Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

«Աստված գիտի՝ տեղ հասել է, թե՞ ոչ» . ենթադրյալ կաշառքի մասին ասում է կաշառք տալու մեջ մեղադրվողի կինը



Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվեց փաստաբան Գայանե Գալոյանի, քննիչ Միքայել Զադոյանի և քաղաքացի Բաբկեն Գասպարյանի վերաբերյալ կաշառքի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Բաբկեն Գասապարյանն, ըստ մեղադրանքի, Քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով անցնող որդու՝ Սոս Գասպարյանի օգտին գործողություններ կատարելու դիմաց քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ տվել է առանձնապես խոշոր չափի կաշառք: Ըստ գործի նյութերի, Սոս Գասպարյանին վերագրված 112-րդ հոդվածով նախատեսված արարք՝ դիտավորությամբ առողջությանը ծանր հարված հասցնելը, պետք է վերաորակվեր  քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի՝ անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմանազանցման:

Ըստ գործի նյութերի՝ ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանը քննիչ Միքայել Զադոյանին առաջարկել է 3000 ԱՄՆ դալար կաշառք, քննիչն ընդունել է առաջարկը, ապա վերջինս և քննչականի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը Բաբկեն Գասպարյանի հետ կաշառքի շուրջ համաձայնության  գալով՝ նրան  ուղարկել են  փաստաբան Գայանե Գալոյանի մոտ, ով ստացել և քննիչին ու քննչականի պետի տեղակալին է փոխանցել 3000 ԱՄՆ դոլար կաշառքը:

Փաստաբան Գայանե Գալոյանն ու քննիչ Զադոյանը իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, իսկ Բաբկեն Գասպարյանն ընդունում է այն:

Դատարանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը

Այսօրվա դատական նիստի մեկնարկին Զադոյանի փաստաբան Հրանտ Անանյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանին: Անանյանը նշեց, որ դատավորի գործողությունները թույլ են տալիս եզրահանգել, որ վերջինս ի վնաս իր պաշտպանյալի կանխակալ վերաբերմունք ունի:

Հրանտ Անանյանն այս գործը դատավոր Մակյանի կողմից վարույթ ընդունելուց հետո իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ 3 միջնորդություն է ներկայացրել, որոնք մերժվել են:

Առաջին միջնորդությունը փաստաբանը ներկայացրել է դատավորի կողմից գործը վարույթ ընդունելուց հետո՝ գրավոր: Երկրորդ միջնորդությունը ներկայացվել է գործի նախապատրաստական մասում, և դատավորը գտել է, առկա է ամբաստանյալին կալանքի տակ պահելու մեկ հիմք:

Վերջին անգամ՝ փետրվարի 16-ին Անանյանը միջնորդությունը նեկայացրել էր` հաշվի առնելով խափանման միջոց կիրառելու վերաբերյալ փետրվարի 10-ին  ուժի մեջ մտած օրենսդրական  փոփոխությունը, համաձայն որի՝ դատավոր Մակյանի կողմից մատնանշված հիմքն այլևս կալանավորման հիմք չի հանդիսանում:

Ուստի փաստաբանը միջնորդել էր, որպեսզի այդ հանգամանքը հաշվի առնելով՝ իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվի, միջնորդությունը, սակայն  դատավորի կողմից դարձյալ մերժվել էր:

Դատավորը նշել էր, որ թեև փետրվարի 6-ին կալանավորումը վերացնելու կամ գրավ կիրառելու վերաբերյալ որոշման մեջ նշել է, որ ամբաստանյալին կալանքից ազատելու դեպքում առկա է մեկ վտանգ, բայց և չի բացառել մյուս հնարավոր վտանգները, այդ թվում՝  Զադոյանի կողմից փախուստի դիմելու հավանականությունը:

Այս, ինչպես նաև Զադոյանին կալանքից ազատելու վերաբերյալ դատավորի կողմից նախկինում կայացված որոշումները փաստաբանին հիմք են տալիս համարելու, որ դատավոր Մեսրոպ Մակյանը կանխակալ է:

Դատավորը, սակայն, մերժեց միջնորդությունը: Դատարանն ընդգծեց, որ կայացված որոշումների հիմնավորվածությունը կարող է վիճարկվել վերաքննության  կարգով բողոք ներկայացնելու ձևով, և  չի կարող քննարկման առարկա դառնալ իր կողմից  ու հիմք  հանդիսանալ դատավորի ինքնաբացարկի համար: Դատավորը նշեց նաև որ գործի դատաքննության ընթացքում  պաշտպանության կողմի մի շարք միջնորդություններ բավարարվել են, քանի որ դրանք եղել են հիմնավորված և պատճառաբանված:

Ցուցմունք տվեց  կաշառք տալու մեջ մեղադրվողի կինը

Այսօր դատարանում շարունակվեց ամբաստանյալ Բաբկեն Գասպարյանի կնոջ՝  Հռիփսիմե Գրիգորյանի հարցաքննությունը: Վերջինս նախորդ դատական նիստին հայտնել էր, որ ուշ երեկոյան ինչ- որ անձինք անակնկալ կերպով հարձակվել են իր որդիների, վերջիններս ստիպված են եղել ինքնապաշտպանվել, սակայն իր որդու Սոս Գասպարյանի արարքը որակվել է ոչ թե «անհրաժեշտ ինքնապաշտպանություն», այլ «դիտավորությամբ կյանքին  վտանգ սպառնացող ծանր վնաս հասցնել»: Ապա ամուսինը հանդիպել էր քննիչ Զադոյանի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերել 3000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց որդու արարքն անհրաժեշտ ինքնապաշտպանություն որակելու վերաբերյալ: Գրիգորյանի խոսքով՝ ամուսինն իրեն ասել էր նաև, որ 3000 ԱՄՆ դոլարը պիտի  փաստաբան Գայանե Գալոյանին տա:

Այսօր տեղի ունեցած նիստին Գրիգորյանը նշեց, որ Զադոյանն ամուսնուն խոստացել է վերաորակել որդու արարքը, Գայանե Գալոյանն էլ խոստացել է, որ ամեն ինչ լավ կլինի, իրենք գումարը տվել են,  բայց, փաստորեն, ոչինչ էլ չի ստացվել: Վկայի խոսքով՝ թեև իրենք գումարը տվել են փաստաբանին ու վստահ եղել, որ այն «տեղ է հասել» արդյունքում որդուն ձերբակալել են:

«Հետո հասկացանք, որ խաբվել ենք»,- ասաց Հռիփսիմե Գրիգորյանը:

Վերջինս և փաստաբան Գայանե Գալոյանը լարված հարաբերություններ ունեին, և չէին էլ թաքցնում այդ հանգամանքը: Գալոյանը հայտարարեց, որ ինքն անգամ Սոս Գասպարյանի ընտանիքին առաջարկել է հրաժարվել իր ծառայությունից, և այդ ժամանակ ընտանիքի կողմից չի հնչել իրենց ենթադրյալ կաշառքը վերադարձնելու մասին պահանջ, ու հարցրեց, թե ինչո՞ւ իրենից գումարը չեն պահանջել, եթե, ինչպես պնդում են, որդու գործի համար կաշառք են տված եղել:

«Ձեզ համար 3000 դոլարը գումար չէ՞ր, օրինակ ինձ համար դա մեծ գումար է»,- դիմելով Գրիգորյանին` հարցրեց Գայանե Գալոյանը, և ի պատասխան վկան նշեց, որ փաստաբանին գումարը վերադարձնելու պահանջ ներկայացվել է;

Կնոջ խոսքից պարզ դարձավ, որ իրենց ավելի շատ հետաքրքրել է որդու գործը, գումարը տվել են, ոչ թե ապօրինության, այլ օրինականություն հաստատելու համար, քանի որ որդու արարքն իսկապես անհրաժեշտ ինքնապաշտպանություն է եղել:

Իսկ թե ինչ ճակատագիր է ունեցել ենթադրյալ կաշառքը, Գրիգորյանը չգիտի, հիմա չի կարող պատկերացնել: Ասում է`հիմա քաոս է:

Դատարանի հարցին` ի վերջո, ձեր ընկալմամբ ենթադրյալ կաշառքը տեղ հասե՞լ է, Գրիգորյանը պատասխանեց` Աստված գիտի`տեղ հասել է, թե՞ չէ:

Նշենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից քննվում է նաև Գրիգորյանի որդու`Սոս Գասպարյանի գործը: Վերջինիս մեղադրանքը չի վերաորակվել, մեղադրվում է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցնելու մեջ և խափանման միջոցը կալանավորումն է:

Լուսանկարում դատավոր Մեսրոպ Մակյանն է:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ