HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Կամավոր փրկարարները տարվա ընթացքում մինչև 15 օր արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում փոխհատուցում կստանան

Կառավարության այսօրվա նիստին գործադիրը հաստատեց օրացուցային տարվա ընթացքում մինչև 15 աշխատանքային օր ժամկետով արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին պետության կողմից փոխհատուցման կարգը։ Նման որոշման նախագիծ կառավարությանը ներկայացրել էր արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Նախագծով նախատեսվում է, որ մինչև 15 աշխատանքային օրով պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար աշխատանքային պարտականությունների կատարումից ազատված կամավոր փրկարարները պետական բյուջեից կստանան (վճարվող) միջին աշխատավարձի չափով փոխհատուցում։

Որոշման նախագիծը ներկայացվել է որոշ պետական մարմինների քննարկմանը։ Ֆինանսների նախարարությունը որոշ դիտողություններ է ունեցել, որոնք արտակարգ իրավիճակների նախարարությունը չի ընդունել։ Մասնավորապես ֆիննախը եզրակացությունում նշել է, որ արտակարգ իրավիճակի վայր մեկնելու դեպքում կամավոր փրկարարին փոխհատուցումը պետք է նախատեսել արտակարգ իրավիճակների նախարարությանը պետբյուջեից հատկացրած միջոցներից։

Սրան ի պատասխան՝ ԱԻՆ-ից նշել են, որ պետբյուջեով արտակարգ իրավիճակների նախարարությանը կամավոր փրկարարին փոխհատուցման համար ֆինանսական միջոցներ չեն հատկացվում, և նախարարությունը փոխհատուցման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չունի: Այդ իսկ պատճառով, ֆիննախի այս առաջարկն ընդունելի կլինի, եթե պետական բյուջեից արտակարգ իրավիճակների նախարարությանը յուրաքանչյուր տարի հատկացվեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ:

Ֆիննախը նաև նշել է, որ որոշման նախագծից հանվեն ֆինանսական ապահովման համար ֆինանսների նախարարությանը վերաբերող դրույթները։ Սակայն ԱԻՆ-ը կրկին առարկել է՝ նշելով, որ կամավոր փրկարարին փոխհատուցում է պետությունը, իսկ պետական ֆինանսների կառավարման  բնագավառում պետության քաղաքականությունը մշակում և իրականացնում է ֆինանսների նախարարությունը, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ պետության կողմից փոխհատուցման գործընթացն իրականացվի ֆինանսների նախարարության կողմից:

Ֆիննախը նաև առաջարկել է նախագծում նախատեսել պարտադիր պայման, որով ԱԻՆ-ը փրկարարական աշխատանքների կատարմանը մասնակցելու նպատակով կամավոր փրկարարների ցուցակներ կկազմի՝ բացառապես ներառելով փրկարարական աշխատանքներ կատարելու փորձ ունեցող անձանց։

Սակայն արտակարգ իրավիճակների նախարարությունը կրկին չի ընդունել այս դիտարկումը՝ նշելով, որ գործնականում հնարավոր չէ պարզել փրկարարական աշխատանքներում, որպես կամավորական ներգրավված անձանց փրկարարի փորձ ունենալու, ինչպես նաև նման փորձի հավաստման հանգամանքները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter