HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Գևորգ Դանիելյանը չի հստակեցնում՝ դատապարտված ՀՅԴ-ականները քաղբանտարկյալ էին, թե հանցագործ

Խորհրդարանը շարունակում է քննարկել բարձրագույն  դատական խորհրդի անդամների ընտրության հարցը, որի երկրորդ պաշտոնում ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի կողմից առաջադրվել է Արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը։

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ 2014-ի ապրիլի 10-ի այն նիստը, որտեղ Սերժ Սարգսյանը ելույթով էր հանդես եկել՝ վստահեցնելով, որ չի առաջադրվելու նախագահի պաշտոնում և չի հավակնելու վարչապետի պաշտոնին։ Պատգամավորը հետաքրքվեց՝ Սարգսյանը պաշտոնապես էր այդպես հայտարարում, թե ինչպես Գագիկ Հարությունյանն իր պատասխանում ասաց, կարծիք էր հայտնում։

«Ուզում եմ նաև հասկանալ՝ հիմա որ ամբիոնից հայտարարում եք պաշտոնապե՞ս եք հայտարարում, թե՞ կարծիք եք հայտնուն», - հարցրեց նա։

Գևորգ Դանիելյանը հիշեցրեց, որ սահմանադրական բարեփոխումներից առաջ մամուլում բավական շատ էին հրապարակումները, որ սահմանադրության փոփոխությունը կատարվելու է, որպեսզի «նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի վերատադրություն», ուստի այդ հայտարարությունն արվել է այդ կոնտեքստում։

«Եւ այս տեսակետից ես չէ, որ պետք է գնահատական տամ, հիմա ասում եք՝ ձեր ներկայությամբ է եղել, բայց այն եղել է բոլորին հասանելի ձևով, չեմ կարծում, թե գնահատականը պետք է վերապահվի նրանց, ովքեր ներկա են եղել», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաև Դանիելյանի՝ Արդարադատության նախարար լինելու տարիները (2007-2010 թվ)՝ նկատելով, որ վերջինս «ռեկորդային» նախարար է եղել, քանի որ այդ տարիներին աննախադեպ թվով քաղբանտարկյալներ են եղել Հայաստանում։

Գևորգ Դանիելյանն արձագանքեց, որ պատգամավորը միանշանակ է գնահատում այդ հարցը։ «Երբ դուք պնդում եք, որ որևէ քայլ չի ձեռնարկվել իմ կողմից, այն խիստ վիճահարույց է, գոնե դուք շատ լավ գիտեք, որ երբ ձեր առնչությամբ էլ եղել է որևէ բողոք, ինձ համար երբևիցե խոչընդոտներ չեն ստեղծվել։ Իմ հեռախոսահամարը միշտ ազատ է եղել, ձեր գործընկերները դա կհաստատեն», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ խորհրդի անդամների հինգ թեկնածուները առաջադրվել են ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի հետ համատեղ և հետաքրքրվեց, թե արդյոք ՀՅԴ-ակաները, որոնք 90-ականներին դատապարտվել են, եղե՞լ են քաղբանտարկյալ, թե՞ ոչ։

«Պարոն Ռուստամյանն էլ կակռազ ներս մտավ», - ասաց Փաշինյանը՝ մատնացույց անելով ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին, որն այդ պահին մուտք գործեց նիստերի դահլիճ։

Գևորգ Դանիելյանը պատասխանեց, որ ինքն ակնկալում էր ապաքաղաքական մարմնի ընտրությունից առաջ ապաքաղաքական հարցեր։

«Դուք ընկալում եք հետևյալ կերպ, եթե որևէ մարդ ունեցել է քաղաքական բնույթի գործունեություն և դատապարտվել, միանշանակ պետք է այն որակել քաղաքական հետապնդում, դրանք տարբեր երևույթներ են», - նկատեց Գևորգ Դանիելյանը։

Դաշնակցական գործիչների քաղբանտարկյալ լինել-չլինելու հարցը շարունակեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ հետաքրքրվելով, թե Արմեն Ռուստամյանը եղե՞լ է քաղբանտարկյալ, թե՞ «հանցագործ, որին համապատասխան հոդվածով դատել են»։

Գևորգ Դանիելյանը պատասխանեց, որ ցանկացած անձի վերաբերյալ սպառիչ գնահատական տալու համար պատասխանը կլինի դիլետանտություն, եթե պարզապես մամուլից վերցված նյութերի վրա հիմնված լինի, սակայն իրավաբանը չի կարող նման նյութերի հիման վրա գնահատականներ հնչեցնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter