Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Զինված խմբի» գործով հրապարակվեց Նորքի առաձնատան զննության արձանագրությունը



«Զինված խմբի» գործով դատական նիստին այսօր հրապարակվեց Նորք-Մարաշի առանձնատանը կատարված զննության արձանագրությունը, համաձայն որի` առանձնատնից հայտնաբերվել է զենք-զինամթերք, զինվորական համազգեստ, մի շարք ձայնային կրիչներ, նոթատետրեր, քարտեզներ, սահմանադրական բարեփոխումների դեմ թռուցիկներ, դիմակներ, ձեռնոցներ, թռչող սարք:

Կրիչներից մեկում, ըստ դատարանում հրապարակված նյութերի, Արթուր Վարդանյանի ուղերձն է`  ՀՀ քաղաքացներին ուղղված:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանը տեսաուղերձ է պատրաստել, որը պետք է Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվեր այն բանից հետո, երբ իշխանությունը կզավթվեր:

Մեկ այլ կրիչում էլ ֆայլեր են, որոնք վերնագրված են «ՀՀԿ անդամներ», «ԱԺ պատգամավորներ», «Ռոբերտ Քոչարյան» և քաղաքակականության հետ կապված այլ անվանումներ:

Հրապարակված նյութերի համաձայն` նոթատետրերում նշում էին խմբի անդամներից ստացված զենք-զինամթերքի, հանդերձանքի մասին:

Զննության արձանագրության հրապարակման ժամանակ Արթուր Վարդանյանը դժգոհություն հայտնեց, թե մեղարանքի կողմը միայն այն ապացույցներն է կցել գործին, որոնք գնահատել է գործի համար էական նշանակություն ունեցող: Իսկ նոթատետրերում, ըստ Վարդանյանի, եղել են նաև ապրիլյան պատերազմի, Հայոց Ցեղասպանության, Արցախի 5 շրջանները վերադարձնելու, ցույցեր կազմակերպելու մասին և այլ գրառումներ:

«64 մլրդ դոլարի թալանված երկրում ձեզ հետաքրքրում է, որ գտել եք երեք հատ ձեռնոց, երկու հատ դիմակ»,- մեղադրող դատախազներին դիմելով՝ ասաց Վարդանյանը եւ նրանց հանցագործ անվանեց:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը դատական սանկցիա կիրառեց Վարդանյանի նկատմամբ: Նիստի ընթացքում դատարանը նախազգուշացման տեսքով սանկցիա կիրառեց նաև ամբաստանյալ Վաղինակ Ստեփանյանի նկատմամբ: Վերջինս, դատարանի պնդմամբ, զրուցում էր ամբաստանյալներից մեկի հետ:

«Հանգիստ խոսում ենք»,- հակադարձեց Վաղինակ Ստեփանյանը՝ շարունակելով երկխոսության մեջ մտնել դատավորի հետ, ապա հարցրեց, թե որտե՞ղ խոսեն:

«Տեսակցություն վերցրու, խոսեք»,- կալանքի տակ գտնվող ամբաստանյալին պատասխանեց դատավոր Արմեն Բեկթաշյանը:

Այսօր առանձնատան զննության արձանագրության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ ամբաստանյալ Արա Պողոսյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանը: Նա նշեց, որ թեև Արա Պողոսյանի համազգեստը եղել է իր տանը, զննության արձանագրության մեջ նշվել է, թե այն  հայտնաբերվել է  Նորքի առանձնատանը:

Նշենք, որ այս գործի շրջանակներում մի շարք  գաղտնալսումներ են արվել. ըստ հրապարակված նյութերի՝ գաղտնալսվել են ամբաստանյալներից ոմանց ինչպես հիմնական, այնպես էլ գաղտնի պահվող հեռախոսները:

Ամբաստանյալ Արա Պապյանն այս առնչությամբ հայտարարեց, որ իր և գործով մեկ այլ ամբաստանյալի` Էդվարդ Ներսիսյանի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել են առանց համապատասխան թույլտվության:

Այսօրվա դատական նիստին 37 հատորից բաղկացած գործի նյութերից հրապարակվեց 3-ը, մինչ այդ հրապարակվել էր ևս 13-ը:

Դատական նիստը հետաձգվեց:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է զինված խումբ: Հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք առաջադրվեց մի խումբ անձանց, որոնց թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին:

Ըստ քրեական գործի` «2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում՝ Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից»: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ