HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փոփոխություններ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին տրամադրվող տեղեկատվության կարգում

Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց որոշման մի նախագիծ, որով փոփոխություն է կատարվելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցներին տրամադրվող տեղեկատվության կարգում։ Նախագիծը ներկայացնող Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հիշեցրեց, որ 2014-ից ներդրվել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, և օրենքի համաձայն՝ կա պարտադիր նորմ, որ մասնակիցների ռեեստր վարողը տարին մեկ անգամ մասնակիցներին անվճար տրամադրում է տեղեկատվություն` իր հաշվի մասին։

«Մենք մոնիթորինգ ենք իրականացրել, որ հասկանանք` այս երեք տարիների ընթացքում այդ տեղեկատվությունը պատշաճ նպատակին ծառայե՞լ է, թե ոչ, և որքանով է օգտավետ մասնակիցների համար, և այնտեղ իդենտիֆիկացրեցինք որոշակի խնդիրներ։ Այս որոշմամբ փորձելու ենք դա լուծել, նախ՝ ներդնում ենք համապարփակ մի աղյուսակ, որտեղ այդ ցուցանիշները համապարփակ են»,-ասաց Արամյանը։

Նախարարի խոսքով՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցները հիմնականում հետաքրքրված են կենսաթոշակային ֆոնդի, ֆոնդի կառավարչի, տարեկան եկամտաբերության, հաշվետու տարվա վերջում մասնակիցների կենսաթոշակային հաշվի մնացորդի ցուցանիշներով։

«Կար նաև աղյուսակ, որտեղ ցուցանիշները խճճում էին մարդկանց, մաքրեցինք դա, այնտեղ կար ճշգրտման գործակից, որը գրեթե չէր օգտագործվում»,- ասաց Արամյանը՝ հավելելով, որ փոփոխություններն ուղղված են ավելի մատչելի և օգտակար տեղեկություններ ներկայացնելուն։ Ըստ այդ որոշման՝ մասնակիցների ռեեստրը վարողը մասնակցին տարեկան մեկ անգամ անվճար ներկայացնում է կենսաթոշակային հաշվի մասին հետևյալ տեղեկատվությունը`

1. Կենսաթոշակային  հաշիվը, բացման ամսաթիվը և հաշվետու տարին։

2. Մասնակցի անձնական և կոնտակտային տվյալները՝ մասնակցի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)։

3. Մասնակիցների ռեեստրը վարողի կոնտակտային տվյալները` մասնակիցների ռեեստրը վարողի գտնվելու վայրը (փոստային հասցեն), հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն։

4. Ամփոփ տեղեկատվություն՝ ֆոնդի, ֆոնդի կառավարչի, ֆոնդի տարեկան եկամտաբերության, հաշվետու տարվա վերջի դրությամբ մասնակցի կենսաթոշակային հաշվի մնացորդի և հաշվետու տարվա ընթացքում մասնակցի կուտակումների վերաբերյալ։

5. Տվյալ մասնակցի օգտին հաշվետու տարվա ընթացքում կատարված յուրաքանչյուր սոցիալական  վճարի չափը և կատարողի անունը, պետության կողմից վճարված մասնակցության չափը, մասնակցի օգտին հատկացում կատարողի կողմից վճարած տույժի չափը, մասնակցի համար կուտակային հատկացման գումարը մասնակցի կենսաթոշակային հաշվին մուտք լինելու օրը, ամիսը, տարեթիվը և այն ամիսն ու տարեթիվը, որի համար կատարվել է հատկացումը, ինչպես նաև տվյալ ժամանակաշրջանի համար կատարված վճարումների հաշվին ձեռք բերված փայերը թողարկող ֆոնդի անվանումը և տեսակը` ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի։

6. Հաշվետու տարվա  սկզբի և վերջի դրությամբ մասնակցի հաշվում առկա` կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի քանակը, յուրաքանչյուր ֆոնդի փայի արժեքը և փայերի ընդհանուր արժեքը, յուրաքանչյուր ֆոնդի տարեկան եկամտաբերությունը։

7. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ֆոնդի (ֆոնդերի) փայերի հետ կապված գործարքները (փայերի ձեռքբերումը, փոխանակումը կամ մարումը), այդ թվում`

ա. ֆոնդի անվանումը, որի փայերը ձեռք են բերվել կամ մարվել են հաշվետու տարվա ընթացքում, և տեսակը` ըստ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի,

բ. գործարքի կատարման ամսաթիվը,

գ. գործարքի տեսակը,

դ. գործարքի հիմքը,

ե. յուրաքանչյուր ֆոնդի փայի գործարքի գինը (գործարքի միջնորդավճարի և փայի արժեքի հանրագումարը), փայերի քանակը, ինչպես նաև յուրաքանչյուր գործարքի ընդհանուր գումարը,

զ. յուրաքանչյուր գործարքի համար գանձված վճարը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter