HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծերացող Կաթնաղբյուրը. այստեղ ապրում են «18-րդ դարում»

82-ամյա Արաքս Սավթալյանը փայտե վառարանի վրա է ճաշ պատրաստում, նույնիսկ՝ ամռան ամիսներին, քանի որ գյուղում գազ չկա:

Նրա ամուսինը` 84-ամյա Ցոլակ Սավթալյանը, ասում է՝ իրենք ապրում են 18-րդ դարում. «Կարծես էս աշխարհից չլինենք, սաղ աշխարհը մի կողմ, Կաթնաղբյուրը՝ մի»:

Կաթնաղբյուրը Լոռու մարզում է՝ մարզկենտրոն Վանաձորից 39 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը տեղակայված է Ձորագետի աջ ափին՝ ծովի մակերևույթից 1650մ բարձրության վրա։

Կաթնաղբյուրը ետ է կյանքի բնականոն ռիթմից. ճանապարհներն այստեղ անբարեկարգ են, և ձմռան ամիսներին գյուղը կտրվում է հարակից շրջաններից՝ ուժեղ ձնաբքերի պատճառով:
Գյուղը գազաֆիկացված չէ: Գյուղացիները ձմռանը տաքանում են փայտի վառարաններով: Կերակուր պատրաստելու համար ոմանք  գազաբալոն են օգտագործում, շատերը սուրճ պատրաստելու համար չոր սպիրտ են այրում:

Ցոլակի և Արաքսի ապրուստի միակ միջոցը թոշակն է՝ ամսական 80 հազար դրամ երկուսինը միասին: Քանի որ գյուղը գազաֆիկացված չէ, նրանք փայտ են գնում, որ ձմռանը վառելիք ունենան. Կաթնաղբյուրում շատ խիստ են ձմեռները:

«Ամառը Արաքսը թոշակի փողից կամաց-կամաց հետ գցեց, որ ձմեռը փայտ առնենք: Ըշտա յոլա ենք գնում, էլի»,- ասում է Ցոլակ պապը:

Այս տարի 150 հազար դրամի փայտ են գնել: Սակայն, ինչպես նրանք են ասում, փայտ գնելն էլ բախտի բան է, քանի որ անտառահատումները խստորեն հսկվում են, շատերն են  վախենում ծառ կտրել, դրա համար էլ գյուղ «հազարից մեկ են փայտ բերում վաճառելու»:

«Էլի ապրի փայտ բերողների արևը, որ բերեցին էս մեր կորած գյուղը, որ չբերեին ի՞նչ էինք անելու: Միլիցիան բռնում, տուգանում ա: Մի անգամ ասի նրանց՝ բա որ բռնում, տուգանում եք, էս խեղճ ժողովուրդն իմա՞լ աբրին ձմեռն, ինչո՞վ տաքանան»,- ասում է Արաքս տատը: Ցոլակ պապը, ընդհատելով կնոջը, ասում է. «Եթե գյուղում գազ լինի, իրանց օրենքներն էլ ոչ մեկ չի խախտի, բնությունն էլ չի տուժի»:

Ցոլակ Սավթալյանի խոսքով` մոտակայքում անտառներ գրեթե չկան. «Մի երկու կտոր յոլկա (եղևնի) կա, էն էլ ո՞վ թույլ կտա, որ կտրենք»: Արդեն 5-6 տարի է, ինչ ամուսինները անասուն չեն պահում: Եթե անասուն պահեին, գոմաղբը կչորացնեին, աթարը կվառեին և միայն փայտի հույսին չէին մնա: Իրենց այգու բոլոր մրգատու ծառերը վաղուց կտրել են, օգտագործել որպես վառելիք:

«Խոտուռի (նախկինում այսպես է կոչվել գյուղը-հեղ.) ժողովուրդը շատ խեղճ ին, բալա ջան, իմիջիայլոց կաբռինք, ոչ մի բանից հույս չունինք»,- ասում է Ցոլակը:

«Ըհը, չոր եղանակին Արաքսը ոտը ջարդեց, հոգիս հելավ մինչև ավտո ճարեցի, տարա հիվանդանոց, գյուղում ավտոբուսն էլ հազարից մեկ ա աշխատում… Թե իմալ չոր եղանակին ընկավ, ախր ձյուն էլ չկար» ,- ձեռքը դնում է կնոջ շալով փաթաթած ոտքին ու ծիծաղում:

Նրանք ջեռուցում են տան միայն մեկ սենյակը. երկուսով են ապրում: Երեք դուստրերը վաղուց ամուսնացած են և հեռու են Կաթնաղբյուրից: «Տղես էլ … Աստված զարգեց գլխուս ու տղուս տարավ»,- ասում է Արաքս Սավթալյանը ցածր ձայնով:

Ցոլակ պապը հիշում է` 90-ականներին միանգամից մի քանի մեծ գազի լիցքավորման մեքենաներ էին գալիս Կաթնաղբյուր, իսկ այժմ՝ միայն մեկը:

«Գազի ավտոն գալիս ա, ով շուտ հասցրեց 50 լիտրանոց բալոնները լցնում են, ով էլ չէ՝ չէ: Ով ոնց կարողացավ, ով հասցրեց… էդպես էլի, բալա ջան…»,-ասում է Ցոլակը:

Գյուղում գազաֆիկացման աշխատանքներ են տարվել 1986-88 թթ: Միջին ճնշման, ստորգետնյա գազատարներն ունեն 3400 մ երկարություն, որը միացված է Տաշիր համայնքի Կաթնառատ գյուղի գազատարներին: Ցածր ճնշման ստորգետնյա գազատարների երկարությունը, որոնք պետք է ապահովեն գյուղի ներքին ցանցը, մոտ 1600-1700 մ է:

Մեզ հետ զրույցում Կաթնաղբյուրի նախկին գյուղապետ Արթուր Սավթալյանը, որը համայնքների խոշորացումից հետո գյուղի վարչական ներկայացուցիչն է, ասաց, որ մինչև 2016 թվականը գազաֆիկացման ուղղությամբ աշխատանքներ չեն տարվել: Արդեն 2016-ին դիմել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ, մասնագետների հետ համալիր հետազոտություն են իրականացրել:

Պարզ է դարձել, որ միջին ճնշման գազատարների 3400 մետրից 1500-ի խորությունը չի համապատասխանում նորմերին, կան մեկուսիչ շերտերի թերություններ և անհրաժեշտ է դրանք փոխարինել պոլիէթիլենային ճնշումային  խողովակներով: Բացի այդ՝ գազատարների մոտ 60 մետրը Ձորագետի վտակ Գետաշենի հեղեղները քշել-տարել են:  
Ա. Սավթալյանի խոսքով` միայն միջին ճնշման գազատարների վերանորոգման համար կպահանջվի 17 մլն դրամ, իսկ ընդհանուր հաշվով, որպեսզի գյուղը գազաֆիկացվի, անհրաժեշտ է մոտ 55-60 մլն դրամ:

Վարչական ներկայացուցչի խոսքով, բոլոր ատյաններն էլ տեղեկացված են գյուղի ներկայիս վիճակի մասին, այս հարցով բազմիցս դիմել է մարզպետարան, սակայն՝ ոչ մի դրական արձագանք:

Մեր հարցին, թե ինչու՞ պետությունը որևէ քայլ չի ձեռնարկում այս ուղղությամբ, Կաթնաղբյուրի վարչական ներկայացուցիչը բերեց Հայաստանի մյուս գյուղերի օրինակը, որտեղ բնակչության թիվը չի գերազանցում 100 մարդը: «Պետությունը միլիոնավոր դրամների ծախսեր է անում ինչ-որ գյուղ գազաֆիկացնելու համար, սակայն, քանի որ  գյուղում սպառողները քիչ են, տուժում է պետությունը. ձեռնտու չէ»,- ասում է նա:

2017թ. հունվարի 1-ի դրությամբ Կաթնաղբյուրում մշտապես բնակվում է 882 մարդ: «Կոնկրետ չեմ կարող ասել, թե քանիսն են փաստացի գրանցվածներից հիմա գյուղում, այստեղ ավելի շատ կողպված դռներ են»,- ասում է գյուղի վարչական ներկայացուցիչը:
Արթուր Սավթալյանի խոսքով` Կաթնաղբյուրը ծերացող գյուղ է. «Գյուղի ջահելները գնում են, ավելի լավ պայմաններում են ուզում ապրել»:

Նրա խոսքով` Կաթնաղբյուրում հաշվառված մարդկանցից շատերն արդեն լքել են գյուղը. տղամարդիկ գնում են արտագնա աշխատանքի, հետո՝ իրենց ընտանիքներին տանում:
Բնակչության թվի նվազման գլխավոր պատճառներից մեկը, Սավթալյանի կարծիքով, գյուղում բնական գազի բացակայությունն է. «Ո՞վ կուզի այսպիսի պայմաններում ապրել, ով ձեռքը հնար ունի, գնում ա»:

2017թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում  Կաթնաղբյուրը ներառվել է Ստեփանավան համայնքի կազմում:
Մենք փորձեցինք կապ հաստատել Ստեփանավանի համայնքապետ Միքայել Ղարաքեշիշյանի հետ` ճշտելու համար, թե Ստեփանավան համայնքի զարգացման ծրագրում արդյոք տեղ գտե՞լ է Կաթնաղբյուր համայնքում գազաֆիկացման աշխատանքների կատարումը, կամ կա՞ն արդյոք այլընտրանքային ծրագրեր գյուղում ջեռուցման հարցը լուծելու համար: Սակայն մեր ուղարկած գրավոր հարցմանը համայնքապետարանը չպատասխանեց:

Ելենա Սարգսյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս

Մեկնաբանություններ (2)

Րաֆֆի
Ինչո՞ւ 18-րդ դարում․․․․․որ գրէի 19-րդ դարում, հերիք չէ՞ր։
Ելենա
Հարգելի Րաֆֆի, այդ բնորոշումը գյուղի բնակիչներինն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter