HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպիտակի երկրաշարժից տուժած, բայց չհուսալքված հայ սեյսմաբանները

Գյումրի, Վազգեն Սարգսյան 5: Անմիջապես ճանապարհի հարեւանությամբ գտնվող նոր շենքը, բակում առկա լույսերը շփոթություն են առաջացնում: Եթե շենքի ճակատային հատվածում գրված չլիներ ինստիտուտի անունը, կարելի էր կարծել, թե ինչ-որ մասնավոր հաստատություն է: Այնինչ այստեղ գտնվում է Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը: Մինչ այս մեր այցելած գրեթե բոլոր գիտական ինստիտուտների շենքերը խորհրդային տարիների ժառանգություն էին՝ վերանորոգման ենթակա:

ԵԻՍԻ-ն նաեւ այն քիչ գիտական ինստիտուտներից է, որոնք գտնվում են Երեւանից դուրս: Պետական հիմնարկների պես գիտական հաստատություններն էլ գերկենտրոնացած են մայրաքաղաքում:     

* Քարտեզի վրա նշված են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտները: Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել տվյալ ինստիտուտի անունն ու դրան վերաբերող «Հետքի» հոդվածի կարճ հղումը: Կանաչ գույնով առանձնացված են ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի, իսկ շագանակագույնով՝ քիմիական եւ Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ինստիտուտները: Քարտեզը շարունակաբար կթարմացվի: 

«Տնակներում աշխատող գիտնականները հերոսներ էին»

Ինստիտուտը հիմնադրվել է 1961-ին հենց Լենինականում: Երկրաբանական գիտությունների թեկնածու Ջոն Կարապետյանը, ով ԵԻՍԻ-ն ղեկավարում է 2013-ից, նկատում է, որ ինստիտուտը հիմնադրվել է կյանքի թելադրանքով, քանի որ Հայաստանն ու, մասնավորապես, Գյումրին գտնվում է սեյսմավտանգ գոտում:

1988-ի Սպիտակի երկրաշարժի աղետալի հետեւանքներն իր վրա զգացել է նաեւ երկրաշարժերն ուսումնասիրող այս հաստատությունը: Ինստիտուտի նախկին շենքը, որը գտնվում էր այս նույն տարածքում, փլուզվել է: 25 տարուց ավելի գիտնականները ստիպված են եղել աշխատել տնակներում, որոնք այսօր էլ կան, հարեւանությամբ են: Նոր շենքի հետ հակադրությունը ցույց տալու համար տնօրեն Ջոն Կարապետյանը մեզ ուղեկցում է այդտեղ: Ճանապարհը ցեխոտ է, դեպի ձախ կողք-կողքի փայտյա տնակներ են:

Ժամանակին այստեղ էին լաբորատորիաներն ու վարչական հատվածը: Տնակը, որտեղ նախկինում գրադարան էր, լցված է ջրով, ներսից քայքայված է: Բայց Ջ. Կարապետյանն ասում է, որ անկախ պայմաններից՝ իրենք արդյունք էինք տալիս՝ նորարարական գաղափարներից մինչեւ կիրառական արդյունք: Ամենաբարդը արտասահմանից եկած հյուրերին ընդունելն էր, քանի որ նրանց անհավատալի էր թվում, թե ինչպես կարող է գիտնականն աշխատել նման պայմաններում ու արդյունք տալ: «Մերոնք հերոսներ էին, որ աշխատում էին այդ պայմաններում»,- նշում է տնօրենը, ով ԵԻՍԻ-ում է 2004-ից: Ներկայում տնակները փորձագիտական պոլիգոն են գիտնականների համար:

Նոր շենքում, ըստ Կարապետյանի, բոլոր պայմանները ստեղծվել են գիտնականների համար: Ջեռուցում կա, առաստաղից չի կաթում, թե՛ բակում, թե՛ շենքի ներսում թեքահարթակներ են տեղադրված հաշմանդություն ունեցող անձանց համար: Տնօրենը ցույց է տալիս նիստերի դահլիճը, կոնֆերանսների սենյակը, գրապահոցը, խոհանոցը, ճաշարանը, որը առաջիկայում կգործի: Ասում է՝ երբ կոնֆերանս են կազմակերպում, դրսից որեւէ բան չեն պատվիրում, ամեն ինչ իրենք են պատրաստում խոհանոցում:

Հարուստ պատմություն

Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի հիմնադիրն ակադեմիկոս Արմենակ Նազարովն է, ում անունն էլ կրում է հաստատությունը: Ջ. Կարապետյանը պատմում է, որ Նազարովի կողմից ոչ միայն տեսություն, այլեւ սարքավորումներ են մշակվել, որոնք այսօր էլ կիրառության մեջ են:

«Սեյսմաբանությունը կարեւոր ուղղություն է, մշտադիտարկման համակարգերն ու մյուս սարքավորումներն անհրաժեշտ են, որպեսզի պարբերաբար տեղյակ լինենք սեյսմիկ վիճակի մասին: Բացի դրանից՝ գոյություն ունի հատուկ նշանակության օբյեկտների, օրինակ՝ ջրամբարների, ատոմային էլեկտրակայանի, հիդրոէլեկտրակայանների անվտանգության խնդիր: Սրանք ինստիտուտի հիմնական ուղղություններից են»,- ասում է Ջ. Կարապետյանը:

ԵԻՍԻ-ն ունի 11 լաբորատորիա, որոնք ներառված են 5 բաժիններում: Ի սկզբանե ինստիտուտն ունեցել է նաեւ գիտական արտադրամաս, որը մինչ օրս գործում է: Երկրաֆիզիկական սարքաշինության բաժնի վարիչ Աշոտ Գասպարյանը 45 տարի աշխատում է ինստիտուտում: Հիշում է, որ խորհրդային տարիներին այդ արտադրամասում մոտ 150 մարդ էր աշխատում. այն, ըստ գիտնականի, գործարանի պես էր: Ամսական ամենաքիչը 150 սեյսմիկ տվիչ էին արտադրում՝ ուղարկելով խորհրդային մյուս հանրապետություններին: Ասում է, որ մեծ պահանջարկի պատճառով չէին հասցնում պատվերներն իրականացնել, համագործակցում էին Մոսկվայում գտնվող Շիրշովի անվան օվկիանոսագիտության ինստիտուտի հետ՝ ծովային սեյսմոգրաֆիայով էին զբաղված: Հպարտությամբ է նշում, որ այսօր Կուբայի ատոմակայանում (չի գործում- հեղ.), Սիրիայի ջրամբարներից մեկում իրենց սարքավորումներն են տեղադրված:

Գաղափարից՝ բիզնես

Ջոն Կարապետյանը հպարտանում է իրենց ստեղծած 8 անուն սարքավորումներով, որոնց վրա գրված է «Made in Armenia»: Ասում է, որ չնայած ինստիտուտի հիմքը, բնականաբար, հիմնարար տեսությունն է, իրենք կարողանում են նորարարական գաղափարները կիրառության վերածել: Հայ գիտնականները պատրաստել են սեյսմիկ տվիչներ (սրանք պարբերաբար կատարելագործում են, օրինակ, առաջին տվիչը մոտ 8 կգ էր կշռում, իսկ նախորդ տարի ստեղծածը՝ հազիվ 2 կգ), ջրի մակարդակի կառավարման սարքեր, սենսորներ եւ այլն:

ԵԻՍԻ-ի ներուժն օգտագործվում է բնապահպանության, քաղաքաշինության, ռազմարդյունաբերության եւ այլ ոլորտներում:  

Հայաստանի շենքերի սեյսմակայունության ապահովման ուղղությամբ, օրինակ, ըստ Ջոն Կարապետյանի, լուրջ աշխատանք են տանում: Բնապահպանության եւ տնտեսության համար էլ կարեւոր են ջրամբարների ստուգիչ-չափիչ սարքավորումները: Ինչպես պատմում է տնօրենը, դրանցով իրականացվում է ջրամբարների սեյսմիկ ստուգում եւ ջրի մակարդակի կառավարում: Գոյություն ունի ջրամբարի անվտանգ շահագործման մոնիտորինգային համակարգ, որն ավտոմատացված է. անլար կապուղու միջոցով կարելի է ստանալ ջրամբարի ամենօրյա տվյալները:

«Մենք հիմա կարող ենք այդ համակարգը ստեղծել ու սարքավորումները տեղադրել, օրինակ, Մարմարիկի ջրամբարում,- ասում է Ջ. Կարապետյանն ու հավելում, որ այս պահին նման համակարգ կա միայն Գեղարդալճի ջրամբարում,- ջրամբարի պատվարի վրա պիեզոմետրական հորատանցքեր կան: Եթե, ասենք, վթարային իրավիճակ է ստեղծվում դրանցից մեկում, մեզ SMS է գալիս, այսինքն՝ կրիտիկական  չափ ենք նշում, հենց փոփոխություն է լինում, SMS է գալիս, որ վտանգ կա: Դա նման է վաղ ազդարարման համակարգի»: Ըստ գիտնականի՝ ջրային պետական կոմիտեի նախագահն, օրինակ, այդ համակարգը կարող է ունենալ իր հեռախոսում, ծածկագիրը հավաքել եւ իմանալ, ենթադրենք, Ապարանի ջրամբարի հորատանցքերի տվյալները:

Թե ինչու է Հայաստանի 85 ջրամբարներից միայն մեկում տեղադրված համակարգը, Ջ. Կարապետյանն ասում է, որ իրենց գործն առաջարկելն է, բայց որոշողը կառավարությունն է, որը պիտի գերակա խնդիրների լուծման ճանապարհային քարտեզ ունենա, ըստ որի, ասենք, 2018-ի պետբյուջեից ինչ-որ ծավալի գումար կուղղվի խոցելի ջրամբարներին:

«Ջրամբարների վրա կան սեյսմիկ տվիչներ, որոնք այսօր հնացել են, բայց գիտությունն ամեն տարի զարգանում է, պետք է կարողանանք ամեն տարի մի բան անել: Աղետը տեղի է ունենում մի անգամ»,- նշում է երկրաբանական գիտությունների թեկնածուն:

Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում ուշադրության կենտրոնում պիտի լինեն նաեւ սողանքները, որոնք մշտադիտարկման կարիք ունեն: Ինստիտուտում ստեղծվել են սենսորներ, որոնք հնարավորություն են տալիս գնահատել սողանքի դինամիկան:

Շուտով հիմնելու են նաեւ մագնիսական դաշտի մշտադիտարկման դիտարան, որը, Ջ. Կարապետյանի ասելով, միակն է լինելու տարածաշրջանում:

Երիտասարդների ու աշխատավարձի պակաս, հին սարքավորումներ

Ինստիտուտում, ըստ Ջոն Կարապետյանի, գլխավոր խնդիրը երիտասարդ կադրերին պահելն է: Մոտ 90 աշխատակիցների միայն 30-40 տոկոսն է երիտասարդ: Աշխատավարձը ցածր է, 15 հոգի ստանում է նվազագույն՝ 55.000 դրամ «մաքուր» աշխատավարձ: Ամենաբարձր «մաքուր» աշխատավարձը շուրջ 140.000 դրամ է, իսկ արտաբազային միջոցների (թեմատիկ եւ պայմանագրային աշխատանքներ) առկայության դեպքում հասնում է մինչեւ 200.000-ի:

ԵԻՍԻ
Infogram

Ցածր բազային աշխատավարձը կոմպենսացնելու համար, տնօրենի ասելով, դիմում են դրամաշնորհների: 2015-2017 թթ., ըստ Ջ. Կարապետյանի, աշխատողները ստացել են 12-ից ավելի դրամաշնորհ: Արտասահմանյան հիմնական դոնորներն են եղել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը (Ռուսաստան), Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA), Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ), «KfW Development Bank»-ը (Գերմանիա):

ԵԻՍԻ-ն իրականացնում է հետբուհական կրթություն «Սեյսմաբանություն եւ սեյսմակայուն շինարարություն» (մագիստրատուրա) եւ «Երկրաֆիզիկա» ու «Շինարարություն» (ասպիրանտուրա) մասնագիտություններով:

Երկրորդ խնդիրը նոր, միջազգային չափանիշներին համապատասխանող սարքավորումների պակասն է: Դրանք գնելու եւ երիտասարդներին խրախուսական գումարներ հատկացնելու համար օգտագործում են տարբեր կազմակերպությունների ու հիմնարկների համար կատարվող պայմանագրային աշխատանքներից ստացած միջոցները (2016-ին, օրինակ, նման ծառայություններից ստացած գումարները կազմել են ԵԻՍԻ-ի բյուջեի 40 տոկոսը): Այս առումով Ջ. Կարապետյանն առանձնացնում է Կապսի, Եղվարդի, Արցախի ջրամբարների սեյսմիկ ռիսկի գնահատման աշխատանքները: Միաժամանակ ԵԻՍԻ-ն նախատեսում է հայ գիտնականների ստեղծած սարքավորումները վաճառքի հանել եվրոպական երկրներում:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter