HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նախագահի, բարձրագույն դատական խորհրդի անդամների, ԱԺ հանձնաժողովի նախագահի ընտրություն․ ԱԺ քառօրյայի օրակարգը

Այսօր՝ փետրվարի 27-ին, մեկնարկող հերթական քառօրյայի օրակարգում ներառված է նաև նախագահի ընտրությունը։

Կանոնակարգի առաջին հարցը բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրությունն է, որոնց ներկայացվել են իշխող ՀՀԿ և վերջինիս կոալիցիոն գործընկեր ՀՅԴ խմբակցությունների կողմից։ Այդ պաշտոնում առաջադրված թեկնածուներն են ՍԴ գործող նախագահ Գագիկ Հարությունյանը, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական խմբի անդամ Գևորգ Դանիելյանը, ԵՊՀ դասախոս, իրավաբանության դոցենտ Լիպարիտ Մելիքջանյանը, փաստաբանական դպրոցի դասախոս Հայկ Հովհաննիսյանը և փաստաբանների պալատի անդամ Սերգեյ Մեղրյանը։

ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ բարձրագույն դատական խորհրդի անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով

Օրակարգի հաջորդ հարցը Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ «Ադրբեջանի իրագործած զանգվածային բռնությունները» դատապարտող հայտարարությունն է՝ ներկայացված բոլոր չորս խմբակցությունների կողմից։

Մյուս հարցը ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունն է, որի համար առաջադրվել է նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Հիշեցնենք, որ պաշտոնը թափուր էր մնացել Հրայր Թովմասյանի հրաժարականից հետո։ Թովմասյանի՝ ՍԴ անդամի պաշտոնում նշանակման հարցը ևս օրակարգում է։ Ե՛ւ ՍԴ անդամի, և՛ մշտական հանձնաժողովի նախագահի ընտրությունը փակ-գաղտնի ընթացակարգով է կատարվում։

Օրակարգի չորրորդ հարցը հանրապետության նախագահի ընտրությունն է, որի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Արմեն Սարգսյանն է։

Ըստ կանոնակարգի՝ հերթական նախագահի ընտրությունն անցկացվում է գործող նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է ապրիլի իննին։ Ըստ կանոնակարգ-օրենքի՝ նախագահի ընտրությունը լինելու է փակ-գաղտնի ընթացակարգով։ Սարգսյանին ընտրվելու համար հարկավոր է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Սարգսյանն առաջադրվել է ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից, սակայն կստանա նաև «Ծառուկյան»-ի աջակցությունը։ Առանց բացակայությունների քվեարկության կամ խմբակցության դիրքորոշումը գաղտնի քվեարկության ժամանակ չխախտելու դեպքում Սարգսյանը կստանա 96 քվե։

Օրակարգն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter