HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քաղաքապետարանը թաքցնում է իր աշխատակիցների պարգևատրման գումարի չափը

Արդեն երկու ամիս է՝ Երևանի քաղաքապետարանից չենք կարողանում պարզել, թե Ամանորի նախաշեմին քաղաքապետարանը որքան գումար է ծախսել իր աշխատակիցներին պարգեւատրելու համար։

Դեկտեմբերի 20-ին Տարոն Մարգարյանը կարգադրել է միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսել քաղաքապետարանի աշխատակիցներին՝ հաշվի առնելով աշխատանքային և ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու հանգամանքը։

Աշխատակիցներն իրենց մեկ ամսվա աշխատավարձի չափով խրախուսանք են ստացել։ Թե ընդհանուր առմամբ քաղաքային բյուջեից որքան գումար է հատկացվել քաղաքապետարանի աշխատկիցների խրախուսանքին, և քանի աշխատակից է ստացել այդ պարգևատրումը՝ անհայտ է։ Քաղաքապետարանի պաշտոնական կայքում միայն մեր հարցումից հետո, հետին ամսաթվով, հրապարակվել է քաղաքապետի՝ «Միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին» կարգադրությունը, սակայն հավելվածը, որտեղ առանձնացված կերպով նշվում են պարգևատրվածների անուններն ու պարգևատրման չափը, դատարկ է։

Ահա այս տեսքն ունի այն էջը, որտեղ պիտի տեղադրված լիներ հավելվածը։ 

Երեք անգամ ուղարկված գրավոր հարցումներից եւ բազմաթիվ հեռախոսազանգերից հետո էլ քաղաքապետարանը չի տրամադրում պարգևատրման կարգադրության հավելվածը։

Վերջին հարցումը քաղաքապետին ուղարկել ենք հունվարի 22-ին «Պարոն քաղաքապետ, Ձեր՝ 2017 թվականի դեկտեմբերի 20-ի 904-Ա կարգադրության  հավելվածը ստանալու համար Ձեզ ենք դիմում արդեն երրորդ անգամ: yerevan.am կայքում հրապարակված է միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին  կարգադրությունը), սակայն բացակայում է հավելվածը: Խնդրում ենք տրամադրել այդ կարգադրության հավելվածը, որը հրապարակված չէ քաղաքապետարանի պաշտոնական կայքում»։

Մեր այս հարցումից հետո քաղաքապետարանից հայտնեցին, թե խնդրի կարգավորման համար մասնագետները ուսումնասիրություններ և շտկումներ են կատարում, որոնց իրականացումից հետո տեղեկատվությունը կտրամադրեն 30-օրյա ժամկետում։ Մեկամսյա ժամկետը լրանալու մասին տեղեկացրինք քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին, սակայն հավելվածը կրկին չուղարկեցին։

Քաղաքապետի կարգադրությունը խմբագրվել է

Այժմ քաղաքապետարանի կայքում տեղադրված է «Միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին» կարգադրությունը, որը թվագրված է  2017 թվականի դեկտեմբերի 20-ի ամսաթվով։ Այդ օրերին մենք հետևել ենք քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված կարգադրություններին, խրախուսանքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի եղել։ Սակայն մեր գրավոր առաջին հարցումից հետո քաղաքապետարանից հայտնեցին, թե այն հրապարակված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում։

Պարզվում է՝ քաղաքապետարանը մեր հարցումից հետո խմբագրել է քաղաքապետի՝ «Գնանշման հարցման ընթացակարգի գնահատող հանձնաժողով ձևավորելու մասին» կարգադրությունը և դրա փոխարեն հրապարակել պարգևատրման մասին այս կարգադրությունը։ Ներկայացված տվյալները պահպանվել են Google Cache-ում (հիշապահեստում)։ Կարգադրության խմբագրումը եղել է դեկտեմբերի 22-ից հետո, սակայն հստակ օրը Google Cache-ում չի նշվում։

Հնարավոր է` նաև այդ է պատճառը, որ քաղաքապետարանի պաշտոնական կայքով զբաղվող մասնագետները մեկ ամսից ավել է` չեն կարողանում իրենց խմբագրած կարգադրությանը կցել պարգևատրման հավելվածը։ Նրանք պարզաբանում են, թե համակարգի հետ կապված խնդիր կա։ Սակայն առանց կայքի տեխնիկական խնդիրների լուծման էլ քաղաքապետարանը պարտավոր է տրամադրել հրապարակման ենթակա այդ փաստաթուղթը։

Պարգևատրման կարգադրությունը հրապարակվել է այս կարգադրության փոխարեն

Ակնհայտ է, որ քաղաքապետարանը պարգևատրման չափն ու պարգևատրվածների անունները փորձում է թաքցնել՝ չնայած նախորդ տարիներին հրապարակել է։

Երեւանի քաղաքապետարանը տարեկան 200-300 մլն դրամ է հատկացնում իր աշխատակիցների պարգևատրմանը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2014 եւ 2016 թվականներին ևս «Միանվագ դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին» կարգադրություններ է տվել (2015 թվականի նման կարգադրության մասին որևէ տեղեկատվություն քաղաքապետարանի պաշտոնական կայքում չկարողացանք գտնել, չնայած այդպիսի կարգադրություն քաղաքապետը ամեն տարի է ընդունում)։

Այդ տարիներին ընդունված կարգադրություններից պարզ է դառնում, որ քաղաքապետը ինքն իրեն ևս պարգևատրել է։ Օրինակ՝ 2014 թվականին ինքն իրեն պարգևատրել է 500 000 դրամով, 2016-ին՝ 575 000 դրամով, իսկ 2017-ին, հաշվի առնելով Երևանի ավագանու հաստատած դրույքաչափերը, քաղաքապետը իրեն պետք է պարգևատրած լինի իր մեկասմյա աշխատավարձի չափով՝ 575 000 հազար դրամով։

Անդրադառնանք 2014, 2016 թվականների պարգևատրումներին։  2014 թվականին քաղաքապետն իր 1717 աշխատակիցներին պարգաևատրել է մեկամսյա աշխատավարձի չափով։ Այդ նպատակով քաղաքային բյուջեից հատկացվել է  334 736 500 դրամ։ Իսկ 2016 թվականի դեկտեմբերի 23-ին քաղաքապետարանի 1220 աշխատակիցների պարգևատրման համար դուրս է գրվել 271 777 300 միլիոն դրամ։

Այս խրախուսանքները հատկացվում են այն պարագայում, երբ ամեն տարվա սկզբում քաղաքային բյուջեն հաստատելիս մի քանի տասնյակ մլն դրամ դեֆիցիտ (պակասորդ) է լինում։ Մասնավորապես՝ 2018 թվականի բյուջեն 48 մլն դրամ դեֆիցիտ ունի, 2017-ի բյուջեն հաստատելիս քաղաքապետարանը հայտնել էր 68 մլն դրամ պակասորդի մասին։

Մեկնաբանություններ (2)

Լուսիկ
Մեծ-մեծ խոսում են կոռուպցիայի քրեականացման մասին, ներկայացնելով որպես աննկարագրելի նվաճում; Ու՞ր են, որ պարզեն, թե բյուջեի դեֆիցիտի պայմաններում ովքե՞ր, ինչ պարգևվատրում են ստացել: Դժվար էլ հասարակ աշխատողներին մի բան հասցրած լինեն, թե չէ կհրապարակեին: Թբիլիսիի քաղաքապետն անվճար է աշխատում, իսկ սրանք քերում են, որտեղից կարող են:
Hovik
կոռուպցիա corruption la corruption коррупция corrupción Korruption فساد bozulma διαφθορά კორუფცია 腐敗 שְׁחִיתוּת corrupção corruptie korupcija corruzione

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter