HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

19-րդ դարավերջին կառուցված տան վերականգնման պատմություն Մարինա Բազաեւայից

Գյումրիում լուրերն արագ են տարածվում՝ լավ, վատ, ուրախ, տխուր, արտակարգ ու ոչ այնքան, ցնցող ու սովորական՝ կարեւոր չէ: Ու եթե որեւէ բանից տեղյակ չես՝ ուրեմն կյանքից հաստատ հետ ես մնացել: «Քա վայ, ինչխ թե, չես իմացե՞լ, սաղ քաղաք ըդոր մասին կխոսա»: Սա Գյումրիում զարմանք արտահայտող ամենատարածված արտահայտությունն է: Եվ սկսում ես անհարմար զգալ, որ «մի բուռ ազգ ենք մնացել՝ Լեննագանն էլ փոքր քաղաք» ու դու այդպես էլ «ուղտի ականջում մնացել ես քնած»:

Ու վայ քեզ, եթե հասցրել ես բաց թողնել ամենաքննարկվող թոփ տասնյակի վերին հորիզոնականներում հանգրվանած լուրերը: «Իմացա՞ր, էս ինչ մարդն էսինչ բանը բացեց, խաբա՞ր ես, օր էն կողքի տունն ըսքանով կծախեն, տնաշեն, սաղ գործի տեր դառան՝ մենք մնացինք, հա, անընդհատ կմոռանամ հարցնեմ, դու էսինչ բանը վերջը տեսա՞ր՝ կըսեն շատ սիրուն է սարքած»:

«Շատ սիրուն սարքած» շարքից Գյումրիում վերջին շրջանում մատնացույց են անում «Հայ ասպետ» հյուրատունը: Լավատեղյակներն, ովքեր մեկ անգամ հասցրել էին հետաքրքրությունը բավարարելու նպատակով այցելել, հիմնականում խոսում են ներքին կահավորման մասին: Քանի որ տունը գտնվում է Շիրազի փողոցում, ասել է, թե Գյումրու պատմական միջուկի կենտրոնական հատվածում, ինձ առավել հետաքրքրեց բնակելի տան վերականգնման տեխնիկական կողմը: Իմ հիշողություններում նշված կառույցը բավականին անշուք, սովորական, հարթ կտուրով մեկ հարկանի էր՝ գորշ, խունացած պատերով: Պետք էր հասկանալ, թե ինչի է վերածվել այն վերականգնողական աշխատանքներից հետո:

Կումայրի արգելոց-թանգարանի տարածքում ցանկացած շինություն ձեռք բերելու համար ընդամենը գումար է հարկավոր: Պատմաճարտարապետական արժեք ունեցող շինություններում որեւէ վերականգնողական աշխատանք իրականացնելու համար, ըստ գործող կարգի, հարկ է ունենալ մշակույթի նախարարության եւ Կումայրի արգելոց-թանգարանի թույլտվությունը: Վերականգնողական աշխատանքների ընթացքում աղավաղումներից խուսափելու համար, դարձյալ ըստ սահմանված կարգի, վերահսկողություն պետք է իրականացնի Կումայրի արգելոց-թանգարանը: Ստացվում է, որ Գյումրու պատմական միջուկում կառույց ձեռք բերելն ավելի հեշտ է, քան հետագայում նրա պահպանումն ու վերականգնումը:

«Հայ ասպետ» հյուրատան սեփականատեր Մարինա Բազաեւան տարի ու կես տեւած վերականգնողական աշխատանքների ընթացքը հիշում է սիրով, սակայն հենց զրույցի սկզբում շեշտում է՝ «իսկական տանջանք էր»: «Եթե դու իսկապես պատրաստ ես խաղալ բոլոր կանոններով, եթե պարկեշտ ես, գործին չես նայում մատների արանքով, եթե հասկանում ես, թե քո ամեն մի քայլից հետո ինչի է վերածվելու ձեռքիդ տակի նյութն, ապա այո՛, ընթացքն իսկական տանջանք է, բայց երբ ավարտում ես ու տեսնում արդյունքն, ա՜յ, էստեղ արդեն համ հոգեկան բավարավածություն ես ունենում, համ խիղճդ է հանգիստ լինում»,-ասում է Մարինան:

Շիրազի փողոցի սկզբնամասում գտնվող գրեթե կիսախարխուլ տան սեփականատեր Մարինա Բազաեւան դարձավ 13 տարի առաջ: Անցնելուց նկատել էր «վաճառվում է» ցուցանակը եւ հեռախոսահամար, զանգահարել էր, բանակցել ու ի վերջո գնել:

«Ճիշտն ասած հենց սկզբում ինձ գրավել էր պատկից տան բակը, որ փլուզված հատվածից երեւում էր, դա էլ կանխորոշիչ դեր խաղաց որոշմանս համար»,-հիշում է զրուցակիցս: Որեւէ ծրագիր, գաղափար իրականացնելու մոտիվացիա այդ շրջանում չի ունեցել, նաեւ աշխատանքային զբաղվածությունն էր խանգարում: Հյուրատան գաղափարն ամրապնդվել է ընդամենը երկու տարի առաջ: Մինչ այդ տունը վարձով էր տալիս, սակայն հասկանում էր նաեւ, որ եթե որեւէ վերանորոգչական աշխատանքներ չձեռնարկի՝ եղած էլ կկորցնի:

«Ես հյուրեր ընդունելու որոշակի փորձ ունեի արդեն: Ռիժկովի ճեմափողոցի իմ բնակարանը մեծ է ու առիթի դեպքում նաեւ դրսից հյուրեր էի ընդունում: Դե որ պիտի էս տունն արդեն վերանորոգեի, որոշեցի սա վերածել հյուրատան»,-պատմում է Մարինան: Ինչպես եւ ինչից սկսել, որոշել է անձամբ՝ խորհրդակցելով ընկերների հետ: Կումայրի արգելոց-թանգարանից մեկ-երկու անգամ ընդամենը այցելել են, ծանոթացել վերանորոգչական աշխատանքներին՝ ցուցումներ, խորհուրդ կամ ինչ որ բանի արգելք չի եղել:

«Ինձ որեւէ մեկը որեւէ բան չի ասել: Պարզապես ես գիտեի, թե ինչը կարելի էր անել, ինչը՝ չէ: Ինձ ասում էին, թե սալիկապատի, գործն արագ վերջացրու, ինչու՞ ես վարպետ փնտրում, իսկ ես այդ ժամանակ Գյումրիում մասնագետ էի ման գալիս, որ կարողանայի ճշգրտությամբ վերականգնել եղածը: Ասում էին՝ քաղաքում կարող է մի հոգու գտնես էն էլ շատ թանկ կվերցնի, ասում էին՝ արի քեզ մի խելացի բան ասենք, սալիկներ կգնես, էժան կնստի վրադ, սոսինձ կգնես, կկպցնես ու վերջ՝ սեւը սեւ չի՞: Ես ասում եմ, թե էդ իրավունքը չունեմ, զարմանում էին՝ թե ինչու՞, սեփականատերը դու չե՞ս: Այսինքն ամեն ինչ պարզեցնում են մինչեւ չգիտեմ որ աստիճան՝ արվեստի գործերի հետ էլ են նման կերպ վարվում: Մարդիկ՝ դառնալով որոշ իրերի սեփականատեր, պիտի գիտակցեն, որ դա միայն իրենցը չէ, որ դա պատմությանն է, քաղաքինն է, երկրինն է»:

Հարկ եղավ շրջել Գյումրու թանգարաներում, մեկ անգամ եւս ուսումնասիրել գյումրեցու 19-րդ դարի կենցաղավարության նրբությունները: Պետք էր հասկանալ, թե հատկապես ինչ ոճի պահարաններ, սեղան, աթոռ, գորգեր հարկ կլինի ձեռք բերել: Մարինան ասում է, որ շատ բաներ էլ իր հիշողություններում պահպանված են մանկությունից: Չնայած ազգանվան մեջ բացակայող «յան» վերջավորությանն, իրենք այնուամենայնիվ գյումրեցիներ են: Բազաեւաների երակներում հոսում է հայի ու հույնի արյուն: Ապրել են Բազաեւաները մինչեւ 1913 թ-ը «ուռումների»՝ հունական թաղամասում: Հետո գաղթել են Ռուսաստանի Արմավիր քաղաք ու վերադարձել արդեն Լենինական 1926թ-ի երկրաշարժից հետո՝ հաստատվելով Աբովյան ճեմափողոցում՝ նախկին Ալեքսանդրովսկի:

«Որոշ իրեր իմ հայրական տանից կա այստեղ, բայց եթե հաշվի առնենք, որ մենք մի քանի տուն ենք փոխել, հետո ժամանակակից իրեր են գնվել տարիների ընթացքում՝ շատ քիչ բան կար պահպանված: Շատ իրեր պարզապես «պեղել» եմ զանազան մարդկանց բնակարաններից, դոմիկներից: Օրինակ էս աթոռներն ուղղակի զրոյից վերականգնել եմ: Հայտնաբերել եմ մեկի բակում, անձրեւի տակ, շատ վատ վիճակում, ուղղակի փխլված՝ էն որ կանգնած տեղն ընկնում էին, բայց հիմա տեսեք ինչ ամուր են, վրան էլ հանգիստ նստած եք,-Մարինան ծիծաղում է,-եղել են մարդիկ, որոնցից իրեր եմ գնել ինչ որ բան էլ իրենք են նվիրել՝ ասելով, թե սա քո մոտ ավելի լավ կպահպանվի: Այս տանն ինչ տեսնում եք՝ գրեթե բոլորին 2-րդ կյանքի հնարավորություն է տրվել»:


Տան պատերի հետ կապված ի սկզբանե եղել է հստակ որոշում՝ հեռացնել խորհրդային տարիներից պահպանված սվաղի շերտը, վերականգնել նախկին տեսքը: Մարինան պատմում է, որ պակասող քարերը լրացրել են նույն որակի շինանյութով: Հատակն ամբողջովին նորացրել են՝ օգտագործելով բնական փայտ: Առաստաղը, որի գերանները՝ բերված Սարիղամիշից, ամբողջովին պահպանված էին՝ ընդամենը լաքապատել են: Պատուհանների շրջանակները, մուտքի դուռն եւս փայտից են:

«Ինձ ասում էին թանկ կնստի վրադ, ինչիդ է պետք, օրինակ ծորակներն ինչու՞ ես երկաթից անում, կամ քեզ պետք է, որ հատակը փայտից ես անում՝ արհեստականը խփի, պրծի: Բաց էստեղ նաեւ մարդկային իմ տեսակն էլ երեւի դերակատարություն ուներ, որ ես մտածում էի, եթե վերականգնում եմ, ապա՝ նույնությամբ, ի վերջո էն ժամանակ չի եղել չէ՞ «պոդ դեռեվո» հասկացություն: Ժամանակակից մի քանի իրեր էլ, որ կան տանն, այնպես է արված, որ համահունչ լինի ինտերերին՝ չխանգարի»:

Զրուցակիցս ասում է, որ 19-րդ դարի շինության ներսում 21-րդ դարի ջեռուցման ժամանակակից մարտկոցները պարզապես ծաղր կդիտվեին: Բուխարի ունենալու հնարավորություն չուներ ու միակ լուծումը փայտե տաքացվող հատակն էր:  Տունը մեծ չէ՝ երկու սենյակ եւ նկուղային հարկ: Ննջասենյակի հատվածում, բնական լուսավորության աղբյուր ստանալու համար, Մարինան ժամանակակից լուծում է տվել՝ անկյունային պատի մի հատվածը, հատակից մինչեւ առաստաղ, ապակեպատ դռեր տեղադրելով: Տունն ի սկզբանե ունեցել է ընդամենը փողոց նայող երկու փոքր պատուհան, որոնց նախնական տեսքն եւս պահպանել է սեփականատերը:

«Ինձ ասում էին՝ պատուհանները փոքր են՝ մեծացրու կամ էլ մի հատ ավելացրու, բայց ես մեկ սմ անգամ չեմ խախտել նախկին չափը: Դրսից որ ուշադիր նայեք, պատուհանների վերեւում քարից եռանկյունիներ կտեսնեք՝ դրանք նույնությամբ վերականգնել եմ, որովհետեւ արդեն փշրվում էին ձեռք տալիս: Ինձ ասում էի՝ մաքրի, թափի, քեզ պե՞տք է, որ չարչարվում ես, մեկ է թանգարանը չունի համապատասխան արխիվ, չի էլ կարող ապացուցել, որ դրանք եղել են»,-նեղսրտում է զրուցակիցս՝ նկատելով, որ քաղաքում իր ունեցած տեղեկությունով նման դիզայնով ընդամենը մի քանի տուն է մնացել: Երկար փնտրտուքից հետո քաղաքում գտել է քարտաշ վարպետի, ով նույնությամբ վերականգնել է փշրված քարե հատվածները:

Ինչ վերաբերում է հյուրատան անվանը՝ «Հայ ասպետ», ապա Մարինայի ասելով հարցը լուծվել է նկուղի «պեղումների» ժամանակ: Նկուղը քանդելիս հին զենքի ժանգոտած  հատվածներ են գտել: «Ասին, որ հայ-թուրքական պատերազմի ժամանակներից է մնացել՝ երեւի տանտերերը, նրանք, ովքեր կառուցել են տունը, իրենք էլ զենքը թաքցրել են ժամանակին: Դե ես էլ մանկական տարիներից միշտ սիրել եմ պատմավեպեր, թագավորական, ասպետական ժամանակաշրջանի պատմություններ ու որոշեցի, որ հյուրատունը կոչվի «Հայ ասպետ»:

Կարելի է ասել, որ Մարինային հաջողվել է փրկել ու վերականգնել Գյումրու 19-րդ դարավերջի, գուցե պատմամշակութային նշանակություն չունեցող, սակայն այդ շրջանի ճարտարապետությանը բնորոշ գծերը փոխանցող տներից մեկը: Այցելուները կարող են հստակ պատկերացում ստանալ այդ շրջանի միջին գյումրեցու կենցաղավարությունից, գործածած իրերից, տան ճարտարապետական լուծումներից: Մարինան անգամ դաշնամուր է գնել՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հատկապես հարուստ գյումրեցիների տանն ավանդույթ է եղել երաժշտական այդ գործիքն ունենալը, որպես կրթվածության, ճաշակի առկայության նշան:

 

Մեկնաբանություններ (6)

Մարինա Բազաեւա
Հարգելի Արթուր, կարծում եմ, ոչ Անին եւ ոչ էլ Դուք չեք համեմատել Հայ Ասպետի գները նմանատիպ հյուրատաների գների հետ: Եթե համեմատեք, կհամոզվեք, որ մեկ անձի հաշվով այն ավելի էժան է, իսկ 3-4 անձի դեպքում՝ անհամեմատ էժան է: Նշեմ նաեւ, որ սա բարձրակարգ հյուրատուն է, իսկ ամեն ինչ ունի իր համապատասխան գինը: Եվ յուրաքանչյուր մարդ ընտրում է իրեն համապատասխան վայր: Այս վայրը ընտրում են մարդիկ, ով գնահատում են գեղեցիկ, յուրորինակ եւ հարմարավետ պայմաններով կացարան: Համեցեք եւ կհամոզվեք: Մարինա
Մարինա ԲԱզաեւա
Անահիտ ջան, անչափ շնորհակալ եմ գնահատանքի եւ մաղթանքների համար: Իրոք դժվար, սակայն հետաքրքիր նախագիծ էր եւ ուրախ եմ, որ ստացվեց; Համեղեք, սիրով, կսպասեմ: Մարինա
Գոհար Սարգսյան
Կեցցեք այս հրաշք աշխատանքի համար: Հնարավորության դեպքում անպայման կայցելենք Ձեր հրաշակերտ աշխարհը և հետայսու անձամբ կզբաղվեմ դրա գովազդով...
anahit
Շատ գնահատելի է քո արածը Մարիանա ջան․ Իսկական Լենինականցու թասիբ ունես․ Մախթում եմ քեզ հաջողություն և շատ ու շատ հյուրեր
Մարինա Բազաեւա
Ամեն ինչ ունի իր գինը: Հյուրատունը բավականին ծախսատար նախագիծ էր: Բայց, Անի ջան, հատուկ Ձեզ համար կտրամադրվի հատուկ, Ձեզ հարմար գին: Համեցեք, սիրով կսպասենք: Մարինա
Անի
շատ գեղեցիկ ու լավ է կառուցված, բայց բավական թանկ գներ են: Կարելի է օդանավակայանի գներին նախանձել հայտնելով այս կառույցում: )))

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter