Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Eurasia House International-ի կողմից կեղծ տեղեկություն ներկայացնելը օրինազանցություն է. բրիտանական ռեգիստրի պարզաբանումը



Խորհրդարանում քննարկվում է Հայաստանի 4-րդ նախագահի ընտրության հարցը: Ընտրությունը կկայանա վաղը: Միակ թեկնածուն ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների առաջադրած և «Ծառուկյան» խմբակցության աջակցությունը վայելող Արմեն Սարգսյանն է:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը մինչ այժմ չի ներկայացրել փաստաթղթեր, որոնք կապացուցեն իր՝ վերջին 6 տարիներին միայն Հայաստանի քաղաքացի լինելու և Հայաստանում բնակված լինելու հանգամանքները, ինչպես պահանջում է Սահմանադրությունը:

Անդրադառնալով բրիտանական Eurasia House International ընկերության փաստաթղթերի «Հետք»-ի հրապարակմանը, որոնց համաձայն՝ դեռ 2014թ. Սարգսյանը ներկայացել է որպես Բրիտանիայի քաղաքացի, դեսպան Սարգսյանն ասել էր. «Դուք պատկերացնում եք՝ որ Բրիտանիայում հենց որ մեկը հրաժարական տվեց, ամեն տեղից իր անունը հանեցի՞ն»: Այն, որ իր անունը ռեգիստրներում շարունակվել է նշվել «իներցիայով», Սարգսյանն ասել է նաև քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Նա պնդում է, որ 2011 թվականին հրաժարվել է քաղաքացիությունից, և այն փաստաթղթերը, որոնք որ կան համացանցում, դրանք պարզապես այդպես իներցիայով շարունակել են նշել բրիտանական քաղաքացիությունը»,- հանդիպումից հետո ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրեն Սոնա Այվազյանը։

Բրիտանական աղբյուրները գուցե շարունակեին «իներցիայով» բրիտանացի ներկայացնել Սարգսյանին, եթե այդ փաստաթղթերը չներկայացներ հենց իր ղեկավարած ընկերությունը: Companies House-ը, որին հղում էինք արել, ընկերությունների տվյալները ներկայացնում է ոչ թե իր ունեցած աղբյուրներից, այլ ընկերությունների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա: Արմեն Սարգսյանի ստորագրությունն առկա է նույն տարում՝ 2014-ին, ինչպես նաև ընկերության գոյության վերջին տարում (2015թ.) ներկայացրած այլ փաստաթղթերում:

Այս դեպքում արդյոք փաստաթղթերի մի մասը ներկայացվել է «իներցիայով», մյուս մասը՝ ընկերության ներկայացուցիչների կողմից:

Բրիտանական Companies House ռեգիստրից հայտնում են, որ սխալ տեղեկություններ գրանցելու պատասխանատվություն կրում է ընկերությունը: «Մենք մի շարք ստուգումներ ենք իրականացնում՝ համոզվելու համար, որ փաստաթղթերը համապատասխանում են իրավական պահանջներին, բայց չունենք օրենքով սահմանված ուժը կամ կարողությունը՝ ստուգելու ընկերությունների՝ մեզ ուղարկած տեղեկության ճշգրտությունը», - «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ռեգիստրի մամուլի գրասենյակից:

«Հաշվի առնելով այն, որ ներկայացվող տեղեկությունն անցնում է մեր ներքին ստուգումները, մենք ընդունում ենք այն և տեղադրում հանրային գրառումների բաժնում: Փաստը, որ տեղեկությունը տեղադրվել է հանրային գրառումներում, չպետք է ընկալվի որպես վկայություն նրա, որ Companies House-ը ստուգել կամ հաստատել է այն որևէ կերպ: Ընկերությունները պարտավոր են ապահովել, որ ներկայացնում են ճշգրիտ տեղեկություն, և օրինազանցություն է (offence)՝ ընկերությունների ռեգիստրին գիտակցաբար կամ անխոհեմաբար կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկություն ներկայացնելը»,- գրված է Companies House-ի պատասխանի մեջ:

Նշենք, որ բրիտանական ընկերությունների ռեգիստրին դիմելուց բացի, «Հետք»-ը հարցումներ է ուղարկել նաև պետական մարմիններին՝ խնդրելով պարզաբանել Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցը: Պատասխանները կհրապարակենք ստանալուց հետո:

Մինչ այդ, Արմեն Սարգսյանը պնդում է, որ նրանց համար, որոնք երկքաղաքացի են, Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը «պարզ-մեխանիկական» է, այսինքն՝ պատասխանի կամ հաստատման սպասելու կարիք չկա: «Այն պահից, երբ որ դիմում ես քաղաքացիությունից հրաժարվելու, և դա տեղի է ունեցել 2011թ. (դեկտեմբերի 2-խմբ.), դու այլևս կարող ես քեզ համարել, որ էդ երկրի քաղաքացի չես»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ հարցազրույցում ասել է Սարգսյանը և նույն միտքը կրկնել այսօր՝ խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ. «Կրկնակի քաղաքացիություն ունեցող անհատների համար մերժման պրոցեդուրա չկա... և նույնիսկ անհատը չի կարող ինքը հետ կանչել իր դիմումը»:

Լուսանկարում՝ արքայազն Չարլզը և Արմեն Սարգսյանը / eurasiahouse.com


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (3)
1. edik18:11 - 1 մարտի, 2018
3 ժամ · Ըստ Միացյալ Թագավորության կառավարության պաշտոնական կայքի՝ բրիտնական քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում հրաժարվողը ստանում է համապատասխան փաստաթուղթ՝ ‘declaration of renunciation’, որը փաստում է նրա բրիտանական քաղաքացիությունից հրաժրված լինելը: Ստրև հղումը. If accepted you’ll get a ‘declaration of renunciation’ that you can use to show that you’re no longer British. Give up (renounce) British citizenship or nationality - GOV.UK Apply to give up (renounce) your British citizenship or status - ‘declaration of renunciation’ GOV.UK
2. Սուրեն Պետրոսյան00:47 - 2 մարտի, 2018
Հետաքրքիր է ստացվում. եթե մեկը դիմում է քաղաքացիությունից հրաժարվելու և իրեն կարող է դիմելու պահից համարել ոչ քաղաքացի, տեսնես, կարող է անձը իրեն համարել քաղաքացի դիմելու պահից սկսած: Իհարկե՝ ոչ: Դա գործնթաց է, պետք է նախ հաստատվի դու այդ երկրին, կոպիտ ասած, ինչ պարտք ու պահանջ ունես, ինչ կարգավիճակ կունենաս հրաժարվելուց հետո, կամ վերջապես որ երկրի քաղաքացի ես դառնում կամ մնում, ...... Հաստատ Մոլորակի քաղաքացի լինել չես կարող:
3. Հրաչ Պետրոսյան14:52 - 4 մարտի, 2018
Հուսով եմ ԵԼՔ-ը, Հետքը ու այլ ԶԼՄ-ներ նույն նախանձախնդրությամբ կստուգեն Կարեն Կարապետյանի վերջին 4 տարիներին Հայաստանի Հանրապետությունում անընդմեջ բնակված լինելու փաստը, եթե վերջինս ապրիլին առաջադրվի կառավարության անդամ։
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ