HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ թեթևամտություն արդարադատության նկատմամբ». պաշտպան Եգորյանը՝ դատավոր Գրիգորյանին

«Այս դատավարությունը մասնագիտական բեռ է մնալու Ձեր վրա, որը Դուք հիշելու եք միշտ, և որը Ձեզ հիշեցնելու են միշտ». այս խոսքերով Ժիրայր Սեֆիլյանի ու Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանը ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց նիստը նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։ Միջնորդության հիմքում, ըստ պաշտպանի, դատավորի ոչ բավարար մասնագիտական ունակություններն են:

Պաշտպան Եգորյանը անդրադարձավ դատավարության 9 ամիսներին տեղի ունեցած մոտ 30 դրվագների, երբ, իր բնորոշմամբ, խախտվել, խոչընդոտվել, սահմանափակվել է իր պաշտպանյալների պաշտպանական իրավունքը՝ սկսած ոտքի չկանգնելու համար կիրառված սանկցիաներից մինչև դատական նիստերի արձանագրությունների տրամադրման մերժում։

«Մինչ օրս հրաժարվում եք տրամադրել այն նիստերի արձանագրությունները, որոնց ներկա չեն եղել մեր պաշտպանյալները։ Զրկել եք պաշտպանվելու հնարավորությունից։ Սա դժվար է նկարագրել, թե ինչպիսի խախտում է։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ թեթևամտություն արդարադատության, ի վերջո` Ձեր առաքելության նկատմամբ»,-նշեց Տիգրան Եգորյանը։

Ժամանակ առ ժամանակ Եգորյանի ինքնաբացարկի միջնորդությունն ուղեկցվում էր ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիների բուռն, հոտնկայս ծափողջյուններով ու «բացարկ-բացարկ» վանկարկումներով։

«Ձեր մասնագիտական որակները թույլ չեն տալիս այս դատավարությունն անցկացնելու»,-հայտարարեց Տիգրան Եգորյանը։

«Ընդհատում եմ Ձեզ։ Դուք նախագահողի նկատմամբ դրսևորեցիք ընդգծված վիրավորական վերաբերմունք։ Դուք չէ, որ պետք է գնահատական տաք նախագահողի մասնագիտական որակներին»,- պատասխանեց Տաթևիկ Գրիգորյանը եւ սանկցիա՝ նախազգուշացում կիրառեց Տիգրան Եգորյանի նկատմամբ՝ հայտարարելով, որ նման վարքագիծն անթույլատրելի է։

«Ձեր խոսքում նշեցիք, որ վերջին անգամ եք նախազգուշացնում, իսկ առաջինը ե՞րբ էր։ Դուք այնպիսի ցավալի արաքներ եք թույլ տվել, սրա մասին մի ցավացեք։ Ձեռնահասությունը հիմք է ինքնաբացարկի, այլ կերպ ես չեմ կարողանա հիմնավորել իմ ինքնաբացարկը։ 

«Ժանգլյորության պայմաններում ենք իրականացրել ծանր մեղադրանքներով մարդկանց պաշտպանությունը։ Մթության պայմաններում ականապատված դաշտում ենք քայլում։ Միգուցե Ձեզ պաշտպանական կողմ ընդհանրապես պետք չէ։ Կարող էիք ավելի հարմարավետ վայրում հանդիպել դատախազների հետ ու դատավարություն անել»,- ընդգծեց Եգորյանը։

Պաշտպանը նկատեց, որ դատավոր Գրիգորյանն իր նշած խախտումները չի կարող պատահականորեն անել. «Կամ դիտավորությամբ  եք անում կամ մասնագիտական որակների հետևանք է»։

«Դուք ունակ չեք և չեք կարող հանդես գալ որպես դատավոր առնվազն Ձեր կյանքի այս փուլում։ Դադարեցրե՛ք այս խայտառակությունը, ընդունեք ինքնաբացարկը, ազատե՛ք մեզ Ձեր կողմից իրականացվող կամայականությունից»,-շեշտեց փաստաբանը։

Ըստ պաշտպանի` դատարանի առջև ոտքի չկանգնելու համար սանկցիաների՝ պատիժների կիրառման հաջորդականությունը համաչափ չի եղել, փոխարենը պատժելու ու վրեժխնդրության ներքին մղում է եղել Գևորգ Սաֆարյանին ու Ժիրայր Սեֆիլյանին հեռացնելը։ Ըստ Եգորյանի` դրանք կիրառվել են խտրական ու երկակի ստանդարտներով։ «Երբեմն թույլատրելի էիք համարում նստած տեղից խոսել, սա այնքան սիտուացիոն էր լինում, որ չէինք կարողանում կողմնորոշվել կամ մեր պաշտպանյալները չէին կարողանում կազմակերպել իրենց վարքագիծը Ձեր կեղծ սանկցիաները չստանալու համար»։

Հորդոր դատավորին՝ լինել ավելի բարձր, քան ցանկացած պատվեր

Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը ևս միացավ ինքնաբացարկի միջնորդությանը՝ նշելով, որ հետագայում պետք է այս միջնորդությունը դասագրքի ձևով ուսուցանվի դատավորներին։ Նա հորդորեց դատավորին ավելի բարձր գտնվել, քան ցանկացած պատվեր։

Դատախազ Պետրոս Պետրոսյանը առարկեց, ասաց, որ անհիմն է ինքնաբացարկի միջնորդությունը։ Նրա առարկությունների ամբողջ ընթացքում դահլիճում քաղաքացիները վանկարկում էին՝  ամո´թ, անամո´թ, ճորտի´ ճորտ, ստախո´ս։ Դատախազը նշեց, որ միջնորդությունը պարունակում էր փաստերի յուրովի մեկնաբանում, կային վիրավորանքի դրսևորումներ, մինչդեռ դատավորի որոշումները ամբողջ դատավարության ընթացքում եղել են պատճառաբանված, իսկ ամբաստանյալները դրսևորել են հակաիրավական վարքագիծ, ինչի հետևանքով էլ կիրառվել են սանկցիաներ։

Դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Քաղաքացիների անձնական տվյալների ցուցակագրման իրական նպատակը

Դատական կարգադրիչների զեկուցագիրը հիմք հանդիսացավ, որպեսզի դահլիճում գտնվող մոտ 20 քաղաքացի հեռացվի նիստերի դահլիճից։ Նշենք, որ ամիսներ շարունակ կարգադրիչները այս նիստերով ամեն անգամ հավաքագրում են անձանց անձնական տվյալները՝ անձնագրի համար, անուն-ազգանուն, որպես ով են ներկա լինում նիստերին։ Մեր լուսանկարչական ապարատը բազմիցս արձանագրել է այդ ցուցակը, փաստաբանները ՀՔԾ-ի ուշադրությունն են հրավիրել, որ ապօրինի են հավաքագրվում մարդկանց անձնական տվյալները։ Հարցին, թե ինչու են ցուցակագրում անձանց տվյալները, կարգադրիչները պարբերաբար պատասխանում են՝ անվտանգության նկատառումներով։ Սակայն, ինչպես նկատեց փաստաբան Նինա Կարապետյանցը, ցուցակագրումը արվում է, որպեսզի ակտիվ քաղաքացիների հանդեպ սանկցիա կիրառելիս ունենան անձանց տվյալները։

«Ձեզ թյուր տեղեկատվություն են տրամադրում, կարդացիք մի անձի անուն, ով հինգ րոպե է եղել դահլիճում ու գնացել և հիմա էլ վստահ չեմ, որ Ձեզ ճիշտ ցուցակ են ներկայացրել»,-ասաց Նինա Կարապետյանցը, սակայն Տաթևիկ Գրիգորյանը սանկցիայի մասին հայտնեց ու հետաձգեց նիստը՝ արագ հեռանալով քաղաքացիների վանկարկումների ներքո։

Պաշտպանները պահանջեցին արդարացում

Այսօր իրենց պաշտպանական ճառերն արտասանեցին նաև Գալուստ Գրիգորյանի պաշտպան Աննա Ջուվանովան և Հրայր Թոփչյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը։ Նրանք արդարացում պահանջեցին իրենց պաշտպանյալների համար։

Փաստաբան Արսեն Մկրտչյանը, որը Հովհաննես Պետրոսյանի պաշտպանն է, նշեց, որ ո´չ իր պաշտպանյալը, ո´չ էլ այստեղ ներկա մեղադրվող անձինք քրեորեն պատժելի որևէ արարք չեն կատարել։ Միջնորդեց մեղադրողի միջնորդածից ավելի ցածր պատիժ նշանակել՝ հաշվի առնելով մեղադրողի նշած մեղմացուցիչ հանգամանքները և այն, որ հարգալից է վերաբերվել դատարանին։

Հ.Գ.Դատական նիստերի դահլիճում սկզբում անընդհատ դժգոհություն էր լսվում, թե ապակե պատնեշից այս կողմ պաշտպանների ճառը գրեթե լսելի չէ։ Պաշտպան Նինա Կարապետյանցը նկատեց, որ դատախազների մոտ է դրված բարձրախոսների ամենաբարձր ոտնակը։ Միայն պաշտպանի միջամտությունից հետո այն մոտեցվեց պաշտպաններին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter