HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավարտվել է պաշտոնեական կեղծիքներ կատարած նախկին քննիչի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացում է, որ պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի վերաբերյալ ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Դավիթ Հովհաննիսյանը, 23.11.2016թ.-ից մինչև 26.10.2017թ.-ը աշխատելով Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնում, իր վարույթում քննված քրեական գործով տևական ժամանակ քննչական և դատավարական գործողություններ չկատարելու հանգամանքները քողարկելու, ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիքներ:

Մասնավորապես, Դ. Հովհաննիսյանն իր վարույթում քննվող՝ Արարատի մարզի Նորաբաց գյուղում գտնվող առանձնատնից 28.12.2016թ.-ին կատարված առանձնապես խոշոր չափերով գողության վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում սեփականատեր Ռ. Մ.-ին և վերջինիս կնոջը ժամանակին չհարցաքննելու, դատահետքաբանական փորձաքննություն չնշանակելու և մի շարք այլ հանգամանքներ քողարկելու նպատակով 30.01.2017թ.-ին կազմել է արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել, թե, իբր, դրանք կազմվել են 29.12.2016թ.-ին` առանձնատնից կատարված գողության դեպքի հաջորդ օրը:

Այնուհետև 31.01.2017թ.-ին քննիչը կայացրել է առանձնատան մուտքի դռան փականն ու բանալիներն առգրավելու մասին որոշում, կազմել տուժողի կնոջ հարցաքննության, առգրավման և փորձաքննություններ նշանակելու մասին որոշումները տուժողին ծանոթացնելու մասին արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել դրանց կատարման օրվա, ժամի և վայրի վերաբերյալ: Ընդ որում, առգրավման վերաբերյալ կազմված արձանագրությունում որպես ընթերակա նշել է մտացածին անձանց տվյալներ և դրել կեղծ ստորագրություններ:

ՀՔԾ հաղորդագրության համաձայն` շարունակելով իր հանցավոր մտադրությունը՝ Դ. Հովհաննիսյանը կազմել է նաև դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու մասին որոշում, որում ևս մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ: Իր կողմից կատարված կեղծիքները, ինչպես նաև նշված որոշումը դեպքից տևական ժամանակ անց` 31.01.2017թ.-ին կազմած լինելու հանգամանքը քողարկելու նպատակով Դ. Հովհաննիսյանը Մասիսի քննչական բաժնի գրասենյակի` ելքի փաստաթղթերի գրանցման գրքում նշել է, թե իբր, դատահետքաբանական փորձաքննություն նշանակելու մասին հիշյալ որոշումը ելքագրվել է 09.01.2017թ.-ին: Այնուհետև 2017թ.-ի փետրվարին այցելել է Արարատի մարզի Նորաբաց գյուղ, որտեղ կազմել է վկաների հարցաքննության արձանագրություններ, որոնցում ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել, թե, իբր, դրանք կազմվել են 30.12.2016թ.-ին` գողության դեպքից երկու օր հետո` Մասիս քաղաքում:

Ավելին, 2017թ. փետրվարին քրեական գործով վկայի հարցաքննության ընթացքում տեղեկանալով, որ վերջինս գողության օրը որսի գնալիս տուժողի տան դիմաց նկատել է կասկածելի ավտոմեքենա, նրան դեպքից տևական ժամանակ անց հարցաքննելու և մատնանշված ավտոմեքենայի` գողության դեպքի հետ առնչությունը չստուգելու նպատակով և անհրաժեշտ անհետաձգելի միջոցառումներ չիրականացնելու հանգամանքները թաքցնելու մտադրությամբ` քննիչը վկայի հարցաքննության արձանագրությունում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ, թե, իբր, վերջինս գողության դեպքի օրը գտնվել է տանը և տուժողի տան մոտ կասկածելի ավտոմեքենաներ չի նկատել:

Դ. Հովհաննիսյանն ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել նաև գողության կատարման մեջ կասկածվող անձանց հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությունում` նշելով, թե, իբր, գործողության կատարմանը ներկա են գտնվել երկու ընթերականեր, ինչպես նաև դրել է կեղծ ստորագրություններ: 

Ստանալով գողության կատարման մեջ կասկածվող անձանց բնակարաններում խուզարկություններ կատարելու թույլտվության մասին Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումները` քննիչը դրանցում նշված Սևան քաղաքի Գագարին ավանում գտնվող 3 բնակարաններ ընդհանրապես չի գնացել, տուժողի տնից հափշտակված իրեր փնտրելու և գտնելու նպատակով խուզարկություններ չի կատարել: Փոխարենը, պատշաճ և արդյունավետ նախաքննություն կատարելու պատրանք ստեղծելու անձնական դրդումներով, Մասիսի քննչական բաժնում` իր աշխատասենյակում, կազմել է խուզարկությունների կատարման վերաբերյալ 3 ամբողջովին կեղծ արձանագրություններ` դրանցում նշելով, թե, իբր, նշված անձանց բնակարաններում խուզարկություններ է կատարել, որոնց մասնակցել են ընթերականեր և այլ մասնակիցներ, իսկ կատարված խուզարկությունների արդյունքում ոչինչ չի հայտնաբերվել: Միաժամանակ, նշված արձանագրություններում որպես ընթերակա նշել է մտացածին անձանց տվյալներ, որոնց, ինչպես նաև մասնակիցների անունից դրել է կեղծ ստորագրություններ և վերջիններիս ազգանունների վերաբերյալ կեղծ գրառումներ կատարել:

Դ. Հովհաննիսյանն իր կողմից կազմված, կեղծ տեղեկություններ պարունակող և ամբողջովին կեղծ բոլոր փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` դրանք կցել է իր վարույթում քննվող քրեական գործին:

Այսպիսով, Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնի նախկին ավագ քննիչ Դավիթ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով` բազմաթիվ դրվագներով պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter