Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Հոնի ապուրն ու թարխունով կարկանդակը «Իլիկի» այցեքարտն են դարձել



«Իլիկ» սրճարանում ժամանակին ցուցադրվել են մայրաքաղաքի մոտ 150 ստեղծագործողների ձեռագործ իրեր, սակայն այսօր նրանց թիվը զգալիորեն նվազել է:

«Ինձ ամենաշատը ոգեշնչում էր վարպետների համար փոքր շուկա ստեղծելու գաղափարը: Սկզբունքը` մի փոքր դուրս գալ հուշանվերների ձևաչափից: Բայց վաճառքից գոհ չեմ, մարդիկ հիմնականում գնահատում են, բայց չեն գնում»,- պատմում է «Իլիկ»-ի հիմնադիր Անահիտ Սահակյանը:

Թարգմանչի իր մասնագիտությունից Անահիտը հոգնել էր: Ասում է` ամուսնու մահից հետո սկսեց զբաղվել հելյունագործությամբ, ասեղնագործությամբ` որպես ինքնարտահայտման միջոց, արդյունքում 2017թ. օգոստոսին ստեղծեց սրճարանը` մեկտեղելու տարբեր ստեղծագործողների. «Ցավոք սրտի, մեր ուզածի չափով չկարողացանք առաջ մղել «հենդմեյդ» (անգլ.` handmade-ձեռագործ) ոլորտը, քանի որ սրճարանի մոդելն ավելի տարածվեց: Մարդիկ հիմա այստեղ ստեղծված բոհեմային մթնոլորտի համար են գալիս»: Ընկերուհու հետ տարիներ առաջ հիմնել են «Իլիկ» անվանումով կայք` նախատեսված ձեռագործ իրերի վաճառքի համար, սակայն հաջողություն չի ունեցել:

Անահիտը նշում է, որ հաճախ լավ գաղափարներ ունեցող հեղինակներն այդպես էլ դուրս չեն գալիս «հուշանվերային» լուծումների շրջանակից, որի հետևանքով շուկայում նրանց վարկանիշը մեծապես տուժում է: Վստահեցնում է` միջազգային շուկայից վերցնելու ոչինչ չունենք, ընդհակառակը, պետք է մերը տանք. «Օրինակ, ես մինչև հիմա չեմ հասկանում արվեստի ու արհեստի տարբերությունը: Չէ՞ որ դրանք հաճախ հասնում են մեկը մյուսի մակարդակին»:

«Իլիկում» կարելի է գտնել ամեն ինչ` զարդեր, հայելիներ, տիկնիկներ, հայկական կարպետ: Անահիտի խոսքով` ճաշացանկն էլ փորձում են հնարավորինս հագեցնել ազգային ուտեստներով: «Մեր ավանդական ճաշերը վերցրել ենք, դարձրել հնարավորինս «իլիկային»: Օրինակ, հոնի ապուրը, թարխունով կարկանդակը մեր այցեքարտն են»,- ասում է «Իլիկ»-ի հիմնադիրը:

Անահիտն ասում է` իրենք «հակաբիզնեսային գործունեություն» են ծավալում: Իր խոսքով` ի սկզբանե կոպիտ սխալներ են թույլ տվել, այսօր էլ ընկերները տարբեր խորհուրդներ են տալիս, թե ինչպես ճիշտ կառավարել բիզնեսը. «Իմ բնավորության առանձնահատկությունների պատճառով չեմ կարողանում ամբողջովին մտնել բիզնեսի մեջ, բայց դա ինձ չի խանգարում: Այն, ինչ որ դարձավ «Իլիկը», ինձ համար դժվար էր անգամ պատկերացնելը»:

Սրճարանի ձևաչափը փոխելու փորձ էլ է արվել, սակայն հաջողությամբ չի պսակվել: Անահիտը համոզված է` հայ հասարակության մեջ դեռևս ընդունված չեն վարպետության դասերը. «2 ամիս թղթի արվեստի (օրիգամի) դասեր ունեցանք, բայց համարյա մարդ չէր գալիս: Այդ ամենը մեր իրականության մեջ այդքան էլ ակտուալ չէ»: Այսօր «Իլիկն» իր տիկնիկներն ամեն կիրակի օգտագործում է` կազմակերպելու մանկական «Օլոլո» ներկայացումը:

Նելլի Պետրոսյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ