HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքական զուգահեռականներ

ՀԵՏՔ-ը սկսում է շարունակաբար ներկայացնել բանաստեղծ Մարինե Պետրոսյանի «Թուրքական զուգահեռականներ» ճամփորդական պատմվածքը: Գրական եւ խոսակցական լեզուների խառնուրդը հեղինակի գրական սկզբունքն է, եւ չէր կարող խմբագրվել: 

Մարինե Պետրոսյան 

Թուրքական զուգահեռականներ (Ճամփորդական պատմվածք

«Ես առաջ չգիտեի ուրիշ հայեր էլ կան... կարծում էի` դե մեր մոտի հայերն են…»: «Մեր մոտի հայերը» Թուրքիայում մնացած հայերն էին: Իսկ ուրիշ հայը տվյալ պահին ես էի: Սեւեռուն` ինչքան որ թույլ էր տալիս թուրքական քաղաքավարությունը, Լաթիֆեի աչքերը նայում էին ինձ` շրջանակված ձայնի դեռ զրնգացող արձագանքով, գլխաշորի ոսկեգույն մետաքսով ու բնակարանի փափուկ հանդիսավորությամբ: 

Դեռ Վանը չէի տեսել: Դեռ Սվազի հայկական թաղամասը չէինք փնտրել: Աթաթուրքի դամբարան հաջորդ օրն էինք գնալու... «Գնում եք որ ի՞նչ տեսնեք` իրա խմած գինու շշե՞րը».. Դեռ ճամփորդության առաջին օրերն էին, ու առաջին օրերի ամենամեծ անակնկալը` Լաթիֆեի ոսկեգույն գլխաշորը` որպես թուրքական այլախոհության առանցքային ժեստ: 

Պարադոքս ա` իսլամամետ կուսակցությունը իշխանության գլուխ լինելով, իսլամականներն իրանց դեռ ընդդիմություն են զգում£ Ընդդիմություն` կապուտաչյա Մուստաֆային, որ հեռավոր 38 թվականին մահացավ լյարդի ցիրոզից: Բայց ոնց որ թե` էնքան էլ մահացած չի: 

«Բանակում ամեն օր ներկա­բացակա անելիս կարդում են իրա անունը. Հաքան: Ներկա: Զեքի: Ներկա: Յունուս: Ներկա: ... Մուստաֆա Քեմալ: Ներկա`(բոլորը միասին)»: Էս Աբդուլան էր պատմո՞ւմ, թե Թահիրը: Երեւի Աբդուլան, Թահիրն ընդհանրապես ավելի շատ տխուր լռում էր: Որ հարց տայիր, խոսում էր խաղաղ, դանդաղ, ստուգելով ու ճշգրտելով արտասանած բառերն ու մտքերը, հետո մեկ էլ կեսից լռում էր: Սկզբում կարծում էի` անգլերեն բառերն էին քչություն անում, դրա համար էր լռում, հետո հասկացա, որ էդ լռությունը նշանակում էր` է, այսինքն թե, իրա սիրած բառով`«ուշ ա»: 

Թահիրին իրա գյուղի մասին հարցրի, ասեց` «Աղքատ գյուղ ա»: Աբդուլան զարմացավ` «Ձեր գյուղը կարգին հարուստ գյուղ ա, էդ ինչի՞ հանկարծ աղքատ դարձավ»: «Աղքատ ա, Ամերիկայից որ գալիս ես` տեսնում ես: ... (է )»: 

Թահիրը թուրք գրականության դասախոս էր: Նահանգների համալսարաններից մեկում ուսումը շարունակելուց հետո վերադարձել` տեսել էր իրա երկիրը ինչ­որ սխալ ա սարքած: «Մեզ Եվրամիություն կթողնե՞ն որ: Երբեք չեն թողնի: Բա որ չէին թողնելու, բա որ տեղ չէինք հասնելու` ինչի՞ մեզ էս ճամփան հանեց: Ճանապարհին էլ` էնքան բան ջարդեց ու փշրեց, որ արդեն հետ դառնալ չի լինի: Ուշ ա»: 

Եթե էդ օրը կարողանայինք Վանի տոմս առնել, երեւի «ջարդող­փշրողի» դամբարան գնալու ժամանակ չմնար: Տարօրինակ ա, չէ՞, բոլորս էլ վաղուց գիտենք որ կյանքը հենց պատահեց` դառնում ա պատմություն, իսկ պատմությունը «եթե» չի հանդուրժում, բայց գիտենալով հանդերձ` առավոտից իրիկուն խոսում ենք եթեներով: Թվում էր` գոնե թանգարանները պետք ա եղածի մասին պատմեին, ոչ թե եթեների, բայց հենց Աթաթուրքի դամբարան­թանգարանում էր, որ ինձ պատահեց, ուզում եմ ասել` ոչ թե գլխումս ծագեց, այլ աչքերիս առաջ առարկայացավ, ամենաանսպասելի եթեն: Երբ որ թանգարանի առաջին հատվածից, հետեւելով միջանցքի հատակին խնամքով գծված սլաքներին, հայտնվեցի երկրորդ հատվածում` թնդանոթները կրակում էին, արկերը պայթում էին, նվագախումբը նվագում էր, զինվորները երգը շուրթերին մեռնում էին, ու էդ ամեն ինչը` ձախ պատի հսկա երկայնքով փորված փոսում, այնինչ աջ կողմի պատի վրա... ոճով` վավերական­ռեալիստական, չափերով ու բովանդակությամբ` ֆանտաստիկ մի քարտեզ էր, որի վրա Թուրքիան չկար, ավելի ճիշտ կար, բայց էնքան փոքր էր, որ անճանաչելի էր, ու Հայաստանը նույնչափ, բայց հակառակ իմաստով անճանաչելի էր, եւ Հայաստանն ու Թուրքիան փաստորեն նույնքաշային հարեւաններ էին: Ու Սվազը փաստորեն համարյա սահմանային քաղաք էր: 

Թանգարանի նախորդ հատվածը սկսվել էր Զուբեյդե խանումի փոքրիկ նկարով, էս մեկը բացվում էր Սեւվրի դաշնագրի հսկայական քարտեզով: Ասել կուզի Սեւրով, ավելի ճիշտ ընդդեմ Սեւրի սկսվում էր Մուստաֆայի երկրորդ ծնունդը. Զուբեյդե խանումից ու Ալի Ռիզայից ծնվածը պատերազմի բոցերի միջով փոխակերպվում էր Աթաթուրքի` բոլոր զուբեյդեխանումների եւ ալիռիզաների հոր: Իսկ նման դեպքերում, այսինքն էն դեպքերում, երբ մարդը որոշում ա դառնալ իրա ծնողների ծնողը, կողմերի փոխհարաբերությունները սովորաբար բավական բարդ են ստացվում: Ուզում եմ ասել` Աթաթուրքի եւ թուրք ժողովրդի փոխհարաբերությունները եթե բնորոշենք որպես սիրավեպ, պետք ա խոստովանենք որ գործ ունենք բնավ ոչ արեւելյան մի սիրավեպի հետ, ուր սիրո եւ ատելության սահմանները լավ չեն տարբերակվում: 

Քանի դեռ պատերազմ էր, հարաբերությունները քիչ թե շատ պարզ էին կարծես` Մուստաֆան գնում էր առջեւից, թուրք ժողովուրդը` հետեւից. տղամարդիկ կռվում էին, կանայք զինամթերք էին հասցնում ռազմաճակատ: «Սերիֆե բաջին Կաստամոնուից, որ ցրտահարվեց ու մահացավ` երբ որ Ինեբոլուից սայլով զինամթերք էր տեղափոխում Անկարա»: Լուսանկարը փոքր էր ու խունացած, Սերիֆե բաջիի դեմքը չէր երեւում: Չգիտեմ` ինչքան էին վավերական ու ինչքան էին բազմաքանակ սերիֆեբաջիները, բայց թուրք տղամարդիկ Մուստաֆայի հետ միասին երեւի թե կռվում էին, թե չէ մենակ Վլադիմիր Իլյիչի ուղարկած ոսկիների զորությամբ դժվար թե հնարավոր լիներ ռեւանշ վերցնել բոլոր երեք ճակատներում` ընդդեմ հայերի, հույների ու ֆրանսիացիների, Սեւրի դաշնագիրը վերածելով թղթի կտորի: 

Հետո պատերազմը վերջացավ, սկսվեց բուն հեղափոխությունը: Հանուն հանրապետության: «Թուրք ազգի բնավորությանն ու ավանդույթներին ամենից համապատասխան կառավարման համակարգը հանրապետությունն է»/ Մուստաֆա Քեմալ Աթաթուրք: Ինչը պահանջվում էր ապացուցել: Որ անցա մեջբերումների, երկրորդն էլ բերեմ.«Պատմությունը գրելը նույնքան կարեւոր է, որքան պատմությունը կերտելը: Եթե գրվածն ու արվածը իրար չեն համապատասխանում, ճշմարտությունը կարող է ձեռք բերել մարդկությանը շփոթեցնող երանգներ»/Մ.Ք.Աթաթուրք: Շփոթմունքից խուսափելու պարզ մի եղանակ կա` քաջ հայտնի բոլոր հեղափոխականներին. պատմությունը նախօրոք ես գրում: Ավելի ճշգրիտ ասած` պատմությունը նախ հայտարարում ես, հետո հայտարարածդ սարքում­ապացուցում (կերտում): Սարքել կարողանալու համար` պետք ա էներգիան բավարարի: Սարքել ցանկացողների էներգիան: Բայց ես մի քիչ շեղվեցի: 

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter