HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ախթալայի» կոմբինատի բեռնատարները քանդում են ՀԲ վարկային ծրագրով Շամլուղի վերանորոգված ճանապարհը

Համաշխարհային բանկի 500,8 մլն դրամ վարկային ծրագրով 2008-2009թթ.-ին կապիտալ վերանորոգման է ենթարկվել Ախթալա-Շամլուղ միջհամայնքային 9 կմ երկարությամբ ճանապարհը: Այն «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի կողմից օգտագործվում է հանքարդյունաբերական, արտադրական նպատակներով: Այդ ճանապարհով հանքերից լեռնահարստացման ֆաբրիկա հանքաքար են տեղափոխվում 25-30 տոննա քաշով բեռնատարները: Շամլուղցիները ահազանգում են, որ ծանր բեռնատարների պատճառով ոչ միայն միջհամայնքային ճանապարհն է անանցանելի դարձել, այլև վթարային վիճակում է հայտնվել` Շամլուղն արտաքին աշխարհի հետ կապող ճանապարհի միակ կամուրջը:

Հանքաքարի բացակայության պատճառով արդեն դադարեցված է բաց հանքի շահագործումը, սակայն դրանով ճանապարհը չի թեթևանա ծանր բեռնատարներից: ԼՀԿ-ի արտադրության ծավալը կազմել է 500 հազար տոննա/տարի: Բաց հանքի շահագործումը դադարեցնելուց հետո ընկերությունը բնապահպանության նախարարությանը նախնական գնահատման հայտ է ներկայացրել` իր տարեկան արտադրողականությունը, ըստ ապրանքային հանքաքարի, ստորգետնյա հանքերում նույնքան՝ 500 հազար տոննա/տարի, դարձնելու համար:

«Ախթալայի ԼՀԿ-ի Շամլուղի պղնձի հանքավայրի օգտակար հանածոյի ստորգետնյա եղանակով արդյունահանում» նախնական գնահատման հայտով ընդերքում հանքաքարի պաշարները կազմում են 4,72 մլն տոննա: Ստորգետնյա հանքի ծառայման ժամկետը կազմում է 10 տարի, աշխատանքային ռեժիմը՝ տարեկան 340 օր՝ երեք 6-ժամյա հերթափոխով:

Սա նշանակում է, որ շամլուղցիների համար իրենց` մոտ 10 տարի առաջ վերանորոգված ճանապարհով առաջիկա 10 տարիներին երթեւեկելն անհնարին է դառնալու:

Ստորգետնյա հանքերը գտնվում են Շամլուղ մտնող ճանապարհի եզրերին` բնակելի տներից հազիվ 20 քայլ ներքև: Հանքերի վերևի բնակելի տների բակում մեղվի փեթակներ կան դրված: Ներկայում 5 ստորգետնյա հանքերից աշխատում են 3-ը: Հինգ հանքերից 3-ը գտնվում են հենց Շամլուղի «բերանում»: Գիշերային հերթափոխից հետո հանքաքարը վաղ առավոտյան ստորգետնյա հանքից տեղափոխվում է ճանապարհի սկզբնամաս, որտեղ էլ բարձվում է բեռնատարներին և տեղափոխվում ֆաբրիկա: Անձրևից և քամուց ճանապարհին թափված հանքաքարը տարածվում է շրջակա միջավայրում, իսկ բեռնատարների անվադողերի միջոցով՝ նաև ամբողջ ճանապարհին:

Անձրևների ժամանակ անանցանելի ճանապարհը սպառնալիք է դառնում նաև հանքաքար տեղափոխող բեռնատարների համար:

«2009թ.-ից հետո շամլուղցիներս ունեցել ենք շատ լավ ճանապարհ, որն արդեն 4-5 տարի է՝ վատթար վիճակում է: Նոր կառուցված ճանապարհ էր և շատ լավն էր»,- ասում է Շամլուղի վարչական ներկայացուցիչ Արթուր Աղաբաբյանը: Նրա խոսքով՝ ճանապարհի անբարեկարգ դառնալու հիմնական պատճառը ԼՀԿ-ի հանքաքար տեղափոխող ծանր մեքենաներն են, որոնք, ամռանը տաք ասֆալտի վրայով բեռնված իջնելու ժամանակ, իրենց ծանրության տակ ասֆալտը դեֆորմացնում են: Ճանապարհը ջրահեռացման համակարգ չունի։ Երբ ասֆալտը տեղ-տեղ քանդվում է, ջուրը ասֆալտի մեջ է մտնում, փոսերն ավելի են մեծանում:

«Մեր ճանապարհը որ էս վիճակում է, մեծ պատճառը ԼՀԿ-ն է: Ես կողմ եմ, որ ԼՀԿ-ն աշխատի, բայց ամեն մարդ համայնքին իրեն տված վնասը պետք է հատուցի: Այսպես, իհարկե, չի կարելի շարունակել»,-ասում է Ա. Աղաբաբյանը:

ԼՀԿ-ի ֆաբրիկայի արտադրողականությունը մինչև այսօր ապահովվել է բաց և ստորգետնյա հանքերի զուգահեռ շահագործման շնորհիվ: Ներկայում բաց հանքի պաշարները գործնականում սպառվել են, սակայն ծանր բեռնատարներից ճանապարհը չի թեթևանալու՝ ֆաբրիկայի արտադրության ծավալների անփոփոխ մնալու պատճառով: Բացի դրանից, հանքի տարածքում ԼՀԿ-ն նախատեսել է պահեստավորել ֆաբրիկայի պոչերը:

Շամլուղցի անասնապահ Սուրիկի ասելով՝ եթե Ախթալայի ԼՀԿ-ի ծանր քաշային ավտոմեքենաները նույն տեմպով շարունակեն քանդել ճանապարհը, ապա մի երկու տարի հետո շամլուղցիները էշով էլ չեն կարողանա անցնել այդ ճանապարհով: Շամլուղցիները նաեւ մտահոգված են ճանապարհի կամրջով։ «Անհրաժեշտ է հատուկ հանձնաժողով ուղարկել այդ կամրջի տեխնիկական վիճակը ստուգելու համար: Կամուրջը Շամլուղը կապում է արտաքին աշխարհի և Ախթալայի հետ: Անգամ մարդատար մեքենայով անցնելիս կամուրջը շարժվում է: Մեքենայի մեջ զգում ես կամրջի շարժվելը: Կամրջի վրա ծանր մեքենաների տեղաշարժը պետք է անհապաղ դադարեցնել: Գիշերային ժամերին մեզ մոտ հաճախ ուժեղ մառախուղ է լինում, այդ ժամանակ վատ տեսանելիության պատճառով կարող են արգելապատնեշներ չունեցող կամրջից մեքենաներ գահավիժել ձորը, այդ թվում նաև ԼՀԿ-ի հանքաքար տեղափոխող ծանր բեռնատարները»,- ասում է Գուրգեն Դավթյանը:

Նա ասում է, որ Շամլուղի մուտքի մոտ գտնվող ստորգետնյա հանքի կողքով անցնող ճանապարհին թափված են հանքաքար և արտադրական թափոններ։ «Այդպիսի բան չի լինում, ոնց կարելի է քաղաքի բերանն էդպիսի արտադրական հրապարակ դարձնել։ Ախթալա-Շամլուղ ճանապարհը կառուցված է ոչ այդքան ծանր ավտոմեքենաների շահագործման համար։ Էս ճանապարհը լավ է եղել միայն այն ժամանակ, երբ նոր էին սարքել: Երբ հանքերի ծանր ավտոմեքենաները սկսեցին աշխատել, ճանապարհը սկսեց շարքից դուրս գալ»,- ասում է Գ․ Դավթյանը:

ԼՀԿ-ի հանքի պետ Սամվել Հանիսյանը շահագործվող ստորգետնյա հանքի տարածքում  մեզ հետ զրուցելիս պնդում էր, որ հանքերը ոչ մի վնաս չեն պատճառում ճանապարհին։

Սամվել Հանիսյանը

«Այստեղով զինվորական մեքենաներ էլ են անցնում: Դուք միայն մի կողմն եք գրում, անձրև է եկել, ցեխ է։ Դե մի հատ կանավ ցույց տվեք: Բա էդ համաշխարհային բանկը, որ էս ճանապարհը սարքել է, ինչի չէ էս ճանապարհի ջրահեռացումն էլ սարքել»,- բացատրում էր Ս. Հանիսյանը:

«Հանքի դատարկ ապառները Ախթալա-Շամլուղ մինչհամայնքային ճանապարհի եզրերին թափելու համար Շամլուղ համայնքի թույլտվությունը ունե՞ք»,- հարցրի Ս.Հանիսյանին։ «Ունենք, ոչ չունենք»,-ասաց: Խնդրեցի ցույց տալ. «Հա, բայց հիմա, կարո՞ղ է մոտս է, որ ցույց տամ»,- պատասխանեց նա:  

Նախկին համայնքապետ Լենդրուշ Բեժանյանից տեղեկացանք, որ Շամլուղի ավագանին երբևէ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ին թույլտվություն չի տվել հանքերի դատարկ ապառները  ճանապարհի եզրերին թափելու համար:

«Գնացեք Բուղաքար թաղամասի ճանապարհը նկարեք, հիմա 21-րդ դարն է, ու տեսեք մարդիկ ինչ ճանապարհով են երթևեկում ու էնտեղից նույնիսկ մարդատար մեքենաները կարան կեղտոտեն էս ճանապարհը»,- մեր զրույցին խառնվեց ԼՀԿ-ի անվտանգության պետի տեղակալ Անդրանիկ Կիրակոսյանը:

Վերջինս ասում է, որ ճանապարհը վերանորոգել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը: «Գիտե՞ք՝ որ թվից եմ էստեղ աշխատում, ես չեմ տեսել, որ էստեղ էդ ձեր ասած 2008-2009թթ.-ին ասֆալտապատեն: Դուք մենակ ասեք, էստեղ քանի կմ է ասֆալտապատվել»,- հարցրեց հանքի պետը: Ս. Հանիսյանի ասելով՝ Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ճանապարհին ասֆալտապատման որևէ աշխատանք երբեք չի կատարվել, ճանապարհին մի երկու հատ կարկատան է եղել: «Համաշխարհային բանկի ներկայացուցիչը թող գա, և ինքը ցույց տա, որ 9 կմ էս ճանապարհը լրիվ ասֆալտապատել է: Քամին էլ կարա էս ճանապարհի փոշին բերել: Մեր հանքաքարը ինչ փոշի պետք է ունենա»,- ասում էր Ս.Հանիսյանը:

Վերջինս նույնիսկ չէր ուզում նկատել ճանապարհի եզրին, հանքի առաջ թափված  հանքաքարը: «Եթե հանքարդյունաբերություն չլիներ, ճանապարհը այս վիճակում կլինե՞ր»,- հարցրի:

«Բա ժողովուրդն ի՞նչ կաներ»,- պատասխանեց Ս. Հանիսյանը:

Ախթալա խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի ասելով՝ ԼՀԿ-ի տնօրեն Լյովա Վարդանյանի հետ նախնական պայմանավորվել են գարնանը` եղանակները բացվելուն պես, գոնե Ախթալայի տարածքում ճանապարհի վնասված հատվածները վերանորոգել ԼՀԿ-ի միջոցներով:

Արկադի Թամազյանը

«Մնացած առումով առայժմ ոչ մի մոտեցում չունենք»,- հայտնեց համայնքի ղեկավարը:

Հիշեցնենք, որ նույն ծանր քաշային բեռնատարներով ԼՀԿ-ն Շամլուղի բաց հանք պետք է տեղափոխի նաև ֆաբրիկայից 6,5 կմ հեռավորության վրա գտնվող Նահատակ կիրճի պոչամբարում պահեստավորված պոչերը: Բեռնատարներն անցնելու են նաև Մեծ Այրում-Շամլուղ ճանապարհով: Այս դեպքում նաեւ վտանգվելու է վերջին տարիներին վերանորոգված Ախթալա-Մեծ Այրում ճանապարհը:

Ախթալա ԼՀԿ-ի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը միշտ դրոշակ է դարձնում ԼՀԿ-ում աշխատող 80 շամլուղցիների փաստը, երբ խոսք է գնում շրջակա միջավայրն աղտոտելու, ընդերքը անխնա շահագործելու մասին։ Իսկ Շամլուղը նույնիսկ չունի մանկապարտեզ, մշակույթի տուն, բարեկարգ դպրոց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter