HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզում ծրագրում են զարգացնել գյուղական, էթնիկ և մշակութային տուրիզմը

Արմավիրի մարզպետարանը նախաձեռնել է իրականացնել մարզի զբոսաշրջային հետաքրքրություն առաջացնող վայրերի գույքագրում և զարգացնել տուրիզմը:

Մարզի 2017-2025թթ. զարգացման ռազմավարություններից մեկը հենց տուրիզմի զարգացումն է՝ հոգևոր, մշակութային, գյուղական: Նպատակ է դրված վեր հանել մարզի յուրաքանչյուր համայնքի զբոսաշրջային ներուժը՝ այն դարձնելով գրավիչ զբոսաշրջության այս կամ այն ուղղության զարգացման տեսանկյունից:

Զբոսաշրջիկների համար յուրօրինակ զբոսաշրջային վայրեր կարող են հանդիսանալ սահմանամերձ Երվանդաշատ, Բագարան համայնքներն` իրենց հնություններով, հարևանությամբ գտնվող Շուշանիկ եկեղեցին, Երվանդ արքայի որսորդական ամրոցը, հնագիտական գտածոները, Նոր Արմավիրում գտնվող Արգիշտիխինիլի հնավայրը և այլն: Սակայն, այդ տարածքները դեռևս «բացահայտված» չեն: Դրանք շատ հայտնի չեն նաև հայաստանաբնակներին:

Զբոսաշրջային վայրերի գույքագրման արդյունքում արդեն համայնքներից ստացվել են տեղեկություններ եկեղեցիների, հնավայրերի, հատուկ պահպանվող տարածքների, պատմամշակութային հուշարձանների, արհեստանոցների, չորանոցների, նորագույն տեխնոլոգիաներով ջերմատների, գինու արտադրության կետերի, մեղվաբուծությամբ զբաղվող տնտեսությունների, վրաններով գիշերակացի անցկացման վայրերի, ձիարշավարանների, սիրողական որսի, ձկնորսության հնարավորությունների, փառատոնների, մարզամշակութային միջոցառումների, համայնքի համար հիշարժան տոնական օրերի, համայնքին բնորոշ, սերնդեսերունդ փոխանցված ավանդապատումների, համայնքին բնորոշ կերակրատեսակների և այլնի մասին: Այժմ իրականացվում են տեղեկատվության ամփոփման աշխատանքները:

Մարզպետարանի Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Լիլիթ Մուշեղյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ մարզի զբոսաշրջային ոլորտի թույլ կողմերից է տուրիստական ենթակառուցվածքների բացակայությունը, այդ թվում հյուրատների, հյուրանոցների, բարձրորակ սպասարկման ծառայությունների բացակայությունը: Չեն գործում Արմավիր և Մեծամոր քաղաքներում գտնվող հյուրանոցները: Գործում է 11 հյուրատուն:

ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացվող «Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը» ծրագրի շրջանակներում «Հաջող սկիզբ ծրագրով» ներկայացված ծրագրերից 2-ը զբոսաշրջային ծրագրեր են՝ Էջմիածնում հյուրատան, Արմավիրում զբոսաշրջային կենտրոնի հիմնում, որոնց ֆինանսավորման հարցը գտնվում է քննարկման փուլում:

Բաժնի պետի խոսքերով՝ մարզի 2018թ. գործունեության ծրագրով պլանավորվում է մշակել զբոսաշրջության խթանմանն ու զարգացմանն ուղղված առնվազն 20 ներդրումային ծրագրեր և ներկայացնել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտե՝ միջազգային կազմակերպություններին և արտերկրի ներդրողներին ներկայացնելու նպատակով, արդյունքում կստեղծվեն նաև նոր աշխատատեղեր:

Ամսվա սկզբին տարածքային կառավարման և զարգացման նախարարություն են ներկայացվել մարզի զբոսաշրջային զարգացմանը նպաստող 8 ծրագրային գաղափարներ՝ շահագրգիռ կառույցների քննարկմանը ներկայացնելու նպատակով: Աշխատանքներ են տարվում երեք զբոսաշրջային գրավչությունների՝ Մեծամոր հնագիտական թանգարանի, Երվանդաշատ-Բագարանի, ինչպես նաև էկոտուրիզմի զարգացման համար նպաստավոր վայր «Որդան Կարմիր» արգելավայրի համար զարգացման ծրագրերի կազմման ուղղությամբ:

Մարզպետարանի տվյալներով՝ 2017թ. ընթացքում Արմավիրի մարզ են այցելել շուրջ 116,870 զբոսաշրջիկներ: Սակայն թիվը բավարար չէ և աճելու ներուժ ունի:

Լիլիթ Մուշեղյանի խոսքերով՝ մարզի զբոսաշրջային ներուժը հիմնականում ներկայացվում է հարուստ պատմամշակութային արժեքներով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տաճարն իր Գանձատնով, Մեծամորի և Զվարթնոցի հնագիտական թանգարանները, Հայաստանի Ազգագրական պետական թանգարանը Սարդարապատում, Զվարթնոց տաճարը, Հայաստանի ստորերկրյա ջրերի ամենամեծ ելքը՝ Այղր լիճը, հին հեթանոսական կենտրոն Բագարանը, «Մուսալեռ» և «Սարդարապատ» հուշահամալիրները: ՅՈՒՆԵՍԿՕ-ի  համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ընդգրկված են մարզի Զվարթնոցի տաճարը (7-րդ դար), Էջմիածնի Մայր Տաճարը (4-րդ դար), Սուրբ ՀռիփսիմեՍուրբ Գայանե, Սուրբ Շողակաթ եկեղեցիները (14-րդ դար):

Մարզպետարանի պաշտոնյայի փոխանցմամբ՝ այս տարվա ընթացքում աշխատանքներ են տարվելու յուրաքանչյուր զբոսաշրջային վայր տանող ճանապարհային ենթակառուցվածքի վիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հավաքագրման և դրանց բարելավմանն ուղղված նոր ծրագրերի կազմման ուղղությամբ:

2013թ. ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համագործակցության արդյունքում անգլերեն լեզվով հրատարակվել է մարզի տուրիստական տեղեկագիրը և քարտեզը` 8 երթուղիներով: Անհրաժեշտություն է առաջացել թարմացնել արդեն իսկ կազմված զբոսաշրջային քարտեզը:

Մեկնաբանություններ (1)

Րաֆֆի
.....էթնիկ և մշակութային տուրիզմը......Մշակոյթայինը հասկցայ, բայց էթնի՞կը․․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter