Շաբաթ, 22 սեպտեմբերի

Բարձրագույն դատական խորհրդի անդամները ընտրվեցին․ «Ելք»-ի վստահեցմամբ՝ արդյունքները կեղծվել են



Խորհրդարանի փետրվարի 27-ի նիստում քննարկվում էր բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամների ընտրության հարցը, այսօր պատգամավորները փակ-գաղտնի քվեարկությամբ կատարեցին իրենց ընտրությունը։ ԱԺ Հաշվիչ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց քվեարկության արդյունքները։ ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 98-ը։

Բարձրագույն դատական խորհրդի առաջին անդամի թեկնածու ՍԴ գործող նախագահ Գագիկ Հարությունյանի օգտին քվեարկությանը մասնակցած 98 պատգամավորից կողմ է քվեարկել 96-ը, դեմ՝ 2-ը։

Բարձրագույն դատական խորհրդի երկրորդ անդամի, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի օգտին քվեարկությանը մասնակցած 98 պատգամավորներից, (մեկ քվեաթերթիկ անվավեր է համարվել), կողմ են քվեարկել 90-ը, դեմ՝ 7-ը։

Խորհրդի երրորդ անդամ ԵՊՀ դասախոս Լիպարիտ Մելիքջանյանի օգտին 98 քվեարկած պատգամավորից 82-ը կողմ է եղել,15՝ դեմ, 1՝ անվավեր քվեաթերթիկ է արձանագրվել։

Չորրորդ անդամ փաստաբանական դպրոցի դասախոս Հայկ Հովհաննիսյանի օգտին 98 պատգամավորից 86-ը կողմ է քվեարկել, 11-ը՝ դեմ, արձանագրվել է մեկ անվավեր քվեաթերթիկ։

Բարձրագույն դատական խորհրդի հինգերորդ անդամ, փաստաբանների պալատի անդամ Սերգեյ Մեղրյանի օգտին կողմ է քվեարկել 87 պատգամավոր, դեմ՝10, արձանագրվել է մեկ անվավեր քվեաթերթիկ։

Բարձրագույն դատական խորհրդի անդամները շնորհակալություն հայտնեցին խորհրդարանին, ապա երդվեցին «ապահովելով օրենքի գերակայությունը` երաշխավորել դատավորների  և դատարանների անկախությունը։

Քվեարկության արդյունքների ներկայացումից հետո «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը վարման կարգով հայտարարեց, որ քվեարկության արդյունքները կեղծվել են։ Փաշինյանը վստահեցրեց, որ քվեարկությանը մասնակցած «Ելք»-ականները դեմ են քվեարկել Գագիկ Հարությունյանին և Գևորգ Դանիելյանին, ուստի չէր կարող լինել երկու դեմ։

«Սա համարում եմ քաղաքական մեծամասնության կողմից մանր ժուլիկություն՝ ուղղված «Ելք»-ի դեմ»,-ասաց նա։

Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը արձագանքեց՝ հանձնաժողովի բոլոր անդամները մասնակցել են քվեարկությանը, ապա հաշվառման ամբողջ գործընթացին։

«Բոլորը միաձայն ստորագրել են արձանագրությունը, այնպես որ անհիմն հայտարարությունների կարիքը չկա», - ասաց նա։

Հանձնաժողովի «Ելք» խմբակցության անդամ Լենա Նազարյանն ասաց՝ հաշվարկին մասնակցել է, բայց չի կարող վստահեցնել, որ դեմ քվեարկած քվեաթերթիկները հետագայում չեն փոխարինվել կողմով։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պահանջում են վերահաշվարկ կատարել և վերացնել դռնփակ ռեժիմով քվեաթերթիկները հաշվելու գործընթացը՝ առաջարկելով, որ այդ գործընթացը լինի լրագրողների ներկայությամբ։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ անվերապահորեն վստահում են հանձնաժողովի իրենց անդամներին, ուստի կարող են վերահաշվարկ կատարել, որպեսզի «մանիպուլյացիաներ չլինեն»։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց՝ թե՛ Գագիկ Հարությունյանի, թե՛ իրենց համար էական չէ՝ կողմ ձայները կլինեին 96, թե օրինակ 80, ուստի եթե ցանկանում են՝ կարող են վերահաշվարկ կատարել։

Տեղեկացնենք, որ բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունըԱյս մարմնի ստեղծումը նոր Սահմանադրության պահանջն է։ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից, խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից, իսկ մյուս հինգ անդամներին ընտրում է խորհրդարանը։

Բարձրագույն դատական խորհրդում պետք է ընդգրկվեն դատավորներ` բոլոր ատյանների դատարաններից: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատարանի նախագահ կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ: Ազգային ժողովի կողմից ընտրված բարձրագույն դատական խորհրդի անդամների համար Դատական օրենսգրքով կարող են սահմանվել անհամատեղելիության պահանջներ:

Բարձրագույն դատական խորհրդի լիազորություններն են

1) Այն կազմում և  հաստատում է դատավորների թեկնածուների՝ ներառյալ առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակները։

2) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա՝ ներառյալ առաջխաղացման կարգով նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին։

3) Հանրապետության նախագահին առաջարկում է նշանակման ենթակա դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների թեկնածուներին։

4) Ազգային ժողովին առաջարկում է Վճռաբեկ դատարանի դատավորների և նախագահի թեկնածուներին։

5) Լուծում է դատավորներին մեկ այլ դատարան գործուղելու հարցը։

6) Լուծում է իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու հարցը։

7) Լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

8) Լուծում է դատավորների լիազորությունների դադարեցման հարցը։

9) Հաստատում է իր, ինչպես նաև դատարանների ծախսերի նախահաշիվները և ներկայացնում Կառավարություն` օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար։

10) Օրենքին համապատասխան ձևավորում է իր աշխատակազմը:

2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

3. Օրենքով սահմանված դեպքերում և կարգով Բարձրագույն դատական խորհուրդն ընդունում է ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

4. Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ