HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չպատվաստվելու պատճառով «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա է մահացել

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ին «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում մահացել է «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա: Երեխան, ինչպես և ընտանիքի մյուս 2 երեխաները, ծնողների հրաժարվելու պատճառով կապույտ հազի դեմ չեն պատվաստվել:

Նախարարությունը հայտնում է, որ հիվանդությունը փոքրիկի մոտ սկսվել է մոտ 1 ամիս առաջ: Չնայած տարածքային պոլիկլինիկայի մանկաբույժի հորդորին` ծնողը հրաժարվել է հոսպիտալացումից: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հիվանդը և նրա զույգ եղբայրը կապույտ հազով վարակվել են 2 տարեկան 9 ամսական քրոջից։

Ըստ պաշտոնական աղբյուրի` վերջին երկու ամսվա ընթացքում Հայաստանում դիտվում է կապույտ և հարկապույտ հազով հիվանդացության աշխուժացում։ Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի 3 դեպքի փոխարեն գրանցվել է  լաբորատոր հաստատված 12 դեպք։ Դրանցից 8-ը չպատվաստված երեխաներ են, իսկ 2-ը` թերի պատվաստված:

Հարուցչի ակտիվ շրջանառության պայմաններում գերազանցապես տուժում են մինչև մեկ տարեկան երեխաները։ Կապույտ հազին բնորոշ են այնպիսի բարդությունները, ինչպիսիք են թոքաբորբը, բրոնխիտը, էնցեֆալիտը (ուղեղի ախտահարումը), որոնք կարող են երեխայի մահվան պատճառ դառնալ։

Առողջապահության նախարարությունը մեկ անգամ ևս շեշտում է, որ կապույտ հազի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Միայն ժամանակին և լիարժեք իրականացված պատվաստումները կարող են նվազեցնել հիվանդության հարուցիչների շրջանառությունը։

Ծնողներին նախարարությունը հորդորում է ամենայն լրջությամբ վերաբերվել պատվաստումներից հրաժարմանը, քանի որ դա կարող է ամենաանցանկալի հետևանքն ունենալ։ Եվ հիշեցնում է, որ պատվաստումով կարելի է կանխել հիվանդությունը և դրանից սպասվող բարդությունները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter