Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Իշխանության մարգինալացումը



Երևանի ավագանու նիստի ժամանակ կնոջ խմբակային ծեծը տարբեր կերպ մեկնաբանվեց: Հաջորդ փուլում լրագրողների քաղաքապետարան մուտք գործելու սահմանափակումները գնահատվեցին որպես ազատ խոսքի դեմ արշավ: Մինչ այդ որոշվեց կառավարության նիստերը դռնփակ անցկացնել: Այս ամենի տակ, կարծես, ավելի խորքային գործընթաց է տեղի ունենում, քան պարզապես խոսքի ու տեղեկատվության ազատության սահմանափակում:

Կնոջ` ավագանու անդամի խմբակային ծեծը, հետո լրագրողներից մեկուսանալու որոշումն ընդամենը այդ գործընթացի դրսևորումներն են: Իշխող կուսակցությունը կամ կուսակցությունները, իրականում, պաշտպանվողի դերում են: Դա նյարդային, իրավիճակին ոչ համարժեք պաշտպանություն է, որը ցույց է տալիս, որ գործ ունենք շատ ավելի լուրջ երևույթի հետ:

Ինչի՞ց կամ ումի՞ց է պաշտպանվում իշխանությունը, կամ տվյալ դեպքում տեղին կլիներ ասել` իշխող կաստան: Հայաստանում ԱԺ ընտրություններն անցան հանգիստ ու «կառուցողական» մթնոլորտում: Առաջիկա ՏԻՄ ընտրությունները հերթական անգամ խոստանում են անցկացնել խաղաղ, միակ խնդիրը կլինի տեղական կլանների լոկալ ընդհարումը, որը համապետական արձագանք չի ունենա ու ընդամենը չարախնդության առիթ կլինի «ընտրություն» հասկացությանը չվստահող զանգվածի համար, իսկ մամուլի համար` դիտումների քանակը մեծացնելու հնարավորություն: Նախագահի համապետական ընտրություն չի լինելու, ընդդիմադիր համարվող կուսակցությունները վարկաբեկված են և ունակ չեն փողոցում զգալի քանակի մարդ հավաքել, թեկուզ իշխանության հետ սակարկություն սկսելու համար:

Հանրությունից կամ չկազմակերպված բնակչությունից, մարգինալացված քաղաքացիական կազմակերպություններից, զգուշավոր գործարարներից, ծառայամիտ մտավորականներից որևէ վտանգ նույնպես չի սպասվում: Իդեալական վիճակ է, որպեսզի իշխող կաստան իրեն զգա վստահ ու «սանձերը» թուլացնի` փորձելու իշխանություն-հասարակություն սիրախաղ սկսել, սակայն մենք հակառակ պատկերն ենք տեսնում:

Ի՞նչ է կատարվում:

Հանրային կարծիքի տրոհումը, մամուլի նկատմամբ անվստահությունը, ընտրությունների ինստիտուտի դեգրադացիան, տնտեսության ստագնացիան տարանջատել է հասարակությունը մարգինալ խմբերի` ատոմիզացիա է կատարվում մինչև անհատները: Ոչինչ ոչ ոքի այլևս չի միավորում, իսկ իշխող կաստային միավորում է միայն կոռուպցիոն կերակրաշղթային մոտ գտնվելը: Դա նրանց  միավորող և հարազատության զգացմունք հաղորդող միակ դրդապատճառն է: Սակայն որքան կերակրամանը փոքրանում է, այնքան մեծանում է կերակրաշղթայի ավելի ցածր աստիճանում հայտնվելու վախը:

Ավագանու կին պատգամավորների ակցիան առաջացրեց լարվածություն և հիշեցրեց կոյուղաջրերի հարևանությամբ ապրող մարդկանց մասին, որոնք արդեն դասակարգային թշնամիների են վերածվում: Այդ մարդիկ պոտենցիալ վտանգ են իրենց համար:

Ավագանու նիստի ժամանակ լարվածության իրական պատճառն այն հարցադրումներն էին, որոնց պատասխանները նրանք չունեն, անգամ լիազորված չեն պատասխաններ որոնելու: Դրանք նաև պատասխանատվության ենթարկելու սաղմեր էին պարունակում: Ճահճում ցանկացած շարժ հարմարավետության գոտուց դուրս հայտնվելու սպառնալիք է, նաև` ցանկացած նախաձեռնության, ոչ ճիշտ արձագանքի համար «վերևից» պատժվելու վախ: Եվ միակ ճանապարհը փակվելն է, ոստիկանների հետևում պատսպարվելը, լրագրողների մուտքը փակելը: Չկան հարցեր, չկա նաև դրանց արձագանքելու պարտավորություն:

Հանրության մարգինալացումը հանգեցրել է հաջորդ տրամաբանական հետևանքին` մարգինալացել է նաև իշխանությունը` կենտրոնական և համայնքային: Մարտի դաշտում մնացել են ոստիկանները և հարկահավաքները: Իշխանություն-ժողովուրդ առճակատման գիծը խորհրդարանից, ավագանուց տեղափոխվում է փողոց և դատարանի դահլիճներ:

Գործող համակարգը սահմանափակում է ցանկացած կենդանի շփում, երկխոսության փորձ: Պետական ծառայողներն ասելու ոչինչ չունեն, իրենք նույնպես համատարած կրճատումների ենթարկվելու ու փողոցում հայտնվելու վտանգի տակ են: Պաշտոնական պրոպագանդան բացատրություն չունի, իսկ հայրենասիրական պաթոսը արդեն չի ընկալվում`«ազգ-բանակ», «ազգ-եկեղեցի», ներդրումների խոստումներ, «կրթված նախագահ» և մյուս կարգախոսները կորցրել են իրենց հմայքը: Պետական պարգև ստանալը վարկաբեկվել է նշանակում: Չեն աշխատում նաև «ելք ունենք», «լուսավոր ապագա» քաղտեխնոլոգիական կարգախոսները, որոնց միջոցով հնարավոր լիներ հույս ներշնչել ու մարդկանց համոզել, որ էլի սպասեն:

Հանրային մտքի ոչնչացումը, քաղաքական պայքարի փոխարինումը քաղտեխնոլոգիական աճպարարությամբ, խնդիրներին ուժային լուծումներ տալու գործելաոճը հանգեցնում է համատարած մարգինալացման, իսկ դա ամենից լավ զգում են կերակրաշղթայի վերին օղակները, որոնք «անվտանգության օդապարիկներ» են ձեռք բերում ապահով երկրներում, նաև` երկքաղաքացիություն X պահին փախստականի կարգավիճակից խուսափելու համար:  

Առաջին իսկ վտանգի ազդանշանի դեպքում նրանցից ոչ ոք չի դիմադրելու, իսկ մինչ այդ նրանք մեկուսանալու են հանրային հարթակներից, պատսպարվելու են պարիսպների ու ոստիկանների հետևում, իսկ ճահիճը պրովոկացիաների ենթարկելու ցանկացած քայլ ոչ ադեկվատ արձագանք է ունենալու: Քաղաքապետարանում ցուցաբերված անհամաչափ ագրեսիան ընդամենը խմբակային վախի դրսևորում էր:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ