Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Երշիկ և օղի արդարադատության նախարարությանը՝ «անհայտ» նվիրատուներից


Ամանորին Արդարադատության նախարարությունն իր աշխատակիցներին նվիրել է երշիկ և խոզապուխտ՝ արտադրված նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի հոր ընկերությունում։

Բացի երշիկեղենից՝ նախարարության աշխատակիցները նվեր են ստացել նաև «Բելայա բերյոզկա» օղիներ, որը ներկրում է ԱԺ պատգամավոր Արման Սահակյանի «Սովռանո» ՍՊԸ-ն։

Նվերի փաթեթում գտնվող երշիկեղենն արտադրում է «Լումա» ՍՊԸ-ն, որի տնօրենը եւ բաժնեմասի 70%-ի սեփականատերը նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Գարուշ Դավթյանի հայրն է՝ Սևակ Դավթյանը։ «Լումա» ՍՊԸ-ի արտադրամասը գտնվում է Աբովյան քաղաքում։ Այդ ընկերության արտադրանքի երշիկներն ու խոզապուխտը հնարավոր չէ գտնել երևանյան խանութներում և սուպերմարկետներում։ «Լումա»-ի երշիկեղենը վաճառվում է հիմնականում արտադրամասին կից խանութում և Աբովյան քաղաքի սուպերմարկետում։ Ընկերության մասին համացանցում շատ քիչ հիշատակում կա։ 2012 թ․-ին «Լումա»-ն եղել է այն 21 ընկերությունների ցանկում, որտեղ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն արտադրական կոպիտ խախտումներ է հայտնաբերել։    

Լուսանկարում «Լումա» ՍՊԸ-ի երշիկի արտադրամասն է, որը գտնվում է Աբովյան քաղաքում։
Լուս․՝ Նարեկ Ալեքսանյանի

«Հետքը» փորձեց պարզել, թե արդյոք նախարարությունը գնել է երշիկեղենը իր աշխատակցի՝ Գարուշ Դավթյանի հոր ընկերությունից, քանի որ պետական մարմնի կողմից իր աշխատակցին փոխկապակցված անձից գնում կատարելը շահերի բախում է։

Նախարարությունից պատասխանեցին, որ նշյալ ապրանքատեսակները ոչ թե գնել, այլ նվեր են ստացել։ «Նախարարության աշխատակազմը նվերների փաթեթներ է տրամադրել իր աշխատակիցներին, որն աշխատակազմին տրամադրվել էր տարբեր նվիրատուների կողմից. վերջիններիս խնդրանքով նրանց անունները բարձրաձայնել չենք կարող»,- մեջբերում պատասխանից:

Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին նաև, որ երշիկ, խոզապուխտ և օղի պարունակող նվերի փաթեթ է ստացել 250 աշխատակից։

«Պիկանտնայա» տեսակի երշիկն արտադրողի խանութում 2100 դրամ է, իսկ շուկայում՝ 2400 դրամ։ Ֆիլեի մեկ կիլոգրամն արտադրողի խանութում 3800 դրամ է, իսկ Աբովյան քաղաքի սուպերմարկետում՝ 4100 դրամ։ Օղու մեկ շշի գինը տատանվում է 2750 – 2990 դրամի շրջանակներում։ Եթե գումարենք բոլոր ապրանքատեսակների միջին գինը, ստացվում է, որ ինչ-որ «անհայտ» նվիրատու Արդարադատության նախարարության ողջ կենտրոնական ապարատին 2 մլն 267 հազար դրամի նվեր է տվել։

Հանրային ծառայողին արգելվում է նվեր ստանալ

Արդարադատության նախարարությունից «Հետք»-ին վստահեցնում են, որ Ամանորի նվերների համար 2017 թվականի ՀՀ պետական բյուջեից և արտաբյուջետային միջոցներից գումարներ չեն ծախսել։

Եթե նույնիսկ Ամանորյա նվերի փաթեթի պարունակությունը նախարարությունը չի գնել, այլ նվեր է ստացել, ապա խախտել է Հանրային ծառայության մասին օրենքի 29-րդ հոդվածը, որը սահմանում է պաշտոնյայի կողմից նվեր ընդունելու արգելքը։

Ով է նախարարությանը երշիկ և օղի նվիրում

Նախարարությունը ոչ միայն օրենքի խախտմամբ նվերներ է ընդունել, այլև գաղտնի է պահում նվիրատուների անունները։ «Հետք»-ը փորձեց ճշտել նվիրված ապրանքների արտադրող և ներկրող ընկերություններից, թե արդյոք իրենք են նման ճոխ նվերներ տրամադրել նախարարության աշխատակիցներին։

«Սովռանո» ՍՊԸ-ի հիմնադիր, պատգամավոր Արման Սահակյանը «Հետք»-ին ասաց, որ ինքն անձամբ որևէ մեկին որևէ բան չի նվիրել։ Իսկ ընկերության տնօրեն Գառնիկ Կիրակոսյանը մանրամասնեց․ «Մենք այդպիսի պրակտիկա չունենք և, ընդհանրապես, չենք նվիրել։ Բայց դե յուրաքանչյուր խանութում կա, յուրաքանչյուր մեծածախ վաճառողի մոտ կա։ Մենք՝ ընկերությունը, հաստատ նվեր որևէ մեկին չի տվել, դա հաստատ է»,- ասաց ընկերության տնօրենը։ Գառնիկ Կիրակոսյանն ընկերության հաշիվ-ապրանքագրերը ստուգելուց հետո հայտնեց նաև, որ Արդարադատության նախարարությունն իրենցից գնում չի կատարել։ 

Արդեն երկու օր է, ինչ «Լումա» ՍՊԸ-ից «Հետք»-ին հայտնում են, որ տնօրեն Սևակ Դավթյանը, ով նախարարության պետական ռեգիստրի գործակալության պետի հայրն է, տեղում չէ, բայց երկրում է։ Անհասանելի է նաև Սևակ Դավթյանի բջջային հեռախոսահամարը։ 

Առաջին լուսանկարում՝ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն է և աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Գարուշ Դավթյանը։ 

Անիմացիան՝ Դավիթ Բանուչյանի


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (6)
1. Վահագն14:50 - 28 փետրվարի, 2018
Նկարում Դավիթը «ախորժակով երշիկներուն կնայեր»...էդ մարդկանց խիղճը տանջեց, նվիրեցին
2. Լավ ժողովուրդ չենք!16:41 - 28 փետրվարի, 2018
Բոլորս սիրով հավատացինք, որ վարչապետ տկոյին ու սուրբ սամոյին միլիոնով դոլլար են նվիրել եւ իրենք տեղյակ չեն եղել: Հիմա կիլո ու կես կալբասի համար մեր արդարադատ դատավորների վրա խոսք ու զրույց ենք բացել: Չէ, լավ ժողովուրդ չենք!
3. Լուսիկ19:02 - 28 փետրվարի, 2018
Ինչքան ճիշտ մտքեր ենք լսել Դավիթ Հարությունյանից, պատրաստականության հավաստիքներ կոռուպցիայի դեմ պայքար ծավալելու, իսկ սա ի՞նչ է: Կոպեկ չարժի իր գերատեսչության կողմից մշակած կոռուպցիայի քրեականացման օրենքը, երբ հենց իրենք են օրենք խախտողները:
4. Անի21:15 - 1 մարտի, 2018
Ակնհայտ ա, որ սովորական կաշառք ա, եթե ոչ, ուրեմն՝ ատկատ կամ երկուսն էլ իրար հետ: Նախ, նախարարությունը սուտ ա ասում, թե նվիրել են, ուրեմն կաշառքի անունը հիմա նվեր ա, ասենք, Գարուշն ա կաշառք տվել, բայց տվել ա, որ ինչ անի, շեֆին նվեր ա տվել?: Բայց ավելի ճշմարտանմանն էն ա, որ ուղղակի առել են, տակով են արել ահագին կլորիկ գումար: Իզուր չէ, որ Դավիթ Հարությունյանն ամենահարուստ պաշտոնյաներից ա: Սենց էլ հարստանում են, էլի՝ ատկատով, պասերով,բանով...
5. GB21:17 - 2 մարտի, 2018
People should wait until next year to check, his out of shape fat belly, like the rest of Oligarchic gang families!
6. Արամ11:51 - 7 մարտի, 2018
Ինչ է եղել որ. մինչև այսօր էին անում միայն արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներին:Իսկ իրենք ինչով են պակաս դատապարտյալներից որ իրենց չանեն...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։