Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Թե ինչպես է 5 մլն դրամանոց ծրագրով չեզոքացվում 55 մլն դոլարանոց ծրագիրը


Գառնիի «Քարերի սիմֆոնիա» կամ «Բազալտե երգեհոն» բնական հուշարձանը գտնվում է Ազատ գետի կիրճում եւ տարածվում է 5000մ2 տարածքի վրա: Բնության այս հրաշակերտ հուշարձանը երբեք ներառված չի եղել զբոսաշրջային երթուղիներում՝ իր վատ ենթակառուցվածքների պատճառով: Հուշարձան տանող ճանապարհը գրեթե անանցանելի է, հուշարձանի տարածքն անբարեկարգ եւ անմխիթար վիճակում է:

Կառավարությունը Հայաստանի հիմնական զբոսաշրջային երթուղու երկայնքով գտնվող մշակութային եւ բնության ժառանգության առավել գրավիչ վայրերի մշակութային ժառանգությունը պահպանելու համար ֆինանսական աջակցություն էր խնդրել Համաշխարհային բանկից (ՀԲ): 2015թ. դեկտեմբերի 22-ին ՀԲ-ի տնօրենների խորհուրդը հաստատեց Հայաստանի Հանրապետությանը տրվելիք 55 մլն դոլարի վարկը՝ 25 տարի մարման ժամկետով, ներառյալ 14.5 տարի արտոնյալ ժամկետ եւ մայր գումարի հավասար մարում: ՀՀ-ի համաֆինանսավորումը կազմում է 13,75 մլն դոլար, ընդհանուր՝ 68,75 դոլար:

Կառավարության ծրագրում ընդգրկվեցին Կոտայքի, Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի զբոսաշրջության զարգացման տեսլականի հիման վրա ընտրված վայրերը. Գառնի (Գառնի արգելոց եւ Ազատի կիրճ), Գեղարդավանք, Դվինի թանգարան, Խոր Վիրապի վանք, Արենիի շուկա եւ քարանձավ, Մոզրովի քարանձավ, Զորաց քարեր (Քարահունջ), Խնձորեսկ, Հաղպատ եւ Սանահին:

Ծրագրի իրականացումը պետք է սկսվեր 2016թ. մայիսի 9-ին եւ ավարտվեր 2021թ. ապրիլի 30-ին: Սակայն, այն դեռեւս չի սկսվել, որովհետեւ Հայաստանի կառավարությունը 13,75 մլն դոլարի համաֆինանսավորումը չի կատարում: Այսօրվա դրությամբ վարկային ծրագրով ծախսվել է ընդամենը 270 000 դոլար, հիմնականում` նախագծեր պատրաստելու եւ տենդերներ հայտարարելու համար:

«Քարերի սիմֆոնիա» հուշարձանի տարածքում զբոսաշրջության զարգացմանը միտված Կառավարության ծրագրի նախագիծը վաղուց պատրաստ է, հանրային լսումներն ավարտվել են, եւ հանրությունը սպասում է աշխատանքների իրականացմանը: Ծրագիրն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը, իսկ Կառավարության անունից ծրագրի համակարգողը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն է:

Ազատի կիճում հետեւյալ աշխատանքներն են նախատեսվել ՝

-Գառնի գյուղից դեպի «Քարերի սիմֆոնիա» տանող ճանապարհի բարեկարգում (1.6 կմ):

-Գառնիի հեթանոսական տաճարից դեպի «Քարերի սիմֆոնիա» տանող արահետների կազմակերպում:

-Գառնիի այցելուների կենտրոնից դեպի Խոսրովի անտառ պետական արգելոցի տուրիստական կենտրոն տանող ճանապարհի վերանորոգում՝ 2 կմ:

-Գյուղի տարածքում ճանապարհների հենապատերի վերականգնում, անհրաժեշտության դեպքում նոր հենապատերի կառուցում, վերականգնվող ճանապարհի երկայնքով էլեկտրախնայող լուսավորության տեղադրում: 

-Խմելու ջրի հիմնական խողովակաշարերի վերատեղադրում:

-Ազատ գետի աջ ափին գաբիոնների կառուցում եւ գոյություն ունեցող գաբիոնների ուժեղացում:

-«Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի լուսավորության համակարգի տեղադրում, հովանիով եւ առանց հովանի նստարանների տեղադրում հուշարձանի տարածքի հանրային վայրերում, աղբամանների տեղադրում ճանապարհի ամբողջ երկայնքով:

-Ճանապարհի երկայնքով անվտանգության միջոցառումների ապահովում եւ բացատրական վահանակների տեղադրում:
-Ազատ գետի մաքրում աղբից եւ մացառուտներից, որոնք կխանգարեն գաբիոնների կառուցմանը:
«Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի դիմաց գրունտային մակերեւույթի վերականգնում եւ այլն:

Ինչպես նկատեցիք, այս ծրագրում ներառված մի շարք գործողություններ ուղղակիորեն իրականացվելու են այն տարածքում, որտեղ, ինչպես պարզվեց օրեր առաջ, գառնեցի վարկառուն իր ծրագիրն է իրականացնում:

Երբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերն ահազանգեցին Ազատի կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի մոտ կատարվող շինարարական աշխատանքների մասին, շատերս այն վերագրեցինք Կառավարության ծրագրին: Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան կազմեց արագ արձագանքման խումբ, որը փետրվարի 22-ին այցելեց դեպքի վայր: Կամավորները պարզեցին, որ Գառնի համայնքի բնակիչ Շմավոն Համբարձումյանն ու դուստրը «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի եւ Ազատ գետի միջեւ տեղակայված իրենց սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողակտորի վրա ձեռնարկել են «զբոսաշրջային հանգստի» գոտու կառուցման աշխատանքներ: Պարզեցին նաեւ, որ «Քարերի սիմֆոնիա» հուշարձանից մոտ 12 մետր հեռավորության վրա գտնվող հողատարածքում կառույցներն իրականացվում են Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) վարկավորումով:

ՓՄՁ վարկավորումը դարձյալ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կառույցն է իրականացնում (նախարարը նաեւ Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի կառավարման գլխավոր մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահն է): Ստացվում է, որ նույն նախարարության ներսում անգամ երկու ծրագրերը միմյանց հետ համադրել չեն կարող: Քանի որ 55 մլն դոլարանոց վարկային ծրագրի մեկնարկն անորոշ է, նախարարությունը 5 մլն դրամ վարկավորումով քաղաքացուն հնարավորություն է տվել չեզոքացնելու 55 մլն դոլարանոց ծրագիրը:

Օրվա սկանդալային թեմայի քննարկումը տեղի էր ունենում Կառավարությունում, սակայն բարձրացված աղմուկին տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը չարձագանքեց: Իր ղեկավարած կառույցի ֆինանսավորած ծրագիրը պետք է որ անհանգստացներ իրեն: Նույն վայրում, նույն նպատակով պետական ծրագիր է իրականացվում, որի համակարգողը եւ Հայաստանի Հանրապետության անունից պատասխանատուն դարձյալ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունն է:

Մեր հարցին, թե ինչպես են վարկավորել մասնավոր անձի բիզնես ծրագիրը մի վայրում, որտեղ պետական մեկ այլ ծրագիր է իրականացվում, ՓՄՁ ԶԱԿ գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը պատասխանեց, թե քաղաքացին բիզնես ծրագիր է ներկայացրել, որ շինությունները կառուցում է իր սեփական հողատարածքում: Ներկայացրել է հողամասի սեփականության վկայականը, որից չի երեւում, թե հողամասը որ տարածքում է գտնվում, եւ իրենք չէին կարող իմանալ, որ խոսքը Ազատի կիրճի եւ այնտեղ գտնվող բնության հուշարձանին հարակից տարածքի մասին է: 

Պրն Գևորգյանը համոզված է, որ ներկայացված ծրագիրը համապատասխանել է վարկավորման չափորոշիչներին, այդ պատճառով էլ հաստատել են: «Բացի այդ, դիմողը եղել է գործարար, գոյություն ունեցող ձեռնարկատիրական միավորը բարելավելու համար է վարկ վերցրել՝ երկաթե տաղավար է ունեցել այնտեղ, եւ այդ ծրագիրը ֆինանսավորել ենք որպես ընդլայնման վարկ»,- հայտնեց նա:

ՓՄՁ-ն արդեն հաստատված 5 մլն դրամ վարկի կեսը տրամադրել է քաղաքացուն: Մեր հարցին, թե ինչ են պատրաստվում անել վարկառուի հետ այս ամենը պարզելուց հետո, նա հայտնեց· «Մենք դեռեւս որոշում չունենք, թե շարունակությունն ինչ պետք է լինի, պետք է քննարկենք»:

Այդ դեպքում հետաքրքիր է, թե ինչ է նկարագրել քաղաքացին տուրիզմը զարգացնելու իր վարկավորման ծրագրում, որով համոզիչ կդարձներ ծրագրի արդյունավետությունը, եթե անգամ տեղանքը հայտնի չէ ֆինանսավորողին: Բացի այդ, մի ամբողջ կառույց, անհրաժեշտ փաստաթղթեր պահանջելով եւ դրանց իսկությունը ստուգելով, չէ՞ր կարեւորել, որ ներկայացված սեփականության իրավունքի վկայականը վերաբերում է գյուղատնտեսական նշանակության հողամասին: Չգիտե՞ր, որ շինարարություն կարող էր իրականացվել միայն հողամասն արտադրական նշանակության փոխելուց հետո, իսկ փոխելու ընթացքում առաջ կգային հենց այն հարցերը, որոնց մասին լրագրողներին հայտնեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

Վերջինս տեղեկացրեց, որ ներկայումս ուսումնասիրում են՝ շինությունը հուշարձանի սահմանների մե՞ջ է գտնվում, թե՞ ոչ: Բացի այդ, այն գտնվում է Ազատ գետի անմիջական հարեւանությամբ, իսկ գետի սանիտարական գոտու համար դարձյալ օրենքով սահմանված պահանջներ ու պայմաններ կան:  

Բնապահպանության նախարարությունը հայտնեց, որ նշված հուշարձանների անձնագրերը հաստատվել են նախարարի  2017թ. օգոստոսի 18-ի 274-Ն հրամանով, որտեղ, համաձայն «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի, սահմանվել են համապատասխան պահպանության եւ օգտագործման ռեժիմի առանձնահատկությունները: Հնարավոր է պարզվի, որ դա համայնքային տարածք կամ բուֆերային գոտի է: Ստուգումից հետո պարզ կլինի, թե ինչպես պետք է վարվել փայտե շինությունների հետ:

Գառնիի համայնքապետ Ահարոն Սահակյանը լրագրողներին հայտնել էր, որ կատարվող շինարարությունն ապօրինի է, եւ այն դադարեցվել է դեռեւս 2017թ. դեկտեմբեր ամսին: Համայնքապետը շինթույլտվություն չի տրամադրել, որովհետեւ սեփականաշնորհված հողատարածքի նպատակային նշանակությունը գյուղատնտեսական է, իսկ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ վարելահող, որտեղ որեւէ շինարարական աշխատանք չի կարող իրականացվել:


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (1)
1. Ս-Հ.15:35 - 26 փետրվարի, 2018
Այս կիսակենդան երկրում մի բանն է բոլ՝ նախարարությունները, ենթանախարարություները, ՊՈԱԿ -երը, մոակ - երը, պետերը, իրենց ավտոներն ու շոփերները, թիկնապահներն ու թիկնապահի թիկնապահները: Այնքան են շատացել որ իրենք արդեն չեն հասկանում թե ով ընչի համար է: Ու՜մ գլխին են հրամանատարություն անում այս քանակի մեծավորները, եթե տակն արդեն ժողովուրդ ու աշխատող չի մնացել, սակավաթիվ ծեր ու ծուռվիզ գյուղացիներից ու քաղաքի մանր մունր չարչիներից բացի:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։