Շաբաթ, 22 սեպտեմբերի

Ուրցաձորի գյուղապետարանում քննարկում էին գյուղապետի դստեր կավի հանքավայրի հայտը


Արարատի մարզի Ուրցաձոր համայնքում երեկ նախատեսված էին հանրային քննարկումներ: «Ռաուռ» ՍՊԸ-ն կավային ապարների երևակման տարածքում ուզում է ուսումնասիրություններ իրականացնել, և դրա համար շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի քննարկումներն էին անցկացնում: 

Գյուղապետարան ժամանեց Բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետ Զարուհի Զուռնաչյանը, ավելի վաղ եկել էր նաև «Ռաուռ» ՍՊԸ-ի տնօրեն Հայկուհի Անդրեասյանը: Ընդհանուր առմամբ, հանրային քննարկմանը 9 անձ էր մասնակցում:

Ուրցաձոր համայնքը խոշորացման արդյունքում ձևավորվել է Ուրցաձոր, Շաղափ և Լանջանիստ գյուղերի միավորումից: Ուրցաձորում շուրջ 3000 բնակիչ է ապրում: 

23-ամյա Հայկուհի Անդրեասյանը Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի դուստրն է: Նաև ընկերության բաժնետերերից մեկը: «Ընկերության ներկայացուցիչ»,- իր դստերը ներկայացրեց համայնքապետ Անդրեասյանը: 

Հայկուհի Անդրեասյանը մինչ հանրային քննարկումները փոքր-ինչ ներկայացրեց իրեն. սովորում է Կառավարման ակադեմիայի Իրավագիտության բաժնի մագիստրատուրայում, իսկ մինչ այդ սովորել է ԵՊՀ-ի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում: 

Ռաֆիկ Անդրեասյանն իր վարքով  փորձում էր ցույց տալ, թե այդ ընկերության և հետագա գործունեության հետ որևէ առնչություն չունի, դուստրն է դրանով զբաղվում: «Համայնքին փող տալո՞ւ եք»,- հարցրեց համայնքապետն իր դստերը: 

Ուրցաձորի կավային ապարների երևակման տարածքը գտնվում է Ուրցաձոր գյուղից մոտ 1,5 կմ դեպի հյուսիս և Շաղափ գյուղից մոտ 7,5 կմ հյուսիս֊արևմուտք: Մոտակա բնակավայրերն են Գոռավան, Դաշտաքար գյուղերը և Վեդի քաղաքը, որը գտնվում է երևակման տարածքից 9 կմ հեռավորության վրա: Երևակման տարածքից 500 մ հեռավորության վրա հոսում է Վեդի գետը, մոտակայքում է նաև Վեդի գետի ձախակողմյան Շաղափ սելավ վտակը:

Նախագծողները վստահ են, որ ջրային ռեսուրսների աղտոտում տեղի չի ունենա, քանի որ տեղամասի տարածքում գրունտային ջրերը բացակայում են, իսկ երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների տեխնոլոգիայով արտահոսքեր չեն նախատեսվում: 

15 րոպե տևած հանրային քննարկմանը, երբ հարցեր էին հնչում, գյուղապետը միջամտում էր: «Տարածքը դեպի հյուսիս-արևելք գտնվող մասն է, կիսաանապատային գոտի է,- արդարացրեց Ռաֆիկ Անդրեասյանը,- կավի արտադրությունն իր մեջ ոչ մի տեսակի թունաքիմիկատներ չի պարունակում, ընդամենն արդյունահանում է, դրանք իրենից վտանգ ներկայացնող գործունեություն չեն պարունակում, ոչ Ամուլսարի նման է, ոչ Ջերմուկի»: 

Ըստ Հայկուհի Անդրեասյանի` իրենց նպատակը նաև համայնքին օժանդակություն ցուցաբերելն է: Ասաց, որ համայնքապետրանի հետ համատեղ մտածել են, որ վատ չէր լինի, եթե համայնքապետարանում լիներ նաև կավի խմբակ, որտեղ երեխաները կարողանային իրենց հմտությունները ցույց տալ և գյուղի մշակութային կյանքն ակտիվացնել: Հայկուհի Անդրեասյանը նշեց, որ բացի նրանից, որ տեղացիներն են աշխատատեղի հնարավորություն ունենալու, նաև հարակից համայնքների բնակիչները կընդգրկվեն:

Մեր հարցին, թե քանի աշխատատեղի մասին է խոսքը` 10, 20, 30, թե ավելի, Հայկուհի Անդրեասյանը դժվարացավ պատասխանել. «Կոնկրետ հիմա աշխատատեղի մասին խոսելը ես կարծում եմ, որ վաղ է: Բայց որ կլինեն աշխատատեղեր, դա հաստատ,- ասաց նա,- եկեք ես թվերից խուսափեմ, դա մեզ կթելադրի մեր շուկան»: 

Հայկուհի Անդրեասյանը նշեց, որ կավի արդյունահանումն իրականացնելու դեպքում այն Հայաստանի տարածքում է իրացվելու, սակայն կրկին դժվարացավ հստակեցնել` ինչի համար է այն հատկապես օգտագործվելու:

«Շուկան ինչ-որ չափով ուսումնասիրել ենք, բայց, երբ որ իրականացնում ես գործունեություն, էդ գործունեության ընթացքում շատ ժամանակ ծագում են այնպիսի բաներ, որ դու դրա մասին նույնիսկ կարող էիր չմտածել: Եկեք հիմա չխոսենք դրա մասին, ուղղությունը տանենք բնապահպանության և այդ կետի վերաբերյալ, որը որ այսօրվա մեր նպատակն է: Դեռ դրանց մասին խոսելը վաղ է»,- ասաց նա: 

Ուրցաձորի երևակման տարածքից 5 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցը: Համաձայն նախագծի՝ բուն երևակման տարածքում չեն նշվել բուսական և կենդանական տեսակներ, որոնք ներառված են ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքերում: Երևակման տարածքի հողերը Ուրցաձոր համայնքի հողերի կադաստրային քարտեզներում նշված են որպես արոտավայրեր: 

Մեր հարցին, թե արդյոք նախագծում նշված պնդումը, որ Կարմիր գրքում գրանցված որևէ բուսակենդանատեսակ չկա նախատեսված տարածքում, համապատասխանում է իրականությանը և ստուգել է ԲՆ-ն, Զարուհի Զուռնաչյանը պատասխանեց, որ նախագծի պատասխանատուն նախագծող կազմակերպությունն է, և նրանք էլ ուսումնասիրել են տարածքը:

«Էս գյուղի սաղ զոքանչներն էդտեղ ֆռֆռում են, էդտեղ բան կաճի՞, այ ցավդ տանեմ»,- փորձեց կատակել գյուղապետ Անդրեասյանը՝ նկատի ունենալով դաշտերում բանջար հավաքողներին:

33 հուշարձան կա գյուղում, սակայն նախագծողները վստահ են, որ դրանք գտնվում են Ուրցաձորի երևակման տարածքից զգալի հեռավորությունների վրա, հետևաբար տեղամասի շահագործումը չի կարող բացասաբար անդրադառնալ պատմամշակութային հուշարձանների վրա: 

Վերջում համայնքապետն ասաց, որ եթե այլ հարցեր չկան, ապա իրենք դեմ չեն կավի հանքի ուսումնասիրությանը, սակայն եթե ուսումնասիրության ընթացքում ինչ-որ հնություն, հուշարձան, բնակատեղի, խանգարող հանգամանք լինի, համայնքին կտեղեկացնեն, իրենք էլ կկասեցնեն այդ աշխատանքները: 

Հայկուհի Անդրեասյանին հարցրինք, թե ով է իր հետ կիսում ընկերության բաժնեմասը, և որքանն է իր մասնակցությունը, պատասխանեց, որ չի ցանկանում այլ հարցերի անդրադառնալ, քանի որ այլ նպատակով են այսօր հավաքվել: «Ես չեմ ցանկանում նշել»,- ասաց նա: 

Այդուհանդերձ, համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի` գյուղապետի 23-ամյա դուստրը ընկերության 50% բաժնեմասի սեփականատերն է, մյուս կեսը Արարատում գրանցված Պարգև Սամվելի Մուրադյանինն է: 


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։