HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ջրառատի ավագանու մերձավորներին հատկացված օգնությունը վերադարձվել է համայնքային բյուջե

Փետրվարի 12-ին  «Ջրառատում ավագանին ընտանիքի անդամներին «նվեր» է մատուցել» վերնագրով հոդված էինք հրապարակել, որտեղ անդրադարձել էինք Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի ավագանու կողմից օրենքի խախտմամբ ընդունված որոշմանը: Հրապարակումից հետո համայնքային բյուջեից ավագանու անդամների մերձավորներին հատկացված գումարը վերադարձվել է համայնքային բյուջե:

Ավագանու անդամներ Միհրան Բաբուջյանը, Վաղարշակ Սիմոնյանը և Հովհաննես Խաչատրյանը խախտել էին Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքը և մասնակցել իրենց մերձավորի օգտին կայացվող որոշման քվեարկությանը և կողմ արտահայտվել: Որպես սոցիալական օգնություն` ավագանին որոշել էր մի քանի քաղաքացիների, այդ թվում՝ վերը նշված ավագանու անդամների մերձավորներին հատկացնել 70 000-ական դրամ:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հոդվածի հրապարակումից հետո հանձնարարել է Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանին, ով ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանի քրոջ որդին է, վերացնել օրենքի խախտումը:

«Մեր սխալմունքն է եղել, որ թույլ ենք տվել ավագանու անդամները ստորագրեն իրենց մերձավորներին հատկացված օգնությունների տակ: Մենք չպետք է թույլ տայինք, որ նրանք քվեարկեին»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Ջրառատի համայնքապետ Սամվել Գալստյանը:

Համայնքապետի խոսքերով՝ համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Մարինե Առաքելյանն է անձամբ գումարները հավաքագրել և հետ վճարել համայնքային բյուջե:

Հոդվածում նաև գրել էինք, որ օգնություն ստացած մի քանի քաղաքացիներ Ջրառատ համայնքի հաշվառում չունեն:

Սամվել Գալստյանը պարզաբանեց, որ այդ ամենը նույնպես իրենց բացթողման հետևանքն է: Համայնքապետը դրա վերաբերյալ տեղեկանք է վերցրել անձնագրային բաժանմունքից և ներկայացրել մարզպետարան: Պարզվել է, որ ավագանու որոշման մեջ քաղաքացիների անունները ճիշտ գրված չեն:

«Այնտեղ անուններ կան, որ ավագանու որոշման մեջ սխալ է գրված: Օրինակ, կա մարդ, որի անունը Հովհաննես է գրվել, բայց նրա անձնագրային անունը Հովակիմ է: Որ օգնություն ստանալու դիմումը այդ անունով են գրել, հենց այդ անունն էլ գրել են որոշման մեջ»,- նշեց Սամվել Գալստյանը:

Ջրառատի լուսանկարը՝ ԱԼՏ հեռուստաընկերության

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Ազնաուրն էլ հենց այդ էր ասում - ձու գողացողի ձվերը կտրում եք, մլիոններ տանողներին հարգում: Իսկ այստեղ մի պարզ միտք էլ է առաջանում - եթե գյուղի ավագանու անդամները աշխատավարձ չեն ստանում, իրենց ազգակիցներին էլ օգնելն ու նպաստ տալը դժվարացվում է, ապա էլ ինչ հորս ցավի համար իրենք պիտի աշխատեն? Ասվածից երեւում է, որ ինքնակառավարման սկզբունքները հիմնված են «տնական» մտածողության վրա, այսինքն - «դե պագոնավոր են, ոնց ըլի մի տեղ կլիզեն!» Հեր օրհնածներ, էլ ընչի եք նեղանում, եթե ձեր «տեղական ինքնակառավարումը» մի քիչ ավանակային է? (Փոխաբերական իմաստով է ասված!)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter