HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ներդրումային խճանկար Արմավիրի մարզում

սկիզբը տես այստեղ


«Հոկտեմբերյանում չի կարելի հողն անմշակ թողնել»

Նշված 10 տնտեսությունների կողմից 91-94 թ.թ. ընթացքում տարածքներն անմշակ թողնելու պատճառով ՀՀ Արմավիրի պատգամավորների շրջանային խորհուրդը 02. 12. 94 թ. որոշումով 219 հա վարելահողը 10 տարի ժամանակով վարձակալության է հանձնել «Կոմպլեքս» ՍՊԸ-ին: Շրջխորհրդի գործկոմի 94 թ. որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «ՀՀ կառավարության պետպահուստի ֆոնդի հողերը վարձակալությամբ տալու մասին» 94 թ. մարտի 9-ի թիվ 108 որոշումով, շրջգյուղվարչության մրցութային հանձնաժողովը որոշել է այն 10 տարի ժամանակով հատկացնել «Կոմպլեքս» ՍՊԸ-ին եւ պարտավորեցրել է նշված տարածքում բարելավել ոռոգման ցանցը, տեղադրել 2 նոր խորքային հորեր եւ զբաղվել հացահատիկային ու կերային կուլտուրաների մշակությամբ ու կատարել պետական պատվերներ»:

«Արամին բացատրել եմ, թե ինչքան ծանր աշխատանք է եւ զարմացել եմ, որ այդքան ծանր «լծի» տակ է մտել»,-պատմեց շրջխորհրդի գյուղվարչության պետ Համլետ Պետրոսյանը: Նա հայտնեց, որ հաշվեկշռով վիճելի հողատարածքը մշտապես ներկայացվել է իբրեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կից թռչնաֆաբրիկայի հողեր, որոնք համարվել են տնտեսությանը կից երկրորդ հատվածի հողեր: 91 թ. սեփականաշնորհումից հետո հողերը ոչ մի տնտեսության չեն սեփականաշնորհվել, որովհետեւ մշակելու ցանկություն հայտնողներ չեն եղել: Այդ տարիներին թալանվել ու ավերվել են հաղորդակցման բոլոր ուղիները` ոռոգման, ցամաքեցման «դրենաժների» համակարգը եւ այլն:

«Հոկտեմբերյանում չի կարելի հողն անմշակ թողնել: «1993 թ.- ից զբաղվել եմ վարձակալության տալու հարցով, բայց ցանկություն հայտնողներ չեն գտնվել: Այդ 1000 հա-ը բերրի դարձնելու համար միլիարդներ են ներդրվել»

Հողերը շրջգործկոմի վրա հաշվառվել են իբրեւ օգտագործելի հողեր եւ մտահոգված էին, որ մշակելու ցանկություն ունեցողներ չեն գտնվել: Ինչպես հայտնեց գյուղվարչության նախկին պետը' ե°ւ գյուղնախարարը, ե°ւ այլ պաշտոնյաներ փնովում էին իրեն, ասելով Հոկտեմբերյանում չի կարելի հողն անմշակ թողնել: «1993 թ.-ից զբաղվել եմ վարձակալության տալու հարցով, բայց ցանկություն հայտնողներ չեն գտնվել: Այդ 1000 հա-ը բերրի դարձնելու համար միլիարդներ են ներդրվել»,-շեշտեց պրն Պետրոսյանը:

Նաեւ տեղեկացրեց, որ շրջանային գործադիր կոմիտեն երկու անգամ կառավարությանը գրությամբ տեղեկացրել է, որ հողերը չեն օգտագործվում, կրկնակի աղակալման են ենթարկվում: Թալանված է ջրամղիչ պոմպը, ջրատարները փակվել են, ցանքեր չեն կատարվում: Կառավարությունը գումար չի ունեցել ֆինանսավորելու: Դիմել են հայպետհողշին պետնախագիծ ինստիտուտին, որպեսզի հողերի կարգը որոշելու համար մասնագետներ ուղարկի:

Նույնը հաստատեց Արմավիրի նախկին մարզպետ Ս. Հովհաննիսյանը: «Երբ գործկոմի նախագահ նշանակվեցի` իրազեկվեցի, որ հողերը չեն մշակվում եւ կրկնակի աղակալման վտանգի տակ են, որովհետեւ եթե ջրատարները չեն մաքրվում, հողը չի մշակվում, ջրերը նորից բարձրանում են, հողը կրկին աղակալվում է»: Նա նշեց, որ նախկինում էլ գործկոմն էր որոշել ժամանակավոր օգտագործման հատկացնել տվյալ տնտեսություններին` որպես սակավահող գյուղեր:

Վիճելի հողատարածքն անմշակ թողնելու հանգամանքը Ս. Հովհաննիսյանը բացատրեց նրանով, որ 91 թ. բնակչությունը սեփականաշնորհված հողեր էր ստացել, հոսանքը մի քանի ժամով էր, ոռոգման խնդիր կար, տարածքները հեռու էին եւ այլն: «Հիմա մշակվում են, ներդրումներ են կատարվել, ջրագծեր են բերվել, ջրատարները մաքրվել են եւ միշտ էլ կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան պատրաստի եղածն իրենցով անել»,-Արմավիրի մարզպետարանի քայլը մեկնաբանեց Ս. Հովհաննիսյանը: Ի դեպ «Կոմպլեքս» ՍՊԸ- ն մշակել է 131 հա-ը, իսկ մնացյալ 85 հա-ից գրությամբ հրաժարվել է 96թ.-ին եւ, ինչպես Հ.Պետրոսյանը, Ա. Մելքոնյանն ու լավատեղյակ այլ անձինք են վկայում, այդ հողերն առայսօր չեն մշակվում:

Հ.Պետրոսյանը հայտնեց նաեւ, որ ինքը մարզպետ Ա. Հերոյանին բացատրել է ճշմարտությունը, ծանոթացրել է որոշումներին, փաստաթղթեր է ցույց տվել, բայց դրանք ոչ մի նշանակություն չեն ունեցել: «Եթե 108 որոշումն էլ չլիներ, գյուղապետերը համաձայնություն էլ չտային, մենք իրավասու էինք հողերը հանձնելու վարձակալության»,-շեշտեց գյուղվարչության նախկին պետը:

Ինչպես հայտնեց Հ. Պետրոսյանը, ՀՀ կառավարության 94 թ. 108 որոշումը հողերը մրցութային կարգով վարձակալության հանձնելու լավագույն առիթն էր: Մինչ այդ, գյուղապետերը բազմիցս դիմել են հողատարածքներն իրենց բալանսից հանելու խնդրանքով, որը երկու պատճառ ուներ' 1. դրանք մտնում էին իրենց հաշվեկշռի օգտագործելի հողերի մեջ, որի հետեւանքով տարածքը մեծանում էր, իսկ վարձերի տոկոսային հարաբերությունն ընկնում էր. «այնտեղ անձ չկար, որը փակեր հողերի հարկային եւ ոռոգման վարձերը»: 2. բնակտարածքից հեռու էին եւ վառելիքի սուղ պայմաններում մարդիկ մշակելու հնարավորություն չունեին:

Ըստ պրն Պետրոսյանի, գյուղապետերի համար նույնպես 108 որոշումը վիճելի հողատարածքներից հրաժարվելու լավագույն առիթն էր եւ գյուղապետերը դիմումներով հրաժարվել են հողերից բացառությամբ մեկի:

Անդրադառնալով հողերը վարձակալության տալու մրցույթին, որը դատախազության հայցադիմումի հիմքն է եղել, նա հայտնեց, որ նպատակը պետպահուստի հողերը ճիշտ ու նպատակային օգտագործելն է եղել: Նշանակված օրը չի հաջողվել մրցույթն անցկացնել, քանի որ միայն «Կոմպլեքս» ՍՊԸ-ն է դիմում ներկայացրել: Համաձայն ընդունված կարգի, 15 օր հետո կրկնամրցույթ պետք է անցկացնեին, բայց որովհետեւ դարձյալ ուրիշ դիմողներ չեն եղել` գրեթե միաձայն (միայն մեկն է ընդվզել) որոշվել է հողերը հանձնել «Կոմպլեքսին»: «Եթե իրենց հողերն էին, ինչպե՞ս էր գործադիր կոմիտեն նույնաբովանդակ որոշումներ կայացրել նաեւ 86, 88 թ.թ. եւ 95 թ., յուրաքանչյուր որոշում ներկայացվել է կառավարությանը: Եթե անօրինական լինեին, չէին հաստատվի»,-վստահաբար հայտնեց պրն Պետրոսյանը:

Նույնը հաստատեց Արմավիրի մարզի ներկայիս գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը, որն այն ժամանակ եղել է Տանձուտի գյուղապետը: «Շրջխորհրդի նախագահի մոտ են հրավիրվել գյուղապետերը եւ բոլորն էլ համաձայնել են, որ հողերը վարձակալության տրվեն «Կոմպլեքս» ՍՊԸ-ին, որովհետեւ ուրիշ ցանկացող չկար: Բայց պայմանագիրը պետք է կնքեին գյուղապետեի հետ, որպեսզի գյուղերի բյուջե փոխանցվեր վարձավճարը: Ես, բնականաբար, համաձայնվել եմ, որեվհետեւ մեր համայնքի հողերը աղակալած վիճակում էին եւ ցանկացողներ չկային: Աղակալած լինելու պատճառով չէին մշակվում նաեւ Նորապատի, Այգեշատի համայնքների հողերը»,-փոխմարզպետի ընդունարանում տեղի ունեցած հանդիպման ժամանակ մեզ պատմեց վարչության պետը:

Պրն Մխիթարյանը նրան ընդհատելով ավելացրեց. «Չմոռանանք իրավիճակը. Ա. Հովհաննիսյանը շրջգործկոմի նախագահն էր, ՀՀՇ Արմավիրի տարածաշրջանի ղեկավարը, ՀՀՇ վարչության անդամ, բոլորը վախենում էին»: Թերեւս նույն բացատրությունը պետք է տալ այն հանգամանքին, որ, պայմանագիրը կնքելուց չորս տարի հետո, գյուղապետերը միաժամանակ են մտաբերել, որ իրենց հողերն ապօրինի են հանձնել վարձակալության եւ գրությամբ պահանջել են վերադարձնել համայնքներին:

Իրոք, ՀՀ կառավարության 108 որոշման 3 կետը սահմանում է, որ վարձակալության մրցույթն անցկացնում է պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի կողմից ստեղծվող մրցութային հանձնաժողովը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի գյուղվարչության պետը, վարչության համապատասխան մասնագետները, ինչպես նաեւ պատգամավորների տվյալ գյուղխորհրդի գործկոմի նախագահը եւ գյուղական համայնքի ներկայացուցիչները: 17 կետով պատգամավորների շրջխորհրդի գործկոմի գյուղվարչությունն ամփոփում է գյուղխորհրդների հողերի վարձակալության արդյունքները, ներկայացնում Է այն շրջխորհուրդների քննարկմանը:

Դատախազությունը դիմել Է, իսկ դատարանը որոշում Է կայացրել

Արմավիրում բոլորը խոսում Էին այն մասին, որ առվույտի դաշտերը ձմերուկ եւ սեխ աճեցնելու լավագույն տարածքներն են, որոնք գյուղացիներին վարձակալության են տրվում 1 հա 200-500 դոլարով: «Հոկտեմբերյանի ու Էջմիածնի տարածքի հողերը գումար արժեն եւ հետաքրքրվողները շատ-շատ են, ենթավարձակալություն ասվածը հենց էնպես խոսքեր չեն, 1 հա 200-300 դոլարով են տալիս վարձակալության: Սա է ենթավարձակալությունը»,-բացատրում էր նաեւ պրն. Մխիթարյանը:

Ստացվում է, որ վիճելի հողատարածքը շահույթ ստանալու լավագույն աղբյուր է, որի վրա կենտրոնացել է մարզի իշխանավորների ուշադրությունը: «Կոմպլեքս» ՍՊԸ-ին վարձակալության տրված առվույտի դաշտերն (Եղեգնուտի համայնք) այս տարի նույնպես ենթավարձակալության էին տրվել գյուղացիներին, որոնք ձմերուկ էին աճեցրել: Մեր հարցին ո՞ւմ է պատկանում հողատարածքը' պատասխանեցին, թե վարձակալել են մեկ տարով եւ վարձավճարը մուծում են նրան, ումից վարձակալել են: Նրանք հաստատեցին, որ նախկինում այդտեղ առվույտի դաշտեր են եղել, որը նպաստավոր է ձմերուկ աճեցնելու համար, այդ պատճառով էլ վարձակալել են:

Մարզպետ Ա. Հերոյանը, զրույցի ժամանակ խոստովանելով հանդերձ, որ մարզպետարանն իր տնօրինության տակ ոչ մի թիզ հող չունի' 99 թ. նոյեմբերի 25-ին իբրեւ վարձատու է հանդես եկել եւ 10 տարի ժամանակով 9,8 հա հող է վարձակալության հանձնել Եղեգնուտի գյուղապետարանին, հանձնման ու ընդունման ակտ է ստորագրել: Գյուղապետերն էլ իրենց հերթին ենթավարձակալության են հանձնում մեկ տարի ժամկետով:

Ա. Հերոյանի հետ մեր առաջին հանդիպումը տեղի ունեցավ իր աշխատասենյակում, սակայն պրն Հերոյանը պաշտոնապես բացատրություն տալու ցանկություն չուներ եւ առաջարկեց մարզպետարանի աշխատակիցների հետ զրուցել, իսկ աշխատակիցները չթաքցրին իրենց դժգոհությունը ինչո՞ւ պետք է իրենք բացատրություն տան: «ՀՀ նախագահի վերահսկողական ծառ այությունից եկել են, կառավարության վերահսկողական ծառայությունից եկել են, Ազգային անվտանգության նախարարությունից եկել են, դատախազությունից եկել են, լրագրողներ եկել են, միայն «կաթողիկոսարանից» չեն եկել»,-վերջում կես լուրջ, կես կատակ ավելացնում էին նրանք:

 Այդուհանդերձ, մի կարեւոր առաջընթաց նկատելի էր մարզպետարանում, արդեն ընդունում էին, որ դրանք գյուղնախարատւթյան ենթակայության տակ գտնվող թռչնաբուծական ֆաբրիկայի հողերն են: Փոխմարզպետ Մ. Մխիթարյանը հայտնեց, որ 88 թ. շրջգործկոմի դիմումների համաձայն են հողը հատկացրել գյուղերին, իբրեւ սակավահող գյուղեր, «որովհետեւ սեփականաշնորհումից առաջ ուզում էին գյուղերին բերել հավասար վիճակի»: Նրա ասելով դրանք մնացին պահուստային ֆոնդի հողեր:

Փոխմարզպետին խնդրեցինք մի կողմ թողնել դատարանի վճիռները եւ ներկայացնել մի փաստաթուղթ, որով պարզ դառնա, թե 1988 թ. ի՞նչ կարգավիճակով են հողերը տրվել գյուղերին: Փոխարենը մեզ հրամցրին մի քարտեզ, որտեղ նշված էր, թե գյուղերից որին ինչքան հող էր հատկացվել ՀՀ կառավարության 88 թ. որոշմամբ:

Ե'վ մարզպետը, ե'ւ փոխմարզպետը ճիշտ են համարում հողերը մեկ տարով վարձակալության հանձնելը:

«...Մեր մեղքը չի, դատախազությունն է դիմել դատարան. ինքն էլ թող պատասխանտա: Դատարանն է երեք ատյաններով վճիռ կայացրել, ինքն էլ թող պատասխան տա իր կայացրած վճիռների համար: Մենք պետական պաշտոնյա ենք, հարգում ենք դատարանի վճիռը եւ իրագործել ենք այն»:

Միանշանակ պնդում են, որ «Կոմպլեքս» ՍՊԸ-ին վարձակալության տալը ապօրինություն է եղել, որն իրենք կանխել են:

«Դատարանն իր երեք ատյաններով գտավ, որ անօրինականություն էր տեղի ունեցել»,-ասում էին մարզպետարանում իրար ետեւից սեղանին դնելով դատարանի վճիռներն ու որոշումը: Երբ հայտնեցինք, որ դատարանի վճիռներն ապօրինի են, քանի որ հայցվորը ապացույցներ չի ներկայացրել դատարանին եւ իրենք դատարանի վտարման որոշում չեն ունեցել, ուստի «Կոմպլեքս» ՍՊԸ-ին իր վարձակալած հողատարածքից վտարելն ապօրինի է, մեկեն զգաստացան եւ ասացին. «Մեր մեղքը չի, դատախազությունն է դիմել դատարան, ինքն էլ թող պատասխան տա: Դատարանն է երեք ատյաններով վճիռ կայացրել, ինքն էլ թող պատասխան տա իր կայացրած վճիռների համար: Մենք պետական պաշտոնյա ենք, հարգում ենք դատարանի վճիռը եւ իրագործել ենք այն»:

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter