Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Գևորգ Կոստանյանի վստահեցմամբ՝ 2008-ի Մարտի 1-ին արտակարգ դրություն է հայտարարվել սահմանային լարվածության համար



Նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը «Ելք» խմբակցության կողմից հրավիրած «2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» թեմայով լսումներին շնորհակալություն հայտնեց «Ելք»-ին՝ նման նախաձեռնության համար։

Անդրադառնալով ելույթներին, որտեղ անդրադարձ էր կատարվում արտակարգ դրություն հայտարարվելու որոշմանը, Կոստանյանն ասաց․

«Սահմանադրության 55 հոդվածի 13-րդ կետը հստակ սահմանում է` հանրապետության նախագահը հայտարարում է արտակարգ դրություն և իրականացնում իրավիճակից թելադրվող միջոցառումներ։ Հստակ սահմանվում էր, որ մինչև արտակարգ դրության ռեժիմի օրենքի ընդունումը նախագահն իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ։ Հետևաբար խոսել, որ արտակարգ դրություն հայտարարելը ապօրինի էր կամ Սահմանադրությանը համապատասխան չէր, ներողություն եմ խնդրում, բայց դա ընդհանրապես հիմք չունի»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է գաղտնի հրամանին, որին անդրադարձան ելույթ ունեցողներից շատերը, Կոստանյանը նկատեց․

«Այո, դա գաղտնի հրաման էր, և այդ գաղտնիքը հրապարակելու համար անձինք ենթարկվեցին պատասխանատվության, բայց արդյոք դա ենթադրո՞ւմ է զորքի մասնակցություն Մարտի մեկի միջոցառումներին, իհարկե ոչ, հրամանում էլ, փաստահավաք խմբի բացատրություններում էլ հստակ սահմանվեցին, որ այս հրամանը վերաբերում էր զորքը զորանոցային վիճակի բերելու անհրաժեշտությանը՝ պայմանավորված նրանով, որ այդ ժամանակահատվածում սահմանին ակտիվացում էր»,-ասաց նա։

Այս խոսքերից հետո տեղից միջամտում էին զոհերի իրավահաջորդները, Կոստանյանն էլ արձագանքեց. «Ժողովու´րդ, ասելով չէ, այդ ամենը գրված է»։

«Իմ ասածն այն է, որ երբ մարդը չի կարդում հրամանը, հայտարարություն է անում, նման հետևության ենք հանգում։ Եթե ինչ-որ բանի հետ դուք համաձայն չեք, դա չի նշանակում, որ դա տենց չէ»,- ասաց Կոստանյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տեսանյութը՝ Parliament.am կայքի ուղիղ հեռարձակման։


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ