HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինվորական հոսպիտալում ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեն փոխանցում է, որ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ստեփան Սևակի Ստեփանյանի մահվան դեպքի առթիվ:

2018 թվականի փետրվարի 12-ին հաղորդում է ստացվել, որ ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում մահացել է պարտադիր ժամկետային զինծառայող Ստեփան Սևակի Ստեփանյանը։ Նույն օրը՝  չորրորդ կայազորային քննչական բաժնում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու զինծառայողի մահվան պատճառները։

Նախնական տվյալներով՝ ժամկետային զինծառայող Ս.Ստեփանյանին 2018թ. փետրվարի 1-ից 10-ը հատկացվել է արձակուրդ, որը վերջինս անցկացրել է Կոտայքի մարզի Գառնի գյուղում: 2018թ. փետրվարի 10-ին զինծառայողը հորեղբոր ուղեկցությամբ՝ վերջինիս ավտոմեքենայով, Գառնի գյուղից ուղևորվել է Երևանի Հյուսիսային ավտոկայարան՝ Իջևան մեկնելու և զինծառայության վերադառնալու համար։ Ավտոկայարանի ճանապարհին՝ ժամը 12:30-ի սահմաններում, զինծառայողի ինքնազգացողությունը վատացել է, բայց մեկնելուց չի հրաժարվել։ Նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, Ս.Ստեփանյանը դիմել է զորամասի բուժկետ, ապա տեղափոխվել Իջևանի ԲԿ՝ բուժօգնության: Հաջորդ օրը՝ փետրվարի 11-ին՝ ժամը  07:30-ին, Ս.Ստեփանյանն անգիտակից վիճակում տեղափոխվել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ փետրվարի 12-ին՝ ժամը 17:30-ին, մահացել է:

Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացվել, իսկ դիակի դիահերձման արդյունքներով՝ դատաբժիշկները որպես մահվանը հանգեցրած ախտաբանական անմիջական վիճակ արձանագրել են՝ գլխուղեղի այտուց, ուղեղաբնի ներհրման համախտանիշով, իսկ որպես մահվան հիմնական պատճառ՝ «կոմա՝ անհայտ ծագման»:

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով փետրվարի 22-ին չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter