HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցչին

Փետրվարի 21-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

Ըստ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության՝ բարձր գնահատելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները և ողջունելով Տոյվո Կլաարին ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, պաշտպանության նախարարը կարևորել է ԵՄ հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործում և քաղաքական աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչը հստակ արտահայտված է Հայաստան-Եվրոպական Միություն շրջանակային համաձայնագրում:

Տոյվո Կլաարն իր հերթին ընդգծել է ԼՂ հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու Եվրամիության դիրքորոշումը: 

Հյուրի խնդրանքով ներկայացնելով պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը և անդրադառնալով վերջին օրերին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից արված ռազմատենչ հայտարարություններին, նախարար Սարգսյանն ընդգծել է, որ այդպիսի վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում խնդրի խաղաղ կարգավորմանը:

«Նման հայտարարություններ անելու համար մեծ  իմաստություն չի պահանջվում, ճիշտ հակառակը` իմաստության բացակայությունը նպաստում է սեփական ժողովրդի համար անդառնալի հետևանքներ ունեցող սադրանքների քարոզչությանը», - նկատել է Վիգեն Սարգսյանը: Պաշտպանության նախարարը և ԵՄ հատուկ ներկայացուցիչը կարևորել են նման հայտարարություններին միջազգային հանրության պատշաճ արձագանքը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության մի շարք օրակարգային հարցեր և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter