HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Բալկոնում Սարգիս Հովսեփյանն է

Բաղրամյանի ներքին բակերից մեկում գտնվող իմ այս բալկոնը միակն է, որ պահպանել է նախնական ձեւը՝ առաջ չեն տվել, չեն փակել ապակիներով, չի փոփոխել գունային հիմնական երանգը։ Այս բալկոնում ամեն շաբաթ մի քանի ժամով հանգստանալու, առանձնանալու հնարավորություն է ունենալու մեկը, ում հետ զրուցելու եմ։ Նրանք ամենատարբեր ոլորտներից են, բայց նրանց ընտրությունն ամեն անգամ բացատրություն պետք է ունենա։ Զրույցի թեման տարբեր է լինելու, բայց, ում հյուրընկալելու եմ բալկոնում, ինքս չեմ ներկայացնելու նա պետք է իր մասին խոսի երրորդ դեմքով ու այդպես ներկայանա ձեզ։

Բալկոնում Սարգիս Հովսեփյանն է։

Սարգիս Հովսեփյանը՝ երրորդ տարածությունում (ինքն իր մասին)

Շատ դժվար է, Անուշ։ Չես կարող ինքդ քեզ հետաքրքիր ներկայացնել, եւ, եթե դա էլ մի կողմ դնենք, քո մասին երրորդ դեմքով հանպատրաստից խոսելը խնդիրներ է առաջացնում, տարբեր բարդույթների է կպչում։ Որպեսզի որեւէ բան կարողանաս ձեւակերպել, պետք է դիստանցիա ստեղծես․ հիմա դու լուսանկար անելու համար պիտի հեռավորություն պահես, որ ստացվի, թե չէ բան չի երեւա, չէ՞։

Կնախանձեմ այն մարդկանց, ովքեր արդեն իրենք իրենց այդքան ձեւակերպած ունեն։ Ես հիմա ո՞վ եմ․ որպեսզի երրորդ դեմքով խոսեմ, նախ այս հարցին պիտի կարողանամ պատասխանել, իսկ ես ո՞վ եմ հենց այս պահին, ընթացքի մեջ․․․ Ոնց էլ ասես, ինչ-որ տափակ բան է դուրս գալու․ ես իմ կենսափորձի, ձգտումների, վերջապես մի շարք թուլությունների ու թերությունների եւ գուցե որոշ հմտությունների  ինչ-որ հանրագումար եմ՝ լղոզված, չձեւակերպված  ու անընդհատ փոփոխվող։

Ինքդ քեզնից աբստրակցվելն, ինձ թվում է, շատ ավելի բարդ է, քան քեզնից դուրս ինչ-որ մի երեւույթից խոսելը։ Ի վերջո հարազատ ես չէ՞ ինքդ քեզ։ Հարազատի մասին խոսելը դժվար է։ Այդ մի բանը կարող ենք փաստել՝ ես ինձ հարազատ մարդ եմ (ինքն իրեն հարազատ մարդ է)․․․ Սրա մասին չէի մտածել. ես ինձ հարազատ մարդ եմ, ինչքան էլ կարող է տարօրինակ թվալ։

Քո տեքստերը հարազա՞տ մարդու տեքստերն են։ Ա՜յ, տես՝ դժվարանում եմ հարցը ձեւակերպել, բայց հարցիս ընդհանուր իմաստը քո ու տեքստիդ առնչությունն ու կապն է։

Մի անգամ ինձ հարցրեցին՝ ինչի ես սկսել գրել, ասացի՝ սկսել եմ գրել, որ «ղումար խաղալը թարգեմ»։ Շատ պրիմիտիվ, ուտիլիտար պատճառով։ Իհարկե, «աթոռի վրա ասմունքողներ» կային, որ շատ զարմացան «գրողների սուրբ միության» ծաղկաձորյան հանգստյան տանը, բայց դրա մեջ ճշմարտության հատիկ կար։

Հարցն այն է, որ մարդը միշտ փորձում է ինչ-որ կերպ դրսեւորվել․ այդ պահին իմ կյանքում համընկավ այդ միջոցը՝ գրելը, ու գրականությունն ինչ-որ իմաստով կյանքս փրկեց։ Հետո հասկացա նաեւ, որ անսպառ տարածք է, որտեղ կարելի է դրսեւորվել, բացվել․․․Մանավանդ, երբ համարում եմ, որ բոլոր արվեստներից «ամենադեմոկրատականը» հենց գրականությունն է․ ուղղակի անհավանական ազատ է, ինչ ուզես, կարող ես անել՝ բառիս ամենաուղիղ իմաստով։ Չունի որեւէ սահմանափակում, ոչ մի անհաղթահարելի «ռամկա» չի դնում:

Կա՞ հարցադրում, որը տեքստդ միշտ կրում է, որի շուրջ ես ստեղծում։

Կան այդպիսի հարցադրումներ, որոնք տեքստի կոնտեքստում միշտ կան։ Անձամբ ինձ հուզող հարցերն են բնականաբար, ու ինչքան կենսափորձդ մեծանում է, գիտելիքներդ շատանում են, այդ հարցադրումներն ավելի են բարդանում, ձեւակերպումներդ փոխվում են, տեսանկյուններդ շատանում են եւ այլն, բայց հարցերդ խորքում շարունակում են նույնը մնալ։

Գուցե սխալվում եմ, բայց տեքստերդ անկախության խնդրականացման հարցի հետ առնչվում են։

Անկախությունն ինքնանպատակ բան չէ։ Հնարավոր է՝ տպավորություն ստեղծվի, որ սեւեռուն միտք է, բայց այդպես չի։ Անկախությունը սպասարկող բան է, ուղղակիորեն էքզիստենցիալ հարցերի պատասխան եւ գումարած իմ ինքնությանը վերաբերող հարցերին սպասարկող կարեւորագույն գործոն։

Անկախությունը հնարավորություն է տալիս ապրելու, զարգանալու, կայանալու, նաեւ ստեղծագործելու․․․ Անկախությանն այլընտրանք ես չգիտեմ, որն ինձ նման մարդու տագնապները որոշ իմաստով կփարատի։ Այս առումով անկախությունը նաեւ միջոց է, եւ, քանի դեռ ինքը վտանգված է, դառնում է նպատակ․․․ Հակառակ դեպքում արեւի մայր մտնելու եւ դուրս գալու պես սովորական բան կլիներ։

Այս ամենի կոնտեքստում, երբ ակտուալ թեման ինձ հարազատ է, փորձում եմ մարսել՝ որոշակի դիստանցիա պահելով ու դրա մասին խոսելու ձեւ գտնելով։

Դիստանցիան շատ ես կարեւորում։

Դե երբ ներսում ես, ուրիշ է։ Ես էմոցիոնալ մարդ եմ, չեմ կարող լինել ներսում եւ հանգիստ։ Ինքդ ես տեսել, որ ընկերներիս հետ սովորական զրույցի ժամանակ էլ գոռգռալով, ձեռքով-ոտքով եմ խոսում։ Հետո գնում եմ, ասենք, երեք օր մտածում եմ այդ թեմաների շուրջ, հանդարտվում եմ, ինչ-որ եզրակացության եմ գալիս։ Այդ պահին ո՞նց գրես առանց դիստանցիայի։

Հնարավոր է՝ չափազանցնում եմ «դիստանցիա» ասվածը, բայց ինձ համար իսկապես կարեւոր է։

Քո ու Հայաստանի հարաբերությունները։

Չափազանց բարդ հարաբերություն է․ մոտավորապես նույնն է, ինչ ինքդ քեզ հետ ունեցած հարաբերությունը․ ինչքան դու ինքդ ես բարդ քեզ հետ ունեցած հարաբերության մեջ, ա՜յ այդքան էլ Հայաստանի հետ ունեցած հարաբերության բարդությունն է։

Ասում ես՝ դու ինքդ որոշիր Հայաստանի ու քո հարաբերությունը, թե Հայաստանի Հանրապետության ու քո հարաբերությունը․․․ Ու հենց քո այդ բաժանումից էլ մտածելու կարեւոր առիթ է առաջանում, որովհետեւ միշտ եղել է իմ ու Հայաստանի հարաբերություն, բայց հիմա պետք է որոշակի դիստանցիա, որ դառնա նաեւ հարաբերություն հանրապետության հետ։ Այնպես, ինչպես մենք ինքներս մեր հանդեպ էլ պիտի մի քիչ հեռավորություն պահպանենք, որ գոնե առողջ հարաբերություն ստեղծվի ինքներս մեզ հետ․․․

Որպես քաղաքացի ․․․

Չենք կարող ժխտել, մեր միջից հանել էմոցիոնալ, մի քիչ ոչ ռացիոնալ կապը, բայց առաջ շարժվելու, միմյանց օգտակար լինելու, կենցաղային մակարդակում չմնալու համար հնարավոր պիտի լինի հաշվարկել, գնահատել, կառուցել։ Պիտի լինի մաքսիմալ օբյեկտիվության վիճակ․ եթե միայն էմոցիոնալ սահմաններում է տեղավորվում այդ հարաբերությունը, դառնում է հոսող, հաճախ անբացատրելի մի բան, որը բացառում է առողջ, գիտակից փոխհարաբերությունը։

«Երրորդ․․․Մաս» պատմվածքումդ այսպիսի տող կար«Երեք միլիոն մարդն ի՞նչ ա, որ լավ չապրենք․․․ Մի քաղաք մարդ»։ Բալկոնում էլի է հնչել այս միտքը՝ տարբեր ձեւակերպումներով։

Հայրս բառացի էլ է ասել դա ու ասել է այն ժամանակ, երբ շարժումը նոր էր ձեւավորվում։  Ու մենք էլ ինչ-որ իմաստով խոսում ենք շարժման երեսունամյակի կոնտեքստում, ու պատմվածքն էլ կապ ունի այդ ամենի հետ։

Խոսակցություններ շատ կան, որ մարդիկ անկախությունն այդքան էլ չէին ուզում, որ ինչ-որ առումով սպոնտան մղում կար։

Գուցե և մարդիկ ուրիշ խնդրով էին դուրս եկել փողոց, բայց պատմական զարգացումը լրիվ ուրիշ տեղ տարավ։ Իմ կարծիքով, ամեն դեպքում մարդիկ լայն իմաստով ճիշտ կողմնորոշվեցին, հասկացան, որ անկախությունը կարեւորագույն բան է, եւ, եթե առիթ է ընձեռնվել, պետք է ամեն գնով ձեռք բերել։

Հայրս միշտ է անկախական եղել։ Մի անգամ ասել եմ, ու նորից առիթ կա ասելու, որ երբ Տաշքենդում էինք, ու հայրս որոշում կայացրեց Երեւան վերադառնալու, ասեց՝ գնում ենք, որովհետեւ «կարող ա ձեւ լինի՝ անկախություն «բռնենք»»․․․

Խոսակցությունների ժամանակ հարցեր էին հնչում, թե ոնց պիտի գոյատևի նորանկախ պետությունը, ինչ ռեսուրսներով․․․ Չեմ կարող ասել, թե հայրս շատ լավ էր պատկերացնում կամ հիմնվում էր ռացիոնալ հաշվարկների վրա, բայց ամեն դեպքում միշտ ասում էր, որ երկու-երեք միլիոն մարդու կյանքը կազմակերպելը մեծ խնդիր չէ։

Անկախությունը կարգավիճա՞կ է։

Ինքդ քեզ ձեւակերպելու միջոց է նաեւ։

Այդ «բռնելու» իմաստով դեռ խնդրականացվու՞մ է։

Ձեւակերպել անկախությունը բարդ է նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր ամեն օր այս թեմայի «մեջ» են, բայց անկախությունն ինքդ քեզ ձեւակերպելու, քո անվտանգությունը մաքսիմալ կերպով երաշխավորելու ձեւ է։

Որպես այս մշակույթի, լեզվի, մտածողության կրող՝ իմ համոզմամբ մեր անվտանգությունը միայն մեր ձեւակերպած պետության մեջ է հնարավոր ապահովել․ մնացած բոլոր դեպքերում այն վտանգված է։

Գուցե կան մարդիկ, ում համար որեւէ նշանակություն չունի հենց այս ինքնության մեջ լինելը, եւ գուցե անհատական մակարդակներում ձեւակերպումներն այլ են ու բավարար, բայց այդ մարդիկ այլ տեղում կարող են գտնել պատրաստի անվտանգության համակարգեր։

Շատերն այդպես էլ անում են․ մեկնում են այլ երկիր՝ դառնալով այդտեղի համակարգի սպառողը։ Իրենք վտանգված չեն։ Ես չեմ կարող իմ ինքնությամբ մեկնել այլ տեղ ու վտանգված չլինել, ուստի ես պիտի այստեղ ստեղծեմ իմ ինքնությանը հնարավորինս սպասարկող ու ապահովող համակարգ:

Եթե մարդը հենց այս մշակույթի մեջ է ուզում կայանալ, զարգանալ, այս հիմքերով (ոչ իզոլացված, իհարկե) ցանկացած այլ տեղ մեծ խնդիրներ կառաջանան։ Օրինակ ես գրող եմ, տեքստի հետ է իմ աշխատանքը, ու այս լեզվի մեջ եմ ուզում կայանալ։

«Այս լեզվի մեջ կայանալը» դժվարություններ չի՞ առաջացնում։ Չգիտեմ, օրինակ, նման հարց անգլիացու, ֆրանսիացու, գերմանացու մոտ առաջանու՞մ է։

Այդպես առավելագույնս հինգ-վեց լեզու կթվես․․․ Հա, ինքը չունի նման խնդիր, իսկ ես ունեմ, հետո ի՞նչ։ Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ուրեմն ցանկացած խնդրից միանգամից խուսափել է պետք ու վերջ։ Հակառակ տրամաբությունը դա՞ է․․․

Է՜հ հա, ունենք այդպիսի խնդիր ու շատ այլ խնդիրներ, ինչպես օրինակ շուկայի փոքրությունը, նույն այդ լեզուն կրողների, կարդացողների քանակը, որ սահմանափակ է եւ այլն, եւ այլն․․․ Բայց դա կապ չունի, դա առիթ չի, որ հրաժարվես քո լեզվից, քո խնդրից, ոնց քանդակագործը, որ կարող է աշխատել կավի հետ հեշտությամբ ու հրաժարվել բարդ նյութից։ Այս պարագայում հակառակն է․ մարտահրավեր է դառնում։

Ի վերջո էքզիստենցիալ հարց էլ կա․ ինչ անում ենք, իմաստը միշտ կասկածելի է․․․ Ուզում ես գրի հայերենով, թե անգլերենով։

Մեր իրականության մեջ տեքստը կասկածի ենթարկվում է, թե՞ չէ, դառնու՞մ է դիալոգի նյութ։

Կան առանձին դեպքեր, բայց լուրջ քննարկման նյութ չի դառնում, անցնում են վրայով, առանձնացնում մտքեր՝ լավ ու վատ, սեւ ու սպիտակ․ այդ մակարդակի վրա է, որը չենք կարող համարել տեքստի լուրջ խնդրականացում, քննարկում, վերլուծություն եւ այլն։

Բացառություններ կան, բայց ընդհանուր առմամբ չեմ կարող միանշանակ ասել, որ տեքստը կասկածվում է, դիալոգի նյութ է դառնում։

Տարիներ առաջ քո տված հարցազրույցներից մեկն այսպես էր վերնագրվել«Գրող, սցենարիստ Սարգիս Հովսեփյանը չի թաքցնում, որ քաղաքականացված է»։

Այնպիսի տպավորություն է, որ խոստովանություն ես արել քաղաքականացված լինելուդ մասին։ Չքաղաքականացվածը ո՞րն է։

Մի բան հստակ է այն ժամանակ էլ, երբ տվել եմ հարցազրույցը, եւ հիմա էլ․ հնարավոր չի լինել ապաքաղաքական, նույնիսկ եթե դու իներտ ես, պասիվ ես, դա էլ է քաղաքական դիրքորոշում։

Շեղվեցի։ Լուսանկարելիս տեսնում եմ, որ փոխվել ես։

Լա՞վ է, թե՞ վատ։

Հետաքրքիր է։ Հենց լուսանկարում եմ, այդ ժամանակ եմ տեսնում փոփոխությունը, չնայած դիմացս նստած ես։

Երեւի լուսանկարը սահմանի մեջ է դնում։ Ես վերլուծաբան չեմ, բայց ենթադրում եմ, որ ինչը ակտիվ է, շարժվում է, շփման մեջ է, իրեն չես կարողանում մի վիճակի մեջ բռնացնել, իսկ երբ ֆիքսում ես պահը, կողքի ամեն բան քեզ հանգիստ է թողնում։

Ասենք՝ դու ինձ ճանաչում ես հինգ կամ տասը տարի, լուսանկարով ֆիքսված պահը թույլ է տալիս մոռանալ այդ տարիները, ինձ հետ կապված պատմությունները, ու մի պահ սեւեռվում ես մի շատ կոնկրետ վիճակի վրա։

Առավոտյան, երբ պատմվածքդ էի կարդում ու, երբ ֆիքսվել էի շարժման երեսուն տարվա տեւողության վրա, մտքովս անցան նաեւ մարտի մեկի դեպքերըայս տարի տասը տարին է լրանում։ Ու նման տեւողությունները ոնց որ անընդհատ են, բայց չեն քննարկվում տեւողության տարողության համեմատ։

Չեմ կարող ասել, թե ես շատ լավ եմ պատկերացնում այս հարցերի պատասխանը, բայց հստակ էր, որ տասը տարի առաջ էլ կատարվեց մի բան, որից ժողովուրդը նորից խաբվեց։ Ամեն դեպքում խաբվեց բոլոր իմաստներով, որովհետեւ փաստորեն ինքն իրենից դուրս եկած առաջնորդների մասին շատ ավելի լավ կարծիք ուներ, քան նրանք իրականում կային։ Չգիտեմ՝ ինչու այդպիսի խզում եղավ։

Տասը տարի առաջ այս օրերին դու հրապարակու՞մ էիր։

Ընկերներիցս շատերի հետ վիճել եմ այդ թեմայի շուրջ․ մեղադրվում էի այն իմաստով, որ ես էլ պիտի լինեի այնտեղ, որտեղ ժողովուրդն է։ Ըստ էության դրա մեջ ճշմարտություն կար, բայց ինքս իմ դեմ գնալ չէի կարող, քանի որ հարթակին չէի վստահում։

Բացի հարթակին վստահելը մի այլ լուրջ խնդիր էլ կա․ առայժմ չի եղել գաղափարական շարժում, որի բուն նպատակը ոչ թե իշխանափոխությունը լինի, այլ հասկանալը, թե ինչի համար է այդ իշխանափոխությունը։

Մեզ ուզում են համոզել, որ ամեն բան անձերից է կախված․ եթե այս մեկը չլինի, մյուսը լինի, հույս կա բարեփոխման։ Ես չեմ հավատում դրան։ Բոլորն էլ իրենց թուլություններն ունեն ու տարբեր բաների են ենթակա․․․ Եթե գաղափարական հիմք չկա, իրենք ոչ կանխատեսելի կարող են լինել, ոչ ըմբռնելի, անընդհատ կծորեն մեր տեսադաշտից, մեր վերահսկողությունից։ Կարճ ասած՝ որպես հանրություն, լուրջ պահանջ դնել նորից չենք կարողանա։

«Մի՛ գողացիր բյուջեից» պահանջն, օրինակ, քաղաքական է, բայց գաղափարական չի, այլ ավելի շուտ իրավական հիմքերով, քրեական պահանջ է։

Նորից վերադառնալով տասը տարի առաջ տեղի ունեցած շարժմանը՝ կոնկրետ ակտիվությունը քաղաքական էր, բայց ապագաղափարական։ Այդպիսի շարժումը, իմ կարծիքով, լուրջ հեռանկար չի կարող ունենալ։

Պարադոքսալ կթվա, բայց վաղուց ժամանակն է, որ տեղի կուսակցությունները գաղափարական դառնան։ Առաջին հայացքից երեւի ասածս զարմանալի թվա, բայց անհասկանալի է, օրինակ, թե Դաշնակցությունը, լինելով նաեւ սոցինտերնի անդամ կուսակցություն, որքանով է սոցիալիստական եւ ինչպես է դրսեւորում իր սոցիալիստական բնույթը։

Հիշողությունս որքան էլ փորփրեմ, միտքս չի գալիս մի դեպք, երբ այդ կուսակցությունը սոցիալական շարժում է նախաձեռնել կամ գոնե ակտիվորեն մասնակցել է որեւէ սոցիալական նախաձեռնության, չնայած նրան, որ Հայաստանում շատ են եղել նմանատիպ ակտիվության դրսեւորումներ։

Բայց  Դաշնակցությունը գոնե գաղափարական հիմք ունի, մյուս կուսակցություններին ընդհանրապես չեմ հասկանում․ օրինակ, «Բարգավաճ Հայաստանը» ինչ է առաջարկում, ինչ տեսակի հասարակարգ, ինչ տեսակի համակարգ, կամ «հանրապետականները»․․․ Շատ էլ որ հայտարարում է, թե պահպանողական կուսակցություն է։ Ի՞նչ է ենթադրում սա․ արդյոք հանքերն աջուձախ սեփականաշնորհվելն ու երկիրը պոչամբարի վերածելն է պահպանողականը։

Իսկ դու որպես քաղաքացի քո պահանջն ունե՞ս իշխանությանը կամ նրանց, ովքեր իշխանափոխության են միտված։

Հա, ձեւակերպվե՛ք, հասկանանք՝ ով եք դուք, ինչ տեսակի Հայաստան եք առաջարկում, ինչ հասարակարգ, որ մենք էլ կարողանանք դիրքավորվել, հասկանալ այս մարդիկ մեզ ապագա են, թե ապագա չեն։

Բա գուցե գաղափարական առումով մենք խիստ հակադիր ենք, եւ չենք հասկանում, որ հակառակ ճամբարներում ենք։ Այդ ժամանակ ժողովուրդը կսկսի քննարկել, վերլուծել, կհասկանա խոստացածի ճիշտ ու սուտ կողմը։

Եթե մեկն ասի՝ կգամ ու ձեր աշխատանքային իրավունքները կպաշտպանեմ, արձակուրդը կերկարացնեմ, աշխատանքային ժամերը կկրճատեմ, բայց մենք իր գաղափարախոսությունից իմանանք, որ ինքը վայրի կապիտալիզմի կողմնակից է, կհասկանանք, որ շահագործվելու ենք։

Մի խոսքով այդպես կերեւա կոնտրաստն ու սուտը, որ լղոզված լոզունգների տակ հրամցվում է։ Իսկ հիմա քաղաքականությունը սահմանափակվում է խոստումներով։

Հայաստանը տեղի զգացողություն ապահովու՞մ է։

Չեմ ամաչում ասել, որ Հայաստանը կարոտում եմ։ Երեւանից դուրս գալուց ուղիղ երկու ժամ հետո, ափսոսում եմ, որ դուրս եկա, չնայած տեղայնացվում եմ այնտեղ, որտեղ հայտնվել եմ։

Տեղի հետ որոշակի կապվածությունն անընդհատ կա։ Ժամանակ առ ժամանակ ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ ա՜յ հիմա Երեւանում եմ քայլում, Հայաստանում եմ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter