Կիրակի, 23 սեպտեմբերի

«Ելք»-ը պահանջում է փաստաթուղթ, որ Արմեն Սարգսյանը վերջին 6 տարիներին միայն ՀՀ քաղաքացի է հանդիսացել



Խորհրդարանում քննարկվում է հանրապետության նախագահի թեկնածուի ընտրության հարցը։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց նախագահի միակ թեկնածու Արմեն Սարգսյանի կենսագրությունը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, դիմելով Վահրամ Բաղդասարյանին, հետաքրքրվեց Սարգսյանի քաղաքացիության խնդրից՝ հարցնելով, թե ինչու փաստաթղթերը պատշաճ կերպով ներկայացված չեն:

«Ուզում եմ ձեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մամուլում տպվել են բազմաթիվ հրապարակումներ, որոնք անուղղակիորեն, երբեմն նաև ուղղակիորեն վկայում են, որ պարոն Սարգսյանը մինչև 2014 թվականը եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի։ Իհարկե, պարոն Սարգսյանն այդ թեմայով բանավոր հայտարարություններ է արել, բայց կա շատ պարզ լուծում՝ արդյոք ձեռքի տակ ունե՞նք փաստաթուղթ, թե պարոն Սարգսյանը երբ է հարաժարվել Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից, երբ է Բրիտանիայի օրենսդրության համապատասխան ուժի մեջ մտել։ Այս պահին մեր ձեռքի տակ նույնիսկ չկա փաստաթուղթ, որ Արմեն Սարգսյանը հանդիսանում է ՀՀ քաղաքացի, վերջին 7 տարում մշտապես բնակվում է ՀՀ-ում»,- ասաց նա։

Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց, որ Արմեն Սարգսյանի հայտարարությունները հիմնավորված են փաստաթղթերով։

«Այն բոլոր փաստաթղթերը, որոնք ձեզ կհետաքրքրի, կտրամադրվեն, եթե ունենաք այլ հարցեր, կարող եք հարցապնդումներ անել պատկան մարմիններին»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։

Փաշինյանը հակադարձեց՝ արդեն մի քանի անդամ դիմել է քարտուղարությանը այն հարցով, թե ինչ փաստաթղթեր են տրամադրվել քարտուղարությանը նախագահի թենածուի կողմից, ինչին ի պատասխան՝ տրվել է թեկնածուի կենսագրությունը և 65 պատգամավորների դիմումը՝ առաջադրման մասին։

«Ես անհապաղ, հենց հիմա խնդրում եմ բոլոր փաստաթղթերը»,- ասաց նա։

«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ներկայացրել է տեղեկանք, ըստ որի՝ մի ՍՊԸ-ի տնօրեններից մեկը լինելու համար առաջնահերթ է քաղաքացիությունը. «2012-2014 թվականներին պարոն Սարգսյանը եղել է այդ ՍՊԸ-ի տնօրենը՝ պարոն Նազարբաևի աղջկա հետ»։

Վահրամ Բաղդասարյանը կրկին ասաց, որ անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացվեն։

«Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր Արտակ Զեյնալյանը շարունակեց գործընկերների հարցապնդումները։

«Համաձայն ՀՀ սահմանադրության՝ նախագահի թեկնածու կարող է լինել 6 տարին բացառապես ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը։ Մենք պիտի իրացնենք մեր ընտրական իրավունքը, և հարկ է, որ որևէ կասկած չլինի դրա օրինականության վերաբերյալ։ Մեր խնդրանքը հետևյալն է՝ փաստաթուղթ տրամադրել բացառապես ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ, պետք է հերքվի Բրիտանիայի քաղաքացի լինելու հանգամանքը։ Այս փաստաթուղթը պետք է հասու լինի նաև ընտրելու իրավունք ունեցող անձանց»,- մանրամասնեց պատգամավորը։

Վահրամ Բաղդասարյանը վստահեցրեց՝ կներկայացնեն այն բոլոր փաստաթղթերը, որոնք պահանջվում են կանոնակարգ-օրենքով։

«Եթե դրանք չեն բավարարի, այլ ելք չունենք, քան ձեզ ուղղորդելու դիմել ՍԴ»,- ասաց Բաղդասարյանը։

Հարցի վերաբերյալ խոսեց նաև ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը․ «Քարտուղարության տիրապետության տակ գտնվող փաստաթղթերում առկա է պատկան մարմնի կողմից տրված տեղեկանք, ընթերցում եմ՝ վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք, որը հավաստում է, որ պարոն Սարգսյանը վերջին 6 տարում ՀՀ քաղաքացի  է և մշտական բնակություն ունի։ Եթե ձեզ հետաքրքրում է, թե իրավասու պետական մարմինը ինչ փաստաթղթերի հիման վրա է տրամադրել այս տեղեկանքը, այդ սուբյեկտը, որին պետք է դիմեք, ԱԺ քարտուղարությունը չէ»,- ասաց Հովհաննիսյանը։

Նիկոլ Փաշինյանը տեղից արձագանքում էր, բայց նրա ձայնը լսելի չէր։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ