HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Անդրանիկ Թևանյան. «Մեր բոլորի խայտառակությունը կլինի, որ ՄԻԵԴ-ը քննի Ղարաբաղի բանակը ղեկավարած մարդու նկատմամբ չարաշահումները»

Սամվել Բաբայանի գործով վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:

«Ակնկալում էի, որ մեր բողոքը պետք է բավարարվեր, քանի որ հիմնավոր էր: Ընդամենն արդարություն էի ակնկալում... կպատրաստվենք վճռաբեկ բողոքի»,- ասաց պաշտպանը:

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ դատարանը հրապարակել է Սամվել Բաբայանի և մյուսների գործով որոշում՝ առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռը թողնելով ուժի մեջ: Իսկ առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, Սամվել Բաբայանին, Սանասար Գաբրիելյանին և Արմեն Պողոսյանին դատապարտել էր համապատասխանաբար 6,  3 և 2.5 տարվա ազատազրկման:

Վերջին խոսքում ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանն արել էին հայտարարություններ, որոնց մասին նախկինում երբեք չէին խոսել:

Մասնավորապես՝ Սանասար Գաբրիելյանը հայտնել էր, որ իրեն զգուշացրել են, որ եթե Էջմիածնում շտաբ բացի, կձերբակալեն, իսկ Արմեն Պողոսյանը հայտնել էր, որ գործով իրեղեն ապացույց ճանաչված «Իգլան» ԱԱԾ-ին հանձնած Հրաչյա Մայիլյանը դա անելու համար շահ է ունեցել:

Ավետիս Քալաշյանն, ի պատասխան լրագրողների կողմից այս առնչությամբ տրված հարցերի, նշեց, որ ամբաստանյալների հայտարարություններն ուշացած են, դրանք ապացուցող փաստեր դատարանին չեն ներկայացվել: Փաստաբանը, սակայն, չի ցանկանում կասկածի տակ դնել ամբաստանյալների արված հայտարարությունների իսկությունը:

Անդրադառնալով գործին՝ Բաբայանն ընդգծեց, որ մինչև այսօր գործով բացահայտված չէ զենք ձեռք բերելու շարժառիթը: Գործի քննության ընթացքում մամուլում հրապարակումներ եղան, որ «Իգլայով» պետք է ոչնչացվեր Սերժ Սարգսյանի ուղղաթիռը. Քալաշյանն անհեթեթ է համարում այդ տեղեկություններ:

Սամվել Բաբայանը ձերբակալվել է 2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններից առաջ: Նա սատարում էր ընտրություններին մասնակցող «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին: Գործի քննության ընթացքում, թեև Բաբայանը հայտարարել է այն մասին, որ իր վերաբերյալ գործը շինծու է, պատվիրված, բայց կոնկրետ պատվիրատուի անուն չի նշել: Փաստաբանը ևս գործի քաղաքական կողմի մասին ոչինչ չխոսեց:

Լրագրողների հետ զրույցում քաղաքական հայտարարություններով հանդես եկավ «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը:

«Վերաքննիչ դատարանի որոշումն առաջին ատյանի դատարանի որոշման շարունակությունն էր երկու պարագայում էլ ունենք շինծու գործի քաղաքական որոշման դակում»,- հայտարարեց Թևանյանը:

Վերջինս նշեց, որ դատավորների վարքագծին անդրադառնալու կարիք չի տեսնում՝ նկատի ունենալով, որ որոշումը քաղաքական էր:

«Սա հերթական խայտառակությունն է  Հայաստանի համար»,- հայտարարեց Թևանյանն ու նկատեց, որ ամենևին էլ պատահական չեն Ադրբեջանի կողմից հնչող հայտարությունները՝ Երևանը գրավելու մասին:

«Եթե պատերազմի  ժամանակ բանակը ղեկավարած հրամանատարներին շինծու մեղադրանքով Երևանում դատում են, տպավորություն է ստեղծվում, որ ուրեմն այստեղ բարոյահոգեբանական մթնոլորտն այնպիսին է, որ կարելի է նաև Երևանը գրավել», - հայտարարեց Թևանյանը:

Վերջինս վստահեցրեց, որ Բաբայանը մինչև վերջ գնալու է: «Մեր բոլորի խայտառակությունը կլինի, որ եվրոպական դատարանում քննվի Ղարաբաղի բանակը ղեկավարած մարդու նկատմամբ չարաշահումները, իսկ ադրբեջանին էլ հնարավորություն կտրվի շահարկելու, որ командующи-ն զբաղվել է փողերի լվացմամբ»,- նշեց Անդրանիկ Թևանյանը:

Վերջինս ևս չնշեց, թե ով է Բաբայանի դեմ պատվեր տված անձը, բայց նաև նկատեց, որ պատվերը մեկ ուժից է տրվում:

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ ներկոտված եվրոն ձեռք բերելուն: Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը մեղադրվում են մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ, ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ապօրինի կերպով ձեռք բերելու, փոխադրելու և պահելու մեջ:

Ամբաստանյալները դատարանում հայտարարել են, որ իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում: Սանասար Գաբրիելյանը նշում է, որ Սամվել Բաբայանն «Իգլայի» ձեռքբերման հետ առհասարակ կապ չունի, որ դա եղել է իր մտահղացումը, և զենքը ձեռք էր բերում՝ բանակին նվիրելու համար, սակայն  հետագայում՝ մինչև ձերբակալվելն արդեն իսկ հրաժարվել է այն ձեռք բերելուց:

Առաջին ատյանի դատարանի վճիռը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան, և դատարանը երեկ հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

լուսանկարում՝ Ավետիս Քալաշյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter