Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Ծառուկյան» խմբակցությունը կողմ կքվեարկի ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածությանը



ԱԺ ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի ընտրություններում կսատարի իշխող ՀՀԿ-ի և վերջինիս կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի կողմից առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածությանը։ «Ծառուկյան» խմբակցությունն այսօր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ նիստ է ունեցել, որի ժամանակ էլ որոշվել է այս հարցը։

Այս մասին «Հետք»-ին հայտնեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։

Հարցրեցինք՝ ինչու են որոշել սատարել Սարգսյանին, Էնֆիաջյանը պատասխանեց

«Մի քանի կարևոր հանգամանքներ կան, որոնք թիմի կողմից կարևորվեցին։ Առհասարակ խմբակցության յուրաքանչյուր ներկայացուցիչ հնարավորություն ունեցավ արտահայտվելու և երբ հարցեր տալու ժամանակահատվածն էր, ամենատարբեր հարցերը հնչեցին (նկատի ունի Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը․ հեղ), նաև պատասխանները լսեցինք։ Այսօր էլ ամփոփեցինք հանդիպումը, մեր կարծիքները, ընդհանուր առմամբ որոշեցինք, որ այն ծրագրերը, ինչի մասին խոսում է Արմեն Սարգսյանը, պետք է հնարավորություն տալ, որ իր գործունեությունը ծավալի։ Եթե հետագայի հետ կապված հասկանանք, որ մեր երկրի քաղաքացիներին, մեզ՝ որպես քաղաքական ուժի, չի գոհացնում նրա գործունեությունը, մենք այս հարցում էլ կաշկանդված չենք մեր դիրքորոշումը և կարծիքը հայտնելու»։

Հետաքրքրվեցինք՝ այս ընտրություններից հետո հասարակությունն իրենց կընկալի՞ որպես ընդդիմություն, «Ծառուկյան» խմբակցության քարտուղարն ասաց

«Ժամանակը լավագույն գնահատականը կտա, ինքն Արմեն Սարգսյանը երկար տարիներ անկուսակցական գործիչ է եղել, իր գործունեությունը ծավալել է երկրից դուրս, այսօր էլ նախագահի կարգավիճակի և լիազորությունների մեջ բավականին մեծ սպեկտոր կա արտաքին աշխարհի հետ հարաբերվելու, հնարավոր տնտեսական ներգրավվածություն ապահովելու, արտաքին աշխարհում լոբբինգ անելու։ Այս առումով՝ գտնում ենք, որ նա արտաքին աշխարհում լայն կապեր ունի»։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք իրենց համար համոզիչ էին Արմեն Սարգսյանի այն փաստարկները, որ նա վերջին վեց տարիներին եղել է ՀՀ քաղաքացի, Էնֆիաջյանը պատասխանեց

«Ես ներքին համոզմունք ունեմ, որ այս գործընթացը, որ տեղի  է ունենում առաջադրման հետ կապված, չի կարող խնդիր ունենալ, որովհետև եթե այդպիսիք լինեին, բնականաբար չէր կարող առաջադրումն ընթացք ստանալ»։

Նկատենք, որ ԱԺ չորս խմբակցություններից Արմեն Սարգսյանի թեկնածությանը դեմ է քվեարկելու միայն «Ելքը»։

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ