HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում․ Խաչատուր Ամիրջանյան

սկիզբը

Խաչատուր Ջումշուղի Ամիրջանյանը ծնվել է 1924-ին, Իջեւանի շրջանում: Աշխատել է Երեւանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում: Մինչեւ «Յոթի գործ»-ով իր ապագա համախոհների հետ ծանոթանալը, նա արդեն իսկ ունեցել է ձեւավորված պատկերացումներ խորհրդային երկրում տիրող կարգերի ու բարքերի վերաբերյալ:

1962թ. իր գրած «Պրոլետարիատի դիկտատուրայի 45 տարին»  հոդվածում, որը հետագայում մշակել եւ վերանվանել է «Համամիութենական հայրենասերների ընկերության հայտարարություն», նա արտահայտել է հակախորհրդային հայացքներ: Վերամշակված տարբերակով իր այս հոդվածին նա տվել է ծրագրային բնույթ։ Հոդվածում խորհրդային իշխանությունը տապալելու կոչ է արվում, քննադատվում է խորհրդային երկրում իրականացվող ազգային քաղաքականությունը եւ, որ ավելի նշանակալի է, նոր ստեղծվելիք իշխանության համար կոնկրետ դրույթներ են մատնանշվում։ Ընտրվել է որպես «Հայ երիտասարդների միություն» կազմակերպության խորհրդի անդամ։ Նրան եւ կազմակերպության մեկ այլ խորհրդի անդամի՝ Խաչիկ Սաֆարյանին է հանձնարարվել մշակել կազմակերպության ծրագիրը։ 

Կալանավորվել է 1964թ. հունվարի 22-ին: Դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Պատիժը կրել է Մորդովիայում` քաղաքական կալանավորների համար նախատեսված կալանավայրում: Կալանքի տակ 3 տարուց էլ պակաս մնալուց հետո վաղաժամ ազատ է արձակվել ու վերադարձել է Հայաստան: Աշխատել է  «Միտք» հրատարակչությունում: Հեռացել է ընտանիքից։ Տուն չունենալու պատճառով բնակվել է հրատարակչության սենյակներից մեկում։ Խորացած հիվանդության արդյունքում անդամահատել են նրա ոտքը։ Բոլորից լքված ու մենության մեջ վախճանվել է 1969 թվականին: Հակասական դերակատարում է ունեցել 1967-69թթ. գործող այլախոհական կազմակերպությունների ու առանձին այլախոհների  ճակատագրերում։ 

Այսպես` «Հանուն Հայրենիքի» խմբի աջակից ու այդ խմբի գործով դատապարտված Աղասի Անտոնյանի կինը՝ Մարին, հիշում է. «Երեւի մեկ տարի անց` Հարությունյան Շահենի միջոցով մեզ հետ ծանոթացավ Ամիրջանյան Խաչիկը: Նա Ասատուրի որդու` Վիգենի հետ 1964թ. դատապարտվել ու ժամկետից շուտ ազատ էր արձակվել: Ծանոթանալուց որոշ ժամանակ անց նա մեր տուն եկավ Ասատուրի հետ եւ ասաց, որ կնոջից բաժանվում է ու ապրելու տեղ չունի, խնդրեց ապաստան տրամադրել: Ես մի փոքրիկ սենյակ առանձնացրի, անկողին դրեցի, ու միառժամանակ նա մեր տանն էր ապրում: Որոշ ժամանակ անց տղաներից ոմանք սկսեցին կասկածանքով վերաբերվել Խաչիկին: Ասատուրը չէր հավատում, պնդում էր, որ Խաչիկն ազնիվ է, բայց մյուսները կասկածում էին: Ամսագրի տպագրման աշխատանքներում Խաչիկը ներգրավված չէր: Ամեն ինչ արվում էր նրանից գաղտնի: Նա գիտեր միայն, որ խումբ է գործում: Թե ինչ է անում այդ խումբը եւ ինչով  է  զբաղված` չգիտեր: Անընդհատ  հարցուփորձ էր անում, առաջարկում իր ծառայությունները: Նախաքննության փուլում Ամիրջանյան Խաչիկի նկատմամբ մեր կասկածները վերջնականապես հիմնավորվեցին»։ 

Պատմում է ԱՄԿ հիմնադիրներից Շահեն Հարությունյանը. «Նրանց հարկավոր էր մարդ, ում միջոցով կկարողանան ոչ թե մոտավոր, այլ հստակ տեղեկություններ ստանալ «Փարոսի» եւ ԱՄԿ-ի վերաբերյալ: Եւ ՊԱԿ-ը ժամանակից շուտ կալանավայրից ազատ արձակեց մինչ այդ «Յոթի գործ»-ով դատապարտված Ամիրջանյան Խաչիկին: Վիգեն Բաբայանի տիկնոջ` Սեդայի միջոցով նա փոխանցել էր, որ ցանկանում է հանդիպել ինձ: Գնացի հանդիպմանը: Ամեն ամիս Ամիրջանյան Խաչիկի ընտանիքի համար, երբ նա կալանավայրում էր, գումար էինք հավաքում: Նա այլախոհներիս մեջ հեղինակություն էր վայելում: Վերջին հաշվով, դատապարտված ու կալանավայրից հենց նոր ազատ արձակված մարդ էր: «Փարոսով» էր հետաքրքրված: Առաջարկում էր իմանալ, թե ովքեր են կազմակերպիչները, աջակցել ու օգնել սկսած լավ գործը շարունակելու համար: Ես նրան ծանոթացրեցի Հայկազի հետ: Հետագայում բոլորն են համոզվել, որ Խաչիկը կալանավայրից վաղաժամ ազատ է արձակվել հատուկ ԱՄԿ-ն բացահայտելու գործում ՊԱԿ-ին օժանդակելու համար: Անձամբ ես նրա երեսին եմ սա ասել: Մեզ հետ միաժամանակ ձերբակալվեց նաեւ «Հանուն Հայրենիքի» խումբը: Այս խմբի հետ Ամիրջանյանը նույնպես կապեր էր հաստատել, եւ նրանց ձերբակալումը կրկին նրա մատնությամբ տեղի ունեցավ»։

Հիշում է ԱՄԿ հիմնադիրներից Հայկազ Խաչատրյանը 1989թ. «Մաշտոց» հանդեսին տված հարցազրույցում. «Մեկ ուրիշը կար՝ Ամիրջանյան Խաչիկ: Նա դավաճան էր, թրքանման մարդ, բանտից մեկ տարի շուտ ազատվեց»։ 

Պատմում է Ամիրջանյան Խաչիկի հետ նույն գործով դատապարտված Մերուժան Հովհաննիսյանը. «Այն, ինչ վերագրվում է Խաչիկ Ամիրջանյանին նրա հետկալանավորական շրջանում, ես չեմ հավատում։ Խաչիկ Ամիրջանյանը մեզանից միակն էր, որ դատավարության ժամանակ ներողություն խնդրեց։ Այն ժամանակ մենք դա դատապարտելի արարք չհամարեցինք։ Հետագայում էլ կալանավայրից վաղաժամ ազատ արձակվեց։ Նա առաջինն էր, որ իմ ազատ արձակվելուց հետո եկավ ինձ տեսության։ Մեր այդ հանդիպման ժամանակ նա բողոքեց, որ ոմանք իրեն անհարկի մեղադրանքներ են ներկայացնում եւ մատնիչ են համարում։ Ես ինքս չեմ կարծում, որ կալանավայրից ազատ արձակվելուց հետո նա ՊԱԿ-ի հետ համագործակցելու որեւէ հիմք կամ դրդապատճառ պետք է ունենար։ Եթե նա հանուն իր փրկության համաձայներ համագործակցության, ապա դա, առաջին հերթին, կաներ կալանավայրում, բայց կալանավայրում ես չեմ լսել, որ նրա նկատմամբ նման կասկածներ լինեն»։ 

Վերջին հաշվով, պարզել վերջնականապես, թե ի՞նչ է պատահել այս մարդու հետ, ով 1960-ականների ազգային-հայրենասիրական շարժումների ոչ միայն ակտիվ մասնակից է եղել, այլ այդ շարժումների մասնակիցների շրջանում հեղինակություն է վայելել, դժվար է։ Այսօր նա չկա եւ պաշտպանվել չի կարող։ Մենք ընդամենը հրապարակել ենք նրա հետ շփված եւ նրան առնչված մարդկանց հիշողությունները եւ կարծիքները նրա մասին։ Մնացած ամեն ինչ կպարզվի միայն այն ժամանակ, երբ կգաղտնազերծվեն այս բնագավառին վերաբերող արխիվները։ 

Խաչատուր Ամիրջանյանի լուսանկարը՝ քրեական գործից

(շարունակություն)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter