Շաբաթ, 22 սեպտեմբերի

Նախկին պաշտոնյան կարող է զրկվել բարձր կենսաթոշակից․ խորհրդարանը քննարկում է նախագիծը



Խորհրդարանում քննակվում է Կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է պաշտոնաթող անձանց զրկել կենսաթոշակի իրավունքից, եթե վերջինս կենսաթոշակի տարիքի անցնելուց հետո պետական հատվածում աշխատանքի է անցնում։ Նախագծի հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ փոփոխությունները պայմանավորված են 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով։

«Մենք դեռևս 1996 թվականից ունեինք նախագահի վարձատրության մասին օրենք, սակայն հետագայում մի շարք օրենքներ են ընդունվել և նախագահի հետ կապված որոշ հարցեր կարգավորվել են տարբեր օրենքներով․ օրինակ՝ վարձատրության մասին հարցերը կարգավորվում էին պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքով, նախագահի անվտանգության հետ կապված հարցերը՝ հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին օերնքով։ Այս նախագծով առաջարկում ենք ուժը կորցրած ճանաչել նախագահի վարձատրության մասին օրենքը, սպասարկման մասին կարգավորումները տեղափոխել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին օրենք և այդ օրենքի կարգավորման առարկան ընդլայնել»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ առաջարկվում է փոխել նաև օրենքի անունը՝ որպես պաշտոնատար անձանց գործունեության սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենք։

Հաջորդ փոփոխությունն այն է, որ պաշտոնաթող անձը սոցիալական երաշխիքներից կզրկվի այն դեպքում, երբ հետագայում զբաղեցնի այլ պաշտոն։

«Միտքն այն է, որ պետական բյուջեից՝ երկու աղբյուրից նույն անձը չստանա վարձատրություն, մեկը՝ որպես աշխատավարձ, մյուսը՝ որպես կենսաթոշակ»,- ասաց նա։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հղում կատարեց Եվրոպական դատարանի և ՍԴ-ի նախադեպային իրավունքին, ըստ որի՝ կենսաթոշակը մարդու սեփականությունն է։

«Եթե անձը հասել է կենսաթոշակային տարիքի և իրավունք ունի ստանալ այն գումարները, որը տարիներ շարունակ իր աշխատավարձից վճարել է, ի՞նչն է պատճառը, որ մարդուն ասում ենք՝ դուք պետք է ստանաք ավելի ցածր աշխատավարձ, քան կստանայիր կենսաթոշակ։ Մենք մարդուն ասում ենք՝ գնա տունը նստի»,- ասաց նա։

Արդարադատության փոխնախարարն արձագանքեց, որ այդ ամենը հաշվի առնելով էլ դրույթը փոխվում է՝ ի օգուտ կենսաթոշակառուի. «Այսօր գործող օրենքը սահմանափակում էր նախկին հանրային աշխատողներին կենսաթոշակ ստանալ, եթե նա այլ տեղից վաստակ ունի։ Մենք այսօր այդ սահմանափակումը վերացնում ենք, ընդամենը մի սահմանափակում ենք դնում՝ նախկին հանրային աշխատողը պետությունից չի ստանա հանրային ծառայության համար կենսաթոշակը, եթե ընդունվի աշխատանքի հանրային ծառայությունում, մնացած բոլոր ոլորտներում անցնելով աշխատանքի չեն զրկվելու կենսաթոշակից»։

Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն իր ելույթում օրենքի փոփոխությունը դրական գնահատեց․ «Սովորական կենսաթոշակ ստացողին մենք վճարում էինք, բարձր կենսաթոշակ ստացողին չէինք վճարում, հիմա բարձր կենսաթոշակ ստացողին էլ ենք վճարում մի պայմանով՝ պետական համակարգում չպիտի աշխատես, ինչո՞ւ, որովհետև պետական համակարգը կդառնա ծերանոց, և շատ մարդիկ այդտեղից դուրս չեն գա»,- ասաց նա։

Պատգամավորը կոչ արեց նախագծում սահմանադրությանը հակասող կետեր գտնելու դեպքում դիմել ՍԴ, աապա հայտարարեց, որ կենսաթոշակը անձի սեփականությունը չէ․ «Մեզ մոտ կենսաթոշակը սեփականություն է կուտակայինի դեպքում, մնացած դեպքերում սեփականություն չէ, դա օրենսդրորեն չենք ամրագրել. կամ պետք է պայմանները փոխենք, կամ ընդունենք չարիքցներից փոքրագույնը»։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի օրենսդրական նախաձեռնության հարցով ՍԴ դիմած պատգամավորների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը հիշեցրեց ՍԴ որոշումը՝ նկատելով, որ կենսաթոշակն անձի սեփականությունն է։

«Հիմա հետևյալը՝ պաշտոնատար անձը հասել է կենսաթոշակի տարիքի և իրավունքի ուժով դադարեցվել է նրա պաշտոնավարումը, առաջադրվել է, ընտրվել պատգամավոր։ Հիմա կամ պատգամավորի աշխատավարձը պետք է ստանա, կամ կենսաթոշա՞կը»,-հարցրեց պատգամավորը։

«Հարցադրումն ընդունում եմ, բայց ի սկզբանե պետք է վերանայել ամեն ինչը: Այդ դեպքում պետք է հրաժարվենք պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքներից, գնանք սովորական սկզբունքով, էդ դեպքում հարցը կլուծվի։ Ընդունում եմ՝ կենսաթոշակը մարդու սեփականություն է, բայց ի սկզբանե ունենք պայման՝ ասում ենք՝ քո սեփականությունից կարող ես օգտվել, եթե պետական համակարգում չես աշխատում կենսաթոշակի անցնելուց հետո»,-մանրամասնեց ՀՀԿ-ական պատգամավորը։

Նախագիծը քննադատեց նաև ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը՝ նկատելով, որ տրամաբանական չէ օրենքի հիմքում դրված այն մոտեցումը, որ կենսաթոշակի տարիքի անցած պետական համակարգի պաշտոնյաները «վազելով աշխատելու են»։

«Կներեք, բայց եթե ես մասնագիտական կարողություններով ունակ եմ այդ մարմնի առջև դրված խնդիրները լուծելու՝ կաշխատեմ, ունակ չեմ՝ չեմ աշխատի, սա է ճանապարհը»,- ասաց Հարությունյանը։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ