանը գնող Հայկ Հովսեփյանը պատահական մարդ չէ։ Գագիկ Բենգոյանի փաստաբան Աստղիկ Պապիկյանը պարզել է, որ նրա վերաբերյալ դատական տեղեկատվական համակարգում առկա են բազմաթիվ դատական վեճեր, գրեթե նույն հիմքերով: Բացի այդ, փաստաբանը ամիսներ առաջ ունեցել է մեկ այլ դատական գործ, որում պաշտպանել է Մարուսյա Խաչատրյանի շահերը, ում` Արագածոտնի մարզի Փարպի գյուղում գտնվող բնակելի տունը կրկին 2015 թվականին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդով վաճառել էր Հայկ Հովսեփյանին։ Փաստաբանը կարողացել էր դատական կարգով անվավեր ճանաչել աճուրդի մասին որոշումը։

Փաստաբանը մինչ օրս չի հասկանում, թե բնակարանի աճուրդը ի՞նչ տրամաբանությամբ է կայացել

Աստղիկ Պապիկյանը կարծում է՝ Հայկ Հովսեփյանը ինչ-որ մեկի դրածոն է. «Իմ կարծիքով ինքը այդքան ֆինանսական հնարավորություն չունի: Չնայած ինքն էլ է ընդունում: Առաջին դատական նիստին, որ ինձ տեսավ, խառնվեց իրար, դե արդեն մի գործ ուներ իմ կողմից պարտված: Ասեց՝ դե, Աստղիկ ջան, դու քո գործն ես անում, ես էլ իմ գործն եմ անում: Ինքը ընդունում է, որ դա բիզնես է: Ինքն ասում է, որ Հայաստանում ձեռնտու չի իր մասնագիտությամբ աշխատելը, ինքն էլ ընտրել է բիզնեսի այդ տեսակը»:

Փաստաբանը մինչ օրս չի կարողանում հասկանալ, թե ինչ սկբունքով է «Ֆլորես աճուրդի տուն»-ը բնակարանի աճուրդն անցկացրել, քանի որ աճուրդի ժամանակ ամեն օր դրա գինը նվազել է, բայց թե ինչ տրամաբանությամբ ու քանի տոկոսով` Պապիկյանի համար անհայտ է: 20 օրվա կտրվածքով բնակարանի գինը 46 միլիոն դրամից հասել է 9 միլիոն դրամի, և Պապիկյանը ենթադրում է, որ ամեն օր բնակարանի արժեքը 10 %-ով նվազել է, չնայած աճուրդը սկզբում դասական, ապա հոլանդական եղանակով է անցկացվել:

Աճուրդի տան ներկայացուցիչը պարզաբանել է, որ աճուրդն իրականացնելիս առաջնորդվում են միջազգային փորձով: Ընկերությունը դատարան փաստաթուղթ է ներկայացրել, թե ամեն օր ինչ գնով է տունը դրել վաճառքի, սակայն հստակ չի հիմնավորել, թե ինչպես է որոշել ամեն օրվա աճուրդի գինը. «Ասում եմ՝ ի՞նչ կարգ ունեք աճուրդի անցկացման, ասում է՝ մեր ներքին կանոնադրությամբ: Ասում եմ՝ ո՞րն է ձեր ներքին կանոնադրությունը, ներկայացրեք դատարան, բայց ոչ մի բան չեն ներկայացնում»,-նշեց փաստաբանը:

Պապիկյանը Բենգոյանի գործի նման դատական ևս մի գործ է գտել ընդդեմ «Ֆլորես աճուրդի տան»: Գործի որոշումում նշված է, որ ընկերությունն աճուրդները անցկացնում է կոմիտեի ընդունած կարգով, սակայն կրկին չի նշվում կարգի անունը: Փաստաբանն ասում է՝ դատավորը ևս չի պահանջում ներկայացնել աճուրդի անցկացման կարգի մասին տեղեկատվություն, քանի որ իրեն պետք չէ, ցանկանում է մեկ րոպե շուտ գործն ավարտել:

Պապիկյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոյանին արդեն ինքնաբացարկի մի միջնորդություն է ներկայացրել, մյուսն էլ կներկայացնի հաջոդ նիստին: Ասում է՝ կողմնակալ է, շահագրգրված է, որ մի վայրկյան շուտ գործն ավարտի, չի պահանջում, որ պահանջվող  փաստաթղթերը ներկայացվեն դատարան, իսկ պատասխանողները ներկայացնում են այն փաստաթղթերը, որոնք ցանկանում են:

Գագիկ Բենգոյանը նաև հայտնել է, որ ինքը չի ստացել աճուրդի մասին որևէ ծանուցագիր, սակայն հետագայում դատարան է ներկայացվել նամակի ստացման ստացագիր, որտեղ ծանուցագրի հետադարձ կտրոնի վրա իր ստորագրությունն է դրված եղել: Դատարանը որոշել է, որ այն ձևաթուղթ չի դիտվում, պաշտոնական բնույթ կրող փաստաթուղթ չէ, հետևաբար փաստաթղթի կեղծում չի կարող համարվել:

Փաստաբանը նաև դատարան բողոք է ներկայացրել այն մասին, որ Գագիկ Բենգոյանի բնակարանն ապօրինի կերպով է վաճառվել: Այս բողոքին ի պատասխան` դատարանը որոշել է, որ  «Ֆլորես աճուրդի տուն» ընկերության գործողություններում առկա չեն քրեական տարրեր, և եթե նույնիսկ աճուրդն անօրինական է իրականացվել, այն ոչ թե քրեական, այլ քաղաքացիաիրավական վարույթով լուծման ենթակա հարց է:

Ինչպես արդեն նշեցինք, Բենգոյանները արդեն չորս ամիս է` գազ և լույս չունեն: Փաստաբանը գազի և լույսի վերականգման երեք միջնորդություն է ներկայացրել: Դատարանը բոլորն էլ մերժել է՝ նշելով, որ դրանք հիմնավորված չեն: Բենգոյանները պարտադրված 80 հազար դրամ վճարել են, լիցենզավորված ընկերությունից փորձագիտական եզրակացություն վերցրել, որ գազաֆիկացման եղանակով չջեռուցվելու արդյունքում գույքին էական վնաս կպատճառվի: Սակայն դատավորը, փաստաբանի փոխանցմամբ, որևէ կերպ չի անդրադարձել այս եզրակացությանը՝ նշելով, որ բերված փաստերը հիմնավորված չեն, և մերժել է միջնորդությունը, չնայած այն փաստին, որ օրենքը սահմանում է՝ հայցը ապահովում է, եթե հիմնավորվում է, որ միջնորդության չբավարարման դեպքում գույքին էական վնաս կպատճառվի:

Հայկ Հովսեփյանը հանրապետության տարբեր բնակավայրերում անշարժ գույք է գնում

Հայկ Հովսեփյանն այժմ դատարանում մի քանի վեճեր ունի, բոլորը նույնաբովանդակ, բոլորի դեպքում աճուրդով անշարժ գույք է ձեռք բերել, որից հետո դրանց սեփականատերերը դիմել են դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել անցկացված աճուրդը ու առքուվաճառքի պայմանագիրը:

Այդ դատական գործերից մեկով Բորիս Մուսայելյանի ներկայացուցիչ Ռոմեն Ահարոնյանը 2016 թվականի հուլիսի 1-ին հայցադիմում է ներկայացրել վարչական դատարանի Սևանի նստավայր՝ ընդդեմ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը և 2015թ-ի դեկտեմբերին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով: Գործում Հայկ Հովսեփյանը կրկին ներգրաված էր որպես երրորդ անձ: Նա 2015թ.-ի դեկտեմբերին աճուրդով գնել է Ճամբարակ քաղաքի Սեպտեմբերի 21-ի փողոցի 2-րդ շենքի 3-րդ բնակարանը: Իսկ արդեն 2016 թվականի հունվարին բնակարանը դարձել է Հայկ Հովսեփյանի սեփականությունը: Վարչական դատարանը 2017 թվականի մարտին որոշել է առքուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասով գործը կարճել: Վարչական դատարանի այս որոշումը բողոքարկվել է վճռաբեկ դատարան և առաջին դատական նիստը նշանակվել է մայիսի 17-ին:

Դատական մեկ այլ գործով Աստղիկ և Վահագն Շահբազյանները, Հասմիկ Եղիազարյանը դատի էին տվել դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի մարզային բաժնին, որտեղ որպես երրորդ անձ կրկին ներգրավված էր Հայկ Հովսեփյանը: Նա էլեկտրոնային աճուրդով կրկին անշարժ գույք էր ձեռք բերել, և հայցվորները պահանջել էին աճուրդի մասին որոշումը անվավեր ճանաչել: Սակայն հետագայում կարծես կողմերն ընդհանուր հայտարարի են եկել, քանի որ հայցվորները հայցը հետ են վերցրել, և դատարանը որոշել է գործը կարճել:

2017 թվականի փետրվարի 9-ին Ռոզա Մեսրոպյանը հայցադիմում էր ներկայացրել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Հայկ Հովսեփյանի հետ կնքված առքուվաճառքի պայմանագիրն ու սեփականության իրավունքի պետական գրանցումը: Մեսրոպյանը միաժամանակ խնդրել է տարաժամկետել պետական տուրքի վճարումը:

Սակայն դատարանը որոշել է Ռոզա Մեսրոպյանի կողմից ներկայացված հայցադիմումը և կից փաստաթղթերը վերադարձնել՝ մերժելով պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը, քանի որ պետական տուրքի վճարման արտոնություններ կիրառելու միջնորդությունը պետք է ներկայացնել գույքային կամ ֆինանսական դրության վերաբերյալ համապատասխան և բավարար հիմնավորումներով: Իսկ այս պարագայում դատարանը գտել է, որ Մեսրոպյանի ներկայացրած պետական տուրքի հետաձգման միջնորդությունը հիմնազուրկ է, քանի որ հայցվորը չի ներկայացրել գույքային ոչ բարենպաստ վիճակի մասին վկայող պատշաճ և բավարար հիմնավորումներ: Ռոզա Մեսրոպյանը հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելու և եռoրյա ժամկետում դատարան կրկին ներկայացնելու հնարավորություն է ունեցել, սակայն չի կատարել, և առաջին ատյանի որոշումը չի բողոքարկել վերաքննիչ քաղաքացիական դատարան:

Ստացվում է՝ Հայկ Հովսեփյանն անշարժ գույք է ձեռք բերում հանրապետության տարբեր բնակավայրերում՝ մարզերից մինչև Երևան, և կայացած անօրինական աճուրդների պատճառով` պարբերաբար հայտնվում դատարաններում:

Լուսանկարները` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter