Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Շահումյան գյուղի դպրոցում մանկավարժները բողոքի ակցիա էին կազմակերպել. չեն ընդունում տնօրենի պաշտոնակատարին


Երեկ Արմավիրի մարզի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցում կայացել են տնօրենի ընտրություններ: Թեև տնօրեն չէր ընտրվել, սակայն մանկավարժական կոլեկտիվի անդամներն ու աշակերտներն այսօր առավոտյան բողոքի ակցիա էին անցկացնում դպրոցի բակում: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Մանուկյանը, ով նաև տնօրենի պաշտոնի միակ հավակնորդն է եղել, աշակերտներին դպրոց տարավ, սակայն մանկավարժները մնացին բակում:

Այդ ընթացքում Կարինե Մանուկյանը զանգահարել էր Արմավիրի մարզպետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սայադյանին: Վերջինս ժամանեց դպրոց, և ուսուցիչները նրա հետ ներս մտան ու դասասենյակներից մեկում քննարկեցին իրենց հետագա անելիքները:

Ինչպես պատմում էին մանկավարժները, Կարինե Մանուկյանը երեկ բավարար քանակի ձայներ չէր ստացել: Խորհրդի 8 անդամներից նիստին ներկա են եղել 7-ը: Նրանցից մեկը որպես բողոքի նշան դատարկ քվեաթերթիկ է գցել տուփի մեջ, մեկը «V» նշանի փոխարեն քվեաթերթիկի վրա «+» է դրել, 2-ը՝ կողմ, 3-ը դեմ են քվեարկել: Հետո պարզվել է, որ «+» նշան դնող ուսուցչի քվեաթերթիկը հաշվել են հօգուտ թեկնածուի, թեև այդ թերթիկն էլ Կարինե Մանուկյանին տնօրեն չի դարձրել:

Գայանե Սայադյանը մանկավարժներին խնդրեց շարունակել դասապրոցեսը, քանի որ տնօրեն չի ընտրվել, և այս պահին բարձրացված հարցերը կապ չունեն դասապրոցեսը տապալելու հետ: Մանկավարժներն էլ պահանջեցին, որպեսզի մինչև նոր ընտրությունների կայանալը փոխվի տնօրենի պաշտոնակատարը, թեկուզ նա լինի ոչ իրենց դպրոցից, սակայն առողջ աշխատանքային մթնոլորտ ստեղծի:

Գայանե Սայադյանը խոստացավ մանկավարժների բողոքը և մտահոգությունը փոխանցել մարզպետին և ամենաուշը վաղը նրանց տեղյակ պահել մարզպետարանի որոշման մասին: Ուսուցիչները համաձայնվեցին ու պատրաստակամություն հայտնեցին շարունակել դասապրոցեսը:

Դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Լենա Խաչատրյանը պատմեց, որ Կարինե Մանուկյանը, որպես տնօրենի թեկնածու, զարգացման ծրագիրը կառավարման խորհրդի անդամներին բանավոր ներկայացրել է հենց ընտրության օրը, մինչ այդ ծանոթ չեն եղել: Ծանոթ չեն եղել նաև նրա անձնական գործին: Եվ այսօրվա ինքնաբուխ բողոքի ակցիան նրա վատ վերաբերմունքի, թույլ տրված խախտումների դեմ է: Նա մարզպետարանի ներկայացուցիչների ներկայությամբ հայտարարեց, որ շահարկում են իր անունը, թե իբր այս ամենի կազմակերպիչն ինքն է, սակայն, դրա հետ կապ չունի: Մանկավարժները ևս հաստատեցին՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը մտահոգում է թե´ մանկավարժական կոլեկտիվին, թե´ ծնողներին:

«Հենց սկզբից փորձ արվեց խախտումով իրականացնել ընտրությունը: Քանի որ մրցակից չկար, համայնքի ղեկավարն առաջարկեց ընտրությունը կազմակերպել բաց քվեարկությամբ: Դեմ եմ եղել, քանի որ կարգ է խախտվում: Ինձ ասաց՝ քո գործը չի, դու քո տեղը պատասխանիր և այլն: Համայնքապետի սանիկը մեր ուսուցիչներից է, նա էլ է խորհրդի անդամ: Համայնքապետը սկսեց ճնշում գործադրել: Նա սանիկին, ծնողներից մեկին դուրս հրավիրեց, մի ժամ աշխատանք էր տանում, որ նրանք քվեարկեն հօգուտ ժամանակավոր պաշտոնակատարի»,- ասաց Լենա Խաչատրյանը:

Համայնքապետը, լինելով կառավարման խորհրդի անդամ, բաց է քվեարկել, նրա հետ ևս մեկ ներկայացուցիչ, մյուսները հետևել են կարգին:

Ազնիվ Գրիգորյանը կառավարման խորհրդի անդամ է և աշխարհագրության ուսուցչուհին: Ասաց, որ ինքն է համայնքապետի սանիկը և քվեաթերթիկն անվավեր դարձնելու համար է «+» նշանը դրել:

«Երեկ ամբողջ օրը իմ տեղս չեմ գտել: Կարող էի տեղի չտալ, բայց ամբողջ մի կոլեկտիվ իմ երեսին է նայում և ոչ մեկի աչքին չեմ կարողանում նայել: Ամեն դեպքում սխալ ընտրություն եմ կատարել, բայց այնպես եմ արել, որ անվավեր համարվի: Իմացա, որ իմ անվավեր քվեաթերթիկը հաշվեցին հօգուտ թեկնածուի», - ասաց Ազնիվ Գրիգորյանը:

Նա հավելեց, որ իրենց նախկին տնօրենը շատ անակնկալ ձևով է դուրս եկել աշխատանքից: Նույնքան անակնկալ եղել է նաև Կարինե Մանուկյանին տնօրենի պաշտոնակատար նշանակելը: Հենց միանգամից եկել ու ներկայացրել են նրան: Իսկ Կարինե Մանուկյանն էլ միանգամից ցույց է տվել, թե «թիկունք» ունի և հայտարարել է՝ եթե եկել եմ, ուրեմն մնալու եմ:

Մաթեմատիկայի ուսուցչուհի Եվա Խաչատրյանն էլ փաստեց, որ Կարինե Մանուկյանը ֆինանսական խախտումներ է անում: Գործող խմբակները վերաբաժանել է, իրեն ևս խմբակ է վերցրել՝ 2 աշակերտից բաղկացած, որի իրավունքը չունի:

«Ես ուզում եմ, որ իմ ղեկավարը լինի ազնիվ մարդ», - հավելեց Եվա Խաչատրյանը։

Քննարկման ժամանակ Գայանե Սայադյանը հայտարարեց, որ խմբակների հարցը լուծել են: Որպես մարդասիրական քայլ թողել են միայն այն ուսուցիչների խմբակները, ովքեր քիչ դասաժամ ունեն:

Մանկավարժները խնդրեցին, որպեսզի դպրոցի ժամանակավոր պաշտոնակատարը դուրս գա սենյակից, և իրենք կարողանան հանգիստ խոսել վարչության պետի հետ: Կարինե Մանուկյանը լքեց սենյակը:

Կառավարման խորհրդի անդամներից, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Շուշան Կարապետյանը ևս փաստեց, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Մանուկյանը չի վայելում դպրոցի աշխատակիցների վստահությունը: Նա մարզպետարանի պաշտոնյային առաջարկեց փոխել ժամանակավոր պաշտոնակատարին՝ հավելելով, որ վերջինս կոպիտ է խոսում մանկավարժների հետ և կոշտ գործելաոճ է որդեգրել: Եվա Խաչատրյանն էլ շարունակեց, թե բանը հասել է նրան, որ տնօրենի պաշտոնակատարի ամուսինն է գալիս դպրոց և մանկավարժների հետ կոպիտ խոսում, ինչպես եղել է երեկ՝ ընտրությունների ժամանակ:

Կարինե Մանուկյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ տնօրենի ժ/պ է նշանակվել 2017թ. դեկտեմբերի 12-ին: Քանի որ ինքը չի ընտրվել, շարունակում է պաշտոնավարել որպես պաշտոնակատար: Ասաց, որ խորհուրդն է որոշել «+»-ը համարել վավեր, ինքը դրա հետ կապ չունի:

«Իմ կարծիքով խնդիրն իմ մեջ չէ: Ես իսկապես ուզում եմ աշխատել, ինձ համարել եմ տնօրենի պաշտոնաատար, ոչ թե արդեն ընտրված տնօրեն: Իրենք անընդհատ նշում են՝ մեր գյուղացին, մեր գյուղացին: Բայց եթե ես մանկավարժ եմ, ուզում եմ աշխատել ի՞նչ կապ ունի, թե որտեղից եմ»,- ասաց Կարինե Մանուկյանը՝ նշելով, որ ինքը Շահումյանի դպրոց է եկել Էջմիածին քաղաքից: Ինչ վերաբերում է խմբակներին, Կ․ Մանուկյանն ասաց, որ ինքը խմբակ չունի:

Կարինե Մանուկյանը դեռ չի որոշել կրկին առաջադրվելու է որպես դպրոցի տնօրենի թեկնածու, թե ոչ:

Շահումյանի համայնքապետ Հարություն Նավասարդյանն ասաց, որ տնօրենի ընտրության ժամանակ որևէ մեկի նկատմամբ ճնշում չի գործադրել: Պարզապես խնդրել է, որպեսզի խորհրդի անդամներն աջակցեն թեկնածուին, ով մրցակից չի ունեցել:

«Ես կառավարման խորհրդի անդամ եմ: Քանի որ կառավարման 8 անդամներից մեկին նշանակում է համայնքի ղեկավարը, ես նշանակել եմ ինձ: Նիստին մասնակցել եմ կարճ ժամանակով, քանի որ դեպք էր պատահել: Կարող եմ ասել, որ ընտրել եմ տիկին Մանուկյանին: Նա եկած օրվանից աշխատում է, նրա մեջ կարող ուժ եմ տեսնում», - հավելեց համայնքապետը:

Հարութուն Նավասարդյանը նշեց, որ անկախ ամեն ինչից պետք է հաշվի առնել նաև մանկավարժական կոլեկտիվի կարծիքը: Նա նկատեց, որ Կարինե Մանուկյանը «խելացի անձնավորություն» է, իսկ թե ինչու են մանկավարժները նրան դեմ` չի կարող պատասխանել:


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։