Շաբաթ, 22 սեպտեմբերի

Գյուղերի խանութների տերերը դժգոհում են ոգելից խմիչքների և ծխախոտի տուրքերի չափերից



Ալավերդի  համայնքի գյուղական բնակավայրերի փոքր և միջին առևտրականները իրենց դժգոհությունն են հայտնում մինչև 26քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական  շինությունների ներսում ոգելից խմիչքների և ծխախոտի  արտադրանքի վաճառքի  եռամսյակի համար համայնքի ավագանու որոշումով  սահմանված բարձր տուրքերից:

Օրենսդիրը մինչև 26քմ ընդհանուր մակերես ունեցող շինությունների ներսում ոգելից խմիչքի վաճառքի եռամսյակի առավելագույն տուրքը սահմանել է մինչև 10 001 դրամ:  Նույնքան էլ սահմանել է ծխախոտի արտադրանքի վաճառքի առավելագույն տուրքի չափը:

Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի առաջարկությամբ Ալավերդու ավագանին ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար սահմանել է  տուրքերի առավելագույն՝ 10 հազարական  դրամ չափը:

Խոշորացումից հետո  Ալավերդի համայնքի մեջ մտնող Աքորի գյուղի մթերային  10 խանութների սեփականատերերը հայտնվել են ծանր տուրքերի տակ: Խոշորացումից առաջ նրանք մեկ եռամսյակում 3 հազար դրամ վճարել են ոգելից խմիչքներ վաճառելու, 3 հազար դրամ էլ՝ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության տուրք:

Հրահատ Սիմոնյան

Աքորիի վարչական ներկայացուցիչ Հրահատ Սիմոնյանի խոսքով` խանութների սեփականատերերը Աքորի համայնքի բյուջեին ամսական վճարել են 1000 դրամ ոգելից ու խմիչքի և 1000 դրամ էլ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության տուրք: Այն մեկ եռամսյակում կազմել է 6 հազար դրամ: «Խոշորացումից հետո այդ տուրքերը դարձել են եռամսյակը 20 հազար դրամ:  Աքորիում ծխախոտի ու  ոգելից խմիչքների տուրքերը մեկ եռամսյակում, փաստորեն, ավելացել են 14 հազար դրամով, տարվա ընթացքում՝ 56 հազար դրամով»,- ասում է  Հ. Սիմոնյանը:

Աքորիի խանութների մի մասը տուրքերի ավելացումից հետո միայն ոգելից խմիչք են վաճառում, ծխախոտ չեն վաճառում: Եթե նաև ծխախոտ վաճառեն, ապա տարեկան վճարելու են 80 հազար դրամ տուրք, որը, ըստ վաճառողների, Աքորիում գրեթե անհնարին է:

Ավագանին Աքորիի նախադպրոցական ուսումնական հաստատության երեխաների  վարձերը 2,5 հազար դրամից  դարձրել է 5 հազար դրամոփոխություններ կան նաև գյուղի երաժշտական դպրոցի  վարձավճարներում:

«Համայնքի ավագանին հնարավոր չի համարել օրենքով սահմանված կարգով խոշորացված առանձին բնակավայրերի համար  առանձին տուրքեր և վճարներ  սահմանելը»,-դժգոհում է Աքորիի վարչական ներկայացուցիչը:

Գյուղի մանկապարտեզը հիմա չի աշխատում, աշխատելու է մարտի 1-ից: Հ. Սիմոնյանի խոսքով` մարտի 1-ից արդեն կերևան մանկապարտեզի երեխաների վարձավճարների կրկնակի թանկացման հետևանքները: Ուսման վարձի թանկացման պատճառով երաժշտական դպրոցի մեկ  աշակերտ դադարեցրել է հաճախումները: Հ. Սիմոնյանը ծնողներին խոստացել է անձամբ  վճարել երեխայի ուսման վարձը:

Աքորիի գյուղամիջում գտնվող մթերային խանութներից մեկի սեփականատեր Ռազմիկ Պողոսյանը դժգոհեց համայնքի ավագանու կողմից սահմանած ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի տուրքերի չափից։

Ռազմիկ Պողոսյան

«Հիմա ծխախոտ չեմ ծախում, միայն ալկոհոլային խմիչքներ եմ ծախում: Դրա համար եռամսյակում 10 հազար դրամ տուրք եմ վճարում: Ստիպված կամ խանութը փակիլ տես, կամ տուրքը տաս: Դրա համար էլ իմ խանութում դատարկություն է: Սարսափելի տուրքեր դրին: Ստիպված խանութը կփակեմ, էլի: Իմ առևտուրը եդ ամառները մի քիչ ակտիվանում է՝ միրգ , բանջարեղեն էլ եմ վաճառում»,-բացատրեց Ռազմիկը:

Աքորիի մթերային խանութներից մեկի սեփականատեր Վրույր Սիմոնյանն ասում է, որ իր համար նույնպես դժվար է ծխախոտի և ոգելից խմիչքների սահմանված տուրքեր վճարելը: «Ես և´ ծխախոտ եմ վաճառում և´  ալկոհոլային խմիչք: Մեկ որոշել էի ծխախոտ ընդհանրապես չվաճառեմ, որովհետև ինչ իմաստ ունի վաճառելը, 320 դրամանոց պապիրոսում 20 դրամ փող են թողնում, էդ էլ, որ հարկերը դուրս գաս, օգուտ էլ չի մնում: Պետք է ավտոյով պապիրոս ծախես, որ օգուտ ունենաս»,-բացատրեց  Վրույրը:

Վրույր Սիմոնյան

«Ձեր կարծիքով` տուրքերի որ չափը կարդարացվի Աքորիի խանութների դեպքում»,- հարցրինք: «Ես ո՞վ եմ,  որ առաջարկեմ: Ռազմիկ Պետրոսյանի հարկը իր տարածքի քառակուսի մետրով են առաջարկել, բայց դե կարող է մարդը շատ մեծ տարածք զբաղեցնի, բայց  մեջին առևտուր չլինի: Իրենք են տերը, կարան էգուց էլ գան, ասեն՝ գնացեք էս գյուղիցը։ Խոշորացումից հետո  գյուղի ապագան խաթարվեց: Գյուղը չի կարելի բերել քաղաքի հետ միացնել ու քաղաքի չափերով չափել»,-ասում է Վրույրը:

Ալավերդի համայնքի մեջ մտնում են Կաճաճկուտ, Աքորի, Ջիլիզա, Ծաղկաշատ, Հաղպատ բնակավայրերը: Սահմանային Ջիլիզայում վերջին տարիներին մթերային խանութ չկա: Ջիլիզցիները քաղաքից են գնում իրենց անհրաժեշտ ապրանքները։

«Կարող է առաջիկայում խանութ ունենանք, մի փոքրիկ տնակ ունենք, երևի որպես խանութ վերաբացենք»,- ասաց Ջիլիզայի վարչական ներկայացուցիչ Մհեր Վարդանյանը: Մհերը վստահ է` որպես սահմանային գյուղ Ջիլիզայի փոքրիկ կրպակը կօգտվի ցածր տուրքեր վճարելու արտոնությունից:

250 բնակիչ ունեցող Ծաղկաշատի վարչական ներկայացուցիչ Սամվել Թանդիլյանի խոսքով` «մի ստից կրպակ» կա իրենց գյուղում: «Բնակիչները իջնում են քաղաք իրենց առաջին անհրաժեշտ ապրանքները գնելու համար»,-ասաց Ս. Թանդիլյանը: Վերադառնալով  ծխախոտի ու ոգելից խմիչքներ վաճառելու համար համայնքի ավագանու սահմանած տուրքերին` Ս. Թանդիլյանը հայտնեց, որ տուրքերի սահմանած բարձր դրույքաչափերի պատճառով Ծաղկաշատի միակ  կրպակում ոգելից խմիչքներ չեն վաճառվում:

«Տարվա մեջ  կրպակի տերը ծխախոտի վաճառքից 40 հազար դրամ եկամուտ չի ստանում, ո՞նց է կարողանալու 40 հազար դրամ տուրք տալ»,- ասում է Ս․ Թանդիլյանը:

Կաճաճկուտի վարչական ներկայացուցչությունից մեզ տեղեկացրին, որ գյուղում 343 բնակիչ է ապրում, մթերային խանութ չունեն, սակայն ոգելից խմիչքների և ծխախոտի մեկ խանութ ունեն: Ասացին նաև, որ տուրքերը բարձրացնելուց հետո խանութի տերը սկզբում փակել է խանութը, սական օրերս համայնքապետարանից նորից  թույլտվություն է վերցրել ոգելից խմիչքներ և ծխախոտ վաճառելու համար:  

830  բնակիչ ունցող Հաղպատի վարչական ներկայացուցիչ Վահրամ Քառյանից տեղեկացանք, որ  Հաղպատում երկու մթերային խանութ կա։

Վրույր Սիմոնյանի խանութը

«Սահմանված տուրքերը վճարում և հարմարված աշխատում են խանութները»,- հայտնեց Վահրամ Քառյանը:

Հիշեցնենք, որ  Ալավերդի համայնքի ղեկավարն ու ավագանին որքան անողոք են եղել մինչև 26քմ ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում ոգելից ու խմիչքներ և ծխախոտ վաճառող  փոքր ու միջին առևտրականների նկատմամբ, նույնքան էլ բարեհոգի` 500 և  ավելի քառակուսի մետր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում ոգելից խմիչք և ծխախոտ վաճառողների նկատմամբ: Դրանց մեջ է մտնում նաև Լոռու մարզպետին պատկանող «Կատա» առևտրի տունը: Վերջիններիս ոգելից խմիչք վաճառելու թույլտվության համար Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը ավագանուն առաջարկել է մեկ եռամսյակի համար օրենսդիրի կողմից  առաջարկած տուրքի առավելագույն 100 հազար մեկ դրամից 30 հազար դրամ պակաս՝ 70 հազար դրամ տուրք, իսկ ծխախոտի վաճառքի թույլտվության համար մեկ եռամսյակի համար` 60 հազար դրամ տուրք, որը  օրենսդիրի կողմից առաջարկած առավելագույն 100 հազար մեկ դրամ տուրքից պակաս է 40 հազար դրամով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ