HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծխախոտի ծխի ու կոյուղաջրերի գարշահոտության մասին

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Մոտ 5 ամիս առաջ կլոր բանտի 1-ին հարկը փակեցին: Հիմա այնտեղ մշտապես պահվող կալանավորներ չկան, քանի որ այդ հարկում անտանելի գարշահոտ էր: Բայց դրանից հետո, անհասկանալի պատճառով, գարշահոտությունը տարածվել էր ամբողջ բանտով, նույնիսկ ցմահների բաժնում`5-րդ հարկում, հատկապես միջանցքում անտանելի էր դարձել օդը: Այդ ժամանակ նամակներիցս մեկում գրել էի, որ Արդարադատության նախարարությունը կամ պետք է քայլեր ձեռնարկի, որ վերանա այս գարշահոտությունը, կամ էլ ստիպված են լինելու բյուջեից գումարներ դուրս գրել`բանտապահներին ու դատապարտյալներին օծանելիք բաժանելու համար, որպեսզի դիմակայեինք այս գազային հարձակմանը:

Հետո հեռուստացույցով տեսանք, թե ինչպես կոյուղաջրերը հասան Երևանի կենտրոն: Դրանից ուղիղ մեկ օր անց խցի պատուհանից տեսա, որ տրակտոր է աշխատում կլոր բանտի շրջակայքում, բանվորներ կան: Իմացանք, որ կոյուղագծերն են սարքում: Հիմա՝ ցմահների հարկաբաժնում՝ 5-րդ հարկում, անհամեմատ լավ վիճակ է: Ասում են, որ ամբողջ բանտում գարշահոտությունը նվազել է, իսկ մերձակա տարածքում՝ վերացել:

Այդպես ես պայքարում էի բանտում ծխախոտի ծխի դեմ: Դեռ հեռավոր 1996 թ.-ին հարց բարձրացրեցի՝ կալանավորվածին փոքր խցում պահելը, որտեղ փակված են 15-20՝ մեծամասնությունը ծխող մարդիկ, պարզապես անթույլատրելի է:

Ինքս երբեք չեմ ծխել, մանկուց ինձ համար տհաճ է եղել ծխախոտի ծուխը: Հայրս ծխում էր պատշգամբում, որպեսզի ծուխը տուն չմտնի և մինչ օրս էլ չի կարողանում թողնել: Ինչևէ, ազատության մեջ չծխող մարդը դեռ կարող է այս կամ այն կերպ հեռու մնալ այդ թունավոր ծխից, բայց ի՞նչ անի բանտում հայտնվածը: Երբ այս մասին հարց բարձրացրեցի 21 տարի առաջ, բանտի պետի առաջին տեղակալն անկեղծ զարմացավ.

-Մհե՛ր, երկար տարիներ աշխատել եմ, բայց նման պահանջ կալանավորից առաջին անգամ եմ լսում:

Հայաստանը նոր էր անկախացել, և դեռ բավական հեռու էինք քաղաքակիրթ աշխարհում ընդունված նորմերից, որոնք, մանավանդ բանտում, գրեթե անհնար էր կիրառել:

Կլոր բանտի «կարանտին» կոչվածից ինձ տեղափոխեցին երրորդ հարկի 52 խուց, որտեղ մոտ մեկ տարի արդեն բնակվում էր ինտելիգենտ մի մարդ`մաթեմատիկոս Գուրգեն Մարտիրոսյանը, ով հայտնվել էր բանտարկյալի կարգավիճակում քաղաքական գործով… Գուրգենն ինքը ծխում էր, ոչ շատ, բայց գիտակցելով այն հանգամանքը, որ առողջությանն ակնհայտ վտանգ է սպառնում, երբ 20 մ² վրա 20 տղամարդ են ապրում և գրեթե բոլորն էլ ծխող, մի լավ դրվածք էր պարտադրել`միևնույն ժամանակ ծխում են առավելագույնը 2 հոգի, և վե՛րջ: Մոլի ծխողները քթի տակ փնթփնթում էին, բայց դրվածքը պետք էր հարգել, այսինքն`հարգել նաև դիմացինին: Ավելի ուշ մեկուսարանի վարչակազմը, որպես բացառություն, ինձ թույլատրեց նաև փոքրիկ օդափոխիչ ունենալ:

Արդեն մահապատժի տարիներին`փակված մահվան զնդանում, այս հարցը լուծել գրեթե անհնար էր, քանի որ մահապարտը չուներ ոչ մի իրավունք, նույնիսկ լողանալու, ձմեռը տաքանալու, սոված չմնալու, ավելին`ատամները մաքրելու կամ գիրք կարդալու, ռադիո լսելու իրավունք էլ չունեինք:

Լա՛վ, դրականի մասին էլ ասեմ, բայց այդ դրականն իմ համառության և եվրոպական համապատասխան կառույցների հանդեպ վախի արդյունք է: Արդեն տարիներ շարունակ մեր խցում ծխախոտի ծուխ չկա`խցակիցս չի ծխում, իսկ հսկիչներն էլ վառած ծխախոտով ներս չեն մտնում:

Հանրային վայրերում ծխելու համար մեծ տուգանք սահմանելու օրենքի նախագծի մասին օրեր առաջ զրուցում էի բանտի աշխատակիցներից մեկի հետ: Մի հետաքրքիր բան ասաց. հատկապես ամռանը, երբ հեռվից նայում ես «Նուբարաշեն» կլոր բանտին, պարզ երևում է՝ բանտի կլոր շենքի «խողովակի» միջից ծուխը վերև է բարձրանում: Պատճառը նրա մեկնաբանմամբ հետևյալն է՝ ֆիզիկայի օրենքների համաձայն`բանտախցերում մոտ 1000 տղամարդու ծխած ծուխը, գումարած զուգարանների ու կոյուղիների հոտը, ճնշման տարբերության պատճառով` պատուհաններից դեպի դռների վրայի փոքրիկ դռնակները`«վոլչոկները» քաշում, իսկ հետո էլ արդեն ներսի`միջանցքի պատուհաններից անցնում են բանտի մեջտեղ`ուղիղ կլոր մեծ «խողովակի» մեջ: Այդ «ծուխը»  օդ է բարձրանում, ինչն էլ ամռանը հեռվից նկատելի է դառնում:    

 

Մեկնաբանություններ (1)

Արամ
Ով դժբախտություն է ունեցել հայտնվելու այդ բանտում, գիտի թե ինչ է կատարվում մի բանտում, որտեղ դատապարտյալները կամ մեղադրյալները ենթարկվում են աշխարհում ամենաանմարդկային վերաբերմունքին և դրան գումարվում է նաև գարշահոտությունը: Առաջարկում եմ բոլոր նախկին և ներկա դատապարտյալներին Զարուհի Փոստանջյանի արձանը կանգնեցնել արդարադատության նախարարության շենքի առաջ: Հավատացնում եմ որ այդ գարշահոտությունը, որը տարիներ շարունակ էր, երբեք չէր վերանա եթե չլիներ Զարուհի Փոստանջյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter