HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում կբացվի առաջին ներառական սրճարանը

Գյումրու Աբովյան ճեմափողոցի սկզբնամասում շատ շուտով կբացվի առաջին ներառական սրճարանը:

«Առաջին ներառական փուռ եւ սրճարան Գյումրիում» ծրագիրն իրականացնում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ն՝ Եվրոպական միության, Ավստրիայի զարգացման համագործակցության եւ Կարիտաս Ավստրիայի աջակցությամբ: Ծրագրի ղեկավար Տիգրանուհի Հակոբյանի փոխանցմամբ՝ այն խրախուսելու է աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը, նպաստելու նրանց ունեցած կարողությունների զարգացմանը:

Մինչ սրճարանի բացումը երիտասարդները խոհարարական հմտություններ են ձեռք բերում բազմակի հաշմանդամություն ունեցող երտասարդների եւ երեխաների «Էմիլի Արեգակ» ցերեկային խնամքի կենտրոնում: 20-ամյա Միքայել Սահակյանը կենտրոնի շահառու է, խոհարարական հմտություններին տիրապետել է կենտրոնի ավագ խոհարար Անահիտ Ավդալյանի ղեկավարությամբ:

Անահիտ Ավդալյանը

«Եթե գնահատելու լինեմ կոնկրետ Միքայելի հաջողությունները՝ որպես խոհարարի, ապա կարող եմ վստահաբար ասել, որ նա տիրապետում է հացթուխի մասնագիտությանը, որը վաղն իրեն «կերակրելու» եւ ինքնուրույնություն է ապահովելու կյանքում,- նշում է Անահիտ Ավդալյանը,- հաց թխելն ու դրանով գումար վաստակելը Միկայի երազանքն է, որ կարողանա ծնողներին պահել եւ ընտանիք ստեղծել: Կարող եմ վստահ ասել, որ իր երազանքի մի մասն արդեն իրականություն է՝ մասնագիտության ձեռք բերումը, դե իսկ մնացածի համար դեռ պետք է ճանապարհ անցնի»:

Միքայել Սահակյանը

Միքայելի մուտքը կենտրոնի խոհանոց եղել է մեկ տարի առաջ: Նախնական պայմանավորվածությամբ տղան պետք է ամեն ինչ աներ խոհանոցում, մինչեւ պարզ դառնար, թե որ ուղղությամբ է առավել հմտանալու: Անահիտը հիշում է, որ Միքայելի հետ ծանոթության պահին ինքը զբաղված էր հացաթխման պրոցեսով, եւ պատանու բուռն հետաքրքրությունը խոհանոցում առավելապես դրսեւորվել է ալյուրի ու խմորի նկատմամբ: «Ինքն անընդհատ ձեռք էր տալիս, փորձում էր ինքն էլ որեւէ կերպ մասնակցություն ունենալ, ու կարելի է ասել էդպես կանխորոշվեց Միքայելի մասնագիտական ընտրությունը: Ծնողներն էդ օրը շատ մեծ դժվարությամբ նրան տուն տարան»,- հիշում Անահիտը:

Բնածին զգուշավորությունը, կոկիկությունն ու կարգապահությունը Միքայելին շատ են օգնում իր մասնագիտության մեջ: Անահիտն ասում է, որ ամենամեծ փորձությունը եղել է վառվելու, ջերմության հանդեպ եղած վախը, որ միացյալ ուժերով հաղթահարել են: «Միքայելը շատ ուշադիր է ձեռքերի նկատմամբ, որ հանկարծ մի բան չլինի, չվառվի, ինքը վախենում է տաքությունից: Մի կողմից դա լավ է էն իմաստով, որ ես եմ հանգիստ՝ իր հետ ոչինչ չի պատահի, մյուս կողմից էլ վառարանից հացը հանելու խնդիր կար, որ ինքը պիտի սովորեր անել ինքնուրույն: Բայց ասեմ, որ դա արդեն հաղթահարված է ու էդ պրոբլեմն էլ չկա»,- Անահիտն ու Միքայելը ժպտում են վերջին բառերի վրա, տղան անգամ չարաճճիորեն աչքով է անում:

Գյումրու նորաբաց ներառական սրճարանում աշխատելու են բացառապես հաշմանդամություն ունեցող երիտասարդներ: Նրանք տեղում թխելու են եւ մատուցելու: Հաճախորդները կկարողանան համտեսել թարմ հաց, թխվածքների զանազան տեսակներ եւ երիտասարդների կողմից աճեցրած խոտաբույսերից պատրաստված թեյ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter